Օպերայի հարակից տարածքում ապամոնտաժված սրճարանների մի մասը դեռ չի հասցրել ամբողջությամբ հանել գույքը
Դեռևս նախորդ տարվա վերջին քաղաքապետարանը հայտարարել էր, որ պատրաստվում է քանդել Օպերայի հարակից սրճարանները, որպեսզի տարածքը վերադարձնի նախկին տեսքին՝ կանաչապատի և դարձնի զբոսայգի։
Սրճարանների ապամոնտաժման աշխատանքները մեկնարկեցին մարտի 13-ին, չնայած այդ աշխատանքներն այդքան էլ հարթ չընթացան, քանի որ սրճարանների աշխատողները երկու օր շարունակ բողոքի ակցիա էին իրականացնում Օպերայի տարածքում՝ պահանջելով իրենց տալ որոշակի ժամանակ այլ տարածքում գործունեություն ծավալելու համար։
Թեև բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանության և սրճարանների աշխատակիցների միջև եղան բախումներ, այդուհանդերձ, քաղաքապետարանին հաջողվեց ապամոնտաժել սրճարանների մի հատվածը։
Աշխատանքները վերահսկում էր Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, ով ի պատասխան բողոքների՝ ասում էր, որ Երևանն արդեն տեր ունի, և սրճարանների ապամոտնաժման դեմ բողոքողները դա պետք է գիտակցեն։
Ի դեպ, սրճարանների աշխատողները և տնօրենները պնդում էին, որ սրճարանների ապամոնտաժման հարցում քաղաքապետարանը ցուցաբերում է կողմնապահություն՝ սրճարանների սեփականատերերին բաժանելով «մերոնքականների»՝ ներկա իշխանության ներկայացուցիչների, և «ձերոնքականների»՝ նախկին իշխանության ներկայացուցիչների։
«Ատմասֆերա» սրճարանի սեփականատերերից Էլիզաբեթ Ղազարյանը բողոքի ակցիայի ժամանակ նշել էր, որ այն, ինչ այժմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն անում է Օպերայի հարակից տարածքում՝ շոու է:
««Ջազվե» սրճարանի քանդումն էլ իր համար շոու է, որ վաղը-մյուս օրը Հայկոն չցանկանա քաղաքապետ աշխատել և հրաժարական տա, ինքը նստի քաղաքապետ։ Չի լինելու, ոնց բերել ենք, այդպես էլ հետ ենք տանելու։ Մարդու երեսին թքելն արժե 50 հազար դրամ, ուզում եմ բոլորի առջև այդ գումարը մուծեմ ու թքեմ իր երեսին։ Վիկտոր Մնացականյանը ռեստորան ունի՝ «Երևանյան գիշեր», թող գնա դա քանդի, անտառները կտրել, ռեստորան է սարքել։ Գոնե թողնեն մինչև 2023 թվականն աշխատենք, հետո մենք սրճարանները կքանդենք, կկանաչապատենք ու հետ կտանք հանրությանը։ Դեռ սեպտեմբերին ինձ ասել էին, որ պարոն Մնացականյանն աչք ունի մեր կաֆեի վրա, բայց չհավատացի, հիմա հավատում եմ, որ Մնացականյանը սա «ցելով» է անում, պարոն Մնացականյանը սուտասան է»,- նշել էր Է. Ղազարյանը։
Սրճարանների ներկայացուցիչները նաև պնդում էին, որ Երևանի քաղաքապետարանը, եթե կամք ունի, ապա թող քանդի Գագիկ Խաչատրյանին կամ Սամվել Ալեքսանյանին պատկանող սրճարանները։
Հիշեցնենք, որ սրճարանների ներկայացուցիչները բողոքում էին, որ սրճարանների վարձակալման պայմանագրերի ժամկետը նախատեսված է մինչև 2025, նույնիսկ 2028 թվականները, ուստի քաղաքապետարանն օրենք է խախտում: Սակայն Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ իրենց գործողությունները «100 տոկոս իրավական են», և քաղաքապետարանն առաջնորդվում է միայն օրենքով։
Սրճարանների ապամոնտաժման աշխատանքներից անցել է շուրջ մեկ ամիս, այսօր սրճարանների տեղում մի հատվածում քաղաքապետարանը հավասար հող է լցրել, իսկ մի հատվածում դեռ հողակույտեր են։
Ամբողջությամբ ապամոնտաժված «Ջազզվե» սրճարանն այս ընթացքում դեռ ամբողջությամբ չի հասցրել տարածքից հանել սեփական գույքը: 168.am-ի այցի ընթացքում աշխատակիցները շարունակում էին բեռնատար մեքենայով տեղափոխել սրճարանի գույքը։
Ի դեպ, սրճարանների ապամոնտաժման ժամանակ «Ջազզվեի» համասեփականատեր Արմեն Պողոսյանն իր աշխատակիցներին հորդորել էր դադարեցնել բողոքի ակցիաները և հարցը տեղափոխել իրավական դաշտ։
«Ատլանտիս» սրճարանի գույքը նույնպես ամբողջությամբ հանված չէր, գույքի մի մասը պոլիէթիլենով փակված էր։
«Շոկոլադնիցա» և «Մեղեդի» սրճարանները շարունակում են բնականոն աշխատել:
Իսկ «Ռիչ» սրճարանը, որը պատկանում է գործարար Սամվել Ալեքսանյանին, ինչպես երևում է՝ փորձում է նոր թափով վերսկսել իր աշխատանքները, քանի որ սրճարանը պահանջում է աշխատողներ, հատկապես՝ մաքրուհիներ, որի վերաբերյալ հայտարարությունը մի քանի տեղով փակցված էր սրճարանի հարակից տարածքում։
«Մոնթալ» սրճարանը, որին կից քաղաքապետարանն արդեն հող է լցրել, նույնպես շարունակում է աշխատել: Աշխատակցից հետաքրքրվեցինք՝ շարունակելո՞ւ են աշխատել, թե՞ քաղաքապետարանը քանդելու է սրճարանը: Նա պատասխանեց, որ իրենց որևէ բան չեն ասել. «Մեր սրճարանին ձեռք չեն տվել, մենք աշխատում ենք, չնայած այդ աշխատելն էլ հարաբերական է… առայժմ աշխատում ենք»։
Նշենք, որ «Մոնթալ» սրճարանը մինչև այժմ չի ապամոնտաժվել, քանի որ դրա ապամոնտաժման հիմքերի համար քաղաքապետրանը դիմել է դատարան։
Սրճարանների ապամոնտաժման վերաբերյալ քաղաքացիները տարբեր կարծիքներ ունեն: Նրանց մի մասը կարծում է՝ ամեն ինչ շատ ավելի լավ կլիներ, եթե սրճարանների աշխատողների աշխատանքի հարցը լուծեին, այնուհետև քանդեին, շատերն էլ կարծում են, որ ապամոնտաժումը ճիշտ էր, հասարակության մի մասն էլ անտարբեր է, թե ինչ է կատարվում, ասում են՝ իշխանությունները լավ բան են մտածել:
«Մարդկանց դարձնում են գործազուրկ, հետո այգի են սարքում, որ գան այգում նստեն։ Մեր ամենամեծ խնդիրը սրճարաննե՞րն էին, հիմա որ քանդեցին, մարդիկ լա՞վ են ապրելու»,- մեզ հետ զրույցում նշեց 59-ամյա Անդրանիկը, ով նշեց, որ բնակվում է Ավտոկայանի տարածքում, սակայն 2-3 օրը մեկ գալիս է Օպերայի տարածք՝ տեսնելու, թե սրճարանների փոխարեն ինչ են արել:
«Դե, իմ ուսանող ժամանակ էլ այստեղ սրճարան կար, բայց սուրճը 3-5 կոպեկով էինք խմում, ոչ թե 1000-1200 դրամով»,- ասաց մեր զրուցակիցը։
Զվարթ Խաչատրյան