«Հայաստանի հետ պատերազմը դեռևս չի ավարտվել, ավարտվել է միայն առաջին փուլը». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ուժերի զորամաս կատարած այցելության ժամանակ անդրադարձել է մարտի 29-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպմանը՝ ընդգծելով, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ձևաչափը «չի փոխվելու»:

«Վիեննայում կայացած վերջին հանդիպումը կարևոր էր նաև այն առումով, որ վերահաստատեց բանակցային գործող ձևաչափի ուժը»,-ասել է Ալիևը, հայտնում է Tert.am-ը:

Ինչպես նշում է minval.az-ը, Ադրբեջանի նախագահը հավելել է, որ իրենք «կանխել են ՀՀ իշխանությունների՝ բանակցային գործընթացի ձևաչափը փոխելու փորձերը»:

Ալիևի կարծիքով՝ Ադրբեջանի տարածքները «շրջափակվել» են Հայաստանի կողմից, ուստի՝ բանակցությունները պետք է վարել Երևանի հետ:

«Այս հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև է…Բանակցությունները պետք է ընթանան և ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև»,-հայտարարել է Ալիևը:

Ադրբեջանի ղեկավարը նաև նշել է, որ հակամարտության կարգավորման հարցում Բաքվի դիրքորոշումը չի փոխվել և ենթադրում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանում»:

Ալիևն իր խոսքում նաև նշել է, որ Հայաստանի հետ պատերազմը չի ավարտվել, «ավարտվել է միայն դրա առաջին փուլը»:

«Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում: Պատերազմը դեռ չի ավարտվել: Ավարտվել է առաջին փուլը»,-եզրափակել է Ալիևը:

ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը ողջունել է բանակցությունների կառուցողական մթնոլորտը, ինչպես նաև երկու պետությունների ղեկավարների հանձնառությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար ուղիներ փնտրելու ուղղությամբ հետագա քայլեր ձեռնարկելու հարցում:

Մինչդեռ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունում նշվում էր, որ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում և հնարավորություն է ընձեռել երկու ղեկավարների համար պարզաբանել իրենց դիրքորոշումը:

«Երկու ղեկավարներն ընդգծել են խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծման և բանակցային գործընթացում հետագա հստակ և զգալի քայլեր ձեռնարկելու կարևորությունը՝ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով:
Վերհիշելով իրենց զրույցը Դուշանբեում՝ առաջնորդները հաստատել են իրենց հավատարմությունը հրադադարի ամրապնդմանը և անմիջական շփման մեխանիզմների բարելավմանը: Նրանք համաձայնել են նաև հումանիտար ոլորտում մի շարք գործընթացներ զարգացնել:

Վարչապետն ու նախագահը հրահանգել են իրենց նախարարներին կրկին հանդիպել համանախագահների հետ մոտ ապագայում: Նրանք համաձայնել են նաև շարունակել ուղիղ երկխոսությունը», – ասվել է Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս