Աշխարհում առաջին անգամ Սինգապուրում կսկսեն արյան անալիզ անել ստամոքսի քաղցկեղի հայտնաբերման համար
Սինգապուրի բժիշկներն աշխարհում առաջին անգամ կսկսեն ստամոքսի քաղցկեղի հայտնաբերման թեստեր անցկացնել արյան անալիզի օգնությամբ: Ինչպես պատմել է Սինգապուրի ազգային համալսարանի դոցենտ Եո Կհայ Գուանը, մոտ ժամանակներս առողջապահության նախարարությունից սպասվում է ախտորոշման այս տեսակի թույլտվության ստացումը, եւ այն կարող է գործարկվել արդեն մինչեւ տարեվերջ։
«Ստամոքսի քաղցկեղը լռակյաց մարդասպան է, քանի որ շատ դեպքերում այն հայտնաբերում են արդեն ուշ փուլերում, երբ դժվար է որեւէ բանով օգնել հիվանդին»,-նշել է գիտնականը: «Իսկ ախտորոշման նոր տեսակը, որն ավելի օպերատիվ է, եւ այսօրվա դրությամբ եղածներից ավելի էժանը, կկարողանա ուռուցքի առկայությունը ցույց տալ արդեն ամենավաղ փուլերում, երբ հիվանդությունը ենթակա է արդյունավետ բուժման»,-ասել Է Եո Կհայ Գուանը, որն աղեստամոքսային տրակտի ուռուցքային հիվանդությունների ազգային կոնսորցիումում գլխավորում է ինովացիոն չորս նախագծերից մեկը:
Չնայած այն բանին, որ արյան անալիզի հիման վրա ստամոքսի քաղցկեղի ախտորոշման համանման մշակումները հաջողությամբ իրականացվում են նաեւ այլ երկրներում, մասնավորապես, Ավստրալիայում, ԱՄՆ-ում եւ Ճապոնիայում, նմանօրինակ մեթոդները գտնվում են միայն կլինիկական փորձարկումների փուլում: Ստամոքսի քաղցկեղն աշխարհում չորրորդ տեղն է զբաղեցնում չարորակ գոյացությունների թվում. ամեն տարի ախտորոշվում է մոտավորապես 1 միլիոն նոր դեպք: Այս հիվանդությունը մահացության բարձր ցուցանիշներ ունի (տարեկան ավելի քան 700 հազար), ինչն այն թոքերի քաղցկեղից հետո երկրորդն է դարձնում օնկոլոգիական մահացության կառուցվածքում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: