Շվեդիայի միջազգային զարգացման և համագործակցության նախարար Պետեր Էրիկսոնը կայցելի Հայաստան
Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարար Պետեր Էրիկսոնը մարտի 21-22-ը կայցելի Հայաստան: swedenabroad.se-ն տեղեկացնում է, որ այցին ընդառաջ Շվեդիայի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է ընդլայնել ֆինանսական աջակցությունը Հայաստանին՝ ի գիտություն ընդունելով երկրում ժողովրդավարացման գործընթացը և անհրաժեշտ բարեփոխումների իրականացման համար առկա ուժեղ քաղաքական կամքը, ինչը հետևեց 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը:
«2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ժողովրդավարացման ակտիվ գործընթաց է սկսվել: Մենք տեսնում ենք ուժեղ քաղաքական կամք` անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու, ժողովրդավարության, խոսքի ազատության եւ այլ հիմնարար իրավունքների ու ազատությունների ամրապնդման համար»,-ասել է Պետեր Էրիկսոնը:
Հոդվածում նշվում է, որ Հայաստանի և Շվեդիայի միջև զարգացմանը միտված համագործակցության վերաբերյալ երկկողմ ծրագրի իրականացման մեկնարկը կնշանակի Հայաստանում նախագծերի ֆինանսավորման ավելացում, ինչպես նաև Շվեդիայի աջակցությունը Հայաստանին ավելի թիրախային կդառնա: