ԱԺ հանձնաժողովը գյուղատնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ առաջարկներ է ստացել ոլորտի ներկայացուցիչներից
Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը գյուղատնտեսության ոլորտի խնդիրները քննարկել է համայնքապետերի, ֆերմերային եւ ջերմոցային տնտեսությամբ զբաղվող մասնագետների, հասարակական եւ բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների հետ: Ոլորտի ներակայացուցիչները մարտի 4-ին հանձնաժողովի նիստում ներկայացրել են բազմապիսի խնդիրներ:
Շուրջ 4 տասնյակ հրավիրվածները ներկայացրել են բազմապիսի խնդիրներ, որոնցից շատերը նոր չեն եւ դրանց լուծման համար անհրաժեշտ է էական բարեփոխումներ իրականացնել, ունենալ պետական համապատասխան քաղաքականություն:
Որպես խնդիրներ նշվել են չօգտագործվող հողերն ու դրանց դեգրադացիան, հողերի ագրոքիմիական կազմի ուսումնասիրման անհրաժեշտությունը, օրգանական եւ ջերմատնային գյուղատնտեսության զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, թռչնաբուծության ու անասնապահության զարգացումը խոչընդոտող հանգամանքները, ոռոգման համակարգի մաշվածությունը, գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիների իրավական պաշտպանվածության անհրաժեշտությունը:
Մասնագետները խոսել են նաեւ ներկրվող սննդամթերքի որակից եւ մտահոգություն հայտնել դրանցում առկա որոշ քիմիական նյութերի անթույլատրելիության կապակցությամբ: Նշվել է, որ հանրապետությունում քաղցկեղային հիվանդությունների զգալի աճը պայմանավորված է նաեւ ներկրվող սննդամթերքով:
Ամփոփելով քննարկումը՝ հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը եւ փոխնախագահ Սերգեյ Բագրատյանը տեղեկացրել են, որ նմանատիպ խնդիրներ քննարկելու նպատակով կձեւավորվեն աշխատանքային խմբեր, որոնցում ներգրավված կլինեն նաեւ այսօրվա զեկուցողներից: