Կառավարությունը մեծացնում է ճնշումը. Փոխանակման կետերի և գրավատների բեռը կավելանա 60 անգամ

Ամիսներ շարունակ ընթացող քննարկումներից հետո, ի վերջո, կառավարությունը հավանություն տվեց Հարկային օրենսգրքի այդքան չարչրկված փոփոխությունների փաթեթին։ Թե այն ինչքանո՞վ կբարելավի հասարակության ու տնտեսվարողների կյանքը, դեռ վաղ է ասել։ Ամեն դեպքում, մինչ այժմ ներկայացվող փոփոխություններից դժգոհությունների պակաս չի եղել։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ բազմաթիվ ոլորտներում առաջարկվում են հարկային բեռի ծանրացումներ, երբեմն՝ չափազանց կտրուկ։

Այդ բեռը կրելու են հիմնականում սպառողները կամ, այլ կերպ ասած, քաղաքացիները։ Բայց դա չի նշանակում, թե այն չի անհանգստացնում նաև տնտեսական հատվածի մասնակիցներին։ Հարկային բեռի ծանրացումը բերելու է զանգվածային թանկացումների։ Կրճատվելու է պահանջարկը։

Արդեն հնչում են մտահոգություններ այս կամ այն ոլորտում օրենսգրքի փոփոխությունների ընդունումից հետո գործունեության դադարեցումների վերաբերյալ։ Որոշ տնտեսվարողներ սկսել են ծանուցել աշխատակիցներին հնարավոր փակման վտանգների վերաբերյալ։ Խոսվում է նախատեսվող ներդրումների կասեցումների և դրանցից հրաժարվելու մասին։

Հարկային օրենսգրքի ընդունումով կամ, ավելի կոնկրետ, ակցիզային հարկի փոփոխություններով կառավարությունը պատրաստվում է թանկացնել խմիչքները։ Այս շարքում առաջինը սպիրտային խմիչքներն են։ Գների բարձրացումը բավական կտրուկ է լինելու։

Գրեթե կրկնակի ավելանալու է օղու և էթիլային սպիրտի իրացման նվազագույն գինը`մեկ լիտրի հաշվով՝ 3500-ից հասնելով 6 հազար դրամի։ Կառավարության պատճառաբանությամբ` նախկին գինն այլևս չի լուծում իր խնդիրը, «քանի որ դրա սահմանումից անցել է երկար ժամանակ, իսկ այդ ընթացքում ապրանքների գները նկատելիորեն բարձրացել են»։

Թանկանալու է գարեջուրը։ Կառավարությունը նախատեսում է գարեջրի ակցիզային հարկն ավելացնել 25 դրամով և նախկին 105-ի փոխարեն՝ սահմանել 130 դրամ։ Գրեթե 25 տոկոսանոց այս բարձրացումը չի կարող չազդել իրացման գների վրա։

Թե որքանո՞վ կթանկանա գարեջուրը` ոլորտում գործող ընկերությունները դեռևս չեն շտապում ասել։ Բայց որ այդպես է լինելու, չեն կասկածում։ Սպասվում է, որ գնի բարձրացման հետևանքով կնվազի նաև սպառումը։

Թանկացումից չեն խուսափի ոչ միայն օղին ու գարեջուրը, այլև ոչ ոգելից խմիչքները։ Խոսքը շաքար պարունակող գազավորված հյութերի մասին է։ Թեև չի բացառվում, որ խորհրդարանում այս ցանկն ընդլայնվի, և ներառվեն նաև ոչ գազավորված ըմպելիքները։ Այլապես որևէ տրամաբանություն չկա, թե ինչու պետք է ավելանա միայն գազավորված ըմպելիքների ակցիզային հարկը, եթե, իհարկե, կառավարությունն իսկապես մտածում է սպառողների առողջության մասին։

Այն, ինչ առաջարկվում է, ենթադրում է գազավորված ըմպելիքների գների ընդհուպ մինչև 30 տոկոսանոց բարձրացում։

Թանկացող հաջորդ ապրանքատեսակը լինելու է ծխախոտը։ Այստեղ սպասվում է տարբեր տեսակի սիգարետների գների բարձրացում` 10-15 տոկոսով։

Ի դեպ, դրանք արդեն իսկ սկսել են թանկանալ նաև մինչև Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի ընդունումը։ Սա գործընթաց է, որը նախատեսված էր նաև նախկինում։ Սակայն իշխանափոխությունից հետո կառավարությունը որոշել է ավելացնել թանկացումների տեմպը` փորձելով սպառողների հաշվին փակել այլ ոլորտներում առաջացող բյուջեի հնարավոր կորուստները։ Ակցիզային հարկի բեռի ավելացման հետևանքով ակնկալվող լրացուցիչ բյուջետային մուտքերը վճարելու են հիմնականում քաղաքացիները։

Սակայն խնդիրը միայն ակցիզային հարկով հարկվող ապրանքները չեն։ Կառավարությունը որոշել է լուրջ հարկային բեռ ավելացնել նաև բազմաթիվ այլ ոլորտներում, որոնք ևս ծանրանալու են հասարակության վրա։

Խոսքն առաջին հերթին ֆինանսական ոլորտի որոշ ծառայությունների մասին է, որոնց գործունեության լիցենզիայի գինն առանձին դեպքերում նախատեսվում է բարձրացնել ընդհուպ մինչև մի քանի տասնյակ անգամ։

Կառավարությունն առաջարկում է 60 անգամով ավելացնել արտարժույթի առք ու վաճառքի տարեկան տուրքը։ Եթե նախկինում դրա համար սահմանված էր բազային տուրքի 50-ապատիկը, ապա Հարկային օրենսգրքի փոփոխություններով այն կհասնի 3000-ապատիկի։ Սա նշանակում է, որ փոխանակման կետերի ծառայության գինը կբարձրանա։ Եվ ոչ միայն կբարձրանա, այլև դրանց մի մասը ստիպված կլինի փակվել` չդիմանալով նոր պայմաններին։ Սա տանելու է դաշտի մենաշնորհացման կամ կենտրոնացվածության։ Թե սա ո՞ւմ է ձեռնտու, այլ հարց է։

Կառավարությունը որոշել է ֆինանսական ճնշումը լրջորեն ավելացնել գրավատնային գործունեության վրա։ Նման գործունեություն իրականացնելու համար բազային տուրքը գործող 100-ից կդառնա 6000-ապատիկ։ Այլ կերպ ասած, կբարձրանա 60 անգամ։

Բանկերի բազային տուրքը 3 հազարից կհասնի 7 հազարապատիկի։ Վարկային կազմակերպությունների դեպքում պետտուրքի բարձրացումն ավելի կտրուկ կլինի` գործող 500-ապատիկի փոխարեն՝ առաջարկվում է այն հասցնել 3000-ապատիկի։ Այսինքն` թանկացնել 6 անգամ։

Պետական տուրքի ընդգրկման դաշտը ֆինանսական ոլորտում կհամալրվի նոր գործունեության տեսակներով։ Նախատեսվում է տուրքեր սահմանել բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների վրա։ Դրանք կհասնեն բազային տուրքի 100-ապատիկից մինչև 1000-ապատիկը։

Ցանկը չի սահմանափակվում միայն նշված գործունեության տեսակներով։ Այն ներառում է ֆինանսական ու բանկային ոլորտի նաև այլ ծառայություններ, որոնց պետական տուրքերը կառավարությունն առաջարկում է թռիչքաձև բարձրացնել։

Առաջին հայացքից այս նախաձեռնությունը շատերը գուցե և կարող են ողջունել։ Ֆինանսական հատվածը, հատկապես բանկային համակարգը Հայաստանում տարիներ շարունակ ընդունված է եղել համարել արտոնյալ ոլորտ, որտեղ լուրջ շահույթներ են գեներացվում։ Անկախ նրանից, այդպես է, թե ոչ, այս ծանրացումներից տուժելու են սպառողները։

Ինչպես ակցիզային հարկի, այնպես էլ պետական տուրքերի բարձրացումը լրացուցիչ ֆինանսական բեռ է ոլորտում գործող ընկերությունների համար, որի դիմաց, բնականաբար, ինչ-որ մեկը պետք է վճարի։ Նորություն չէ, որ այդ շղթայում ամենաչպաշտպանված օղակը քաղաքացին է։

Ուստի պետք է ենթադրել, որ Օրենսգրքի փոփոխություններով առաջիկայում սպառողի վրա սպասվում է թանկացումների բավական մեծ ճնշում։ Այն կմեծանա նաև ԵԱՏՄ-ում երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքերի նախատեսվող բարձրացումների հետևանքով։

Առայժմ հայտնի չէ, թե այդ դրսևորումներին ի՞նչ է պատրաստվում հակադրել կառավարությունը` հասարակության հատկապես ցածր եկամուտներ ունեցող խմբերի սոցիալական վիճակի վատթարացում թույլ չտալու համար։ Ի տարբերություն հարկային ծանրացումներին, խոսքը չկա աշխատավարձերի կամ սոցիալական մյուս վճարների ավելացման մասին։ Դա չի լինելու առավել ևս այն պարագայում, եթե չարդարանան Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված ակնկալիքները։ Իսկ որ դրա հավանականությունը մեծ է, վկայում է տնտեսվարողների շրջանում սկսված խուճապը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս