«Որևէ այլ երկիր չպետք է հնարավորություն ստանա ծանոթանալու այդ տվյալներին». Կարեն Վրթանեսյանը՝ «Դիտակետ» ծրագրին վրացական ընկերության հնարավոր մասնակցության մասին
Դեռևս 2017 թվականին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ պաշտպանության ոլորտի արդիականացման և բարեփոխումների շրջանակում ներդրվեց «Դիտակետ» սոցհարցումների ծրագիրը:
Հիշեցնենք, որ ըստ «Դիտակետ» ծրագրի՝ ժամկետային զինծառայություն անցած և զորացրված երիտասարդների հետ իրականացվում են սոցիոլոգիական ելքային հարցումներ՝ հայկական բանակում առկա հիմնախնդիրները վերհանելու և բարեփոխումներ իրականացնելու նպատակով։
Նախապես այդ ծրագիրն իրականացնում էր հայկական «Բրևիս» ընկերությունը, որի մասնագետներն այցելում էին զորացրված երիտասարդներին և պլանշետների միջոցով իրականացնում դեմ առ դեմ հարցումներ՝ զորացրումից հետո 1-4 ամսվա ընթացքում։
Օրերս համացանցում օգտատերերից մեկը հարց էր ուղղել ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին՝ նշելով, թե ինչու են «Դիտակետի» մրցույթին թույլ տվել մասնակցելու նաև վրացական հետազոտական ընկերությանը.
«Ըստ ծավալվող իրադարձությունների՝ մեծ է հավանականությունը, որ տենդերը հենց իրենք էլ կշահեն։ Ուզում եմ հասկանալ` որքանո՞վ է անվտանգ մեր զորամասերի, զինծառայողների մասին հավաքվող էդ մեծ ինֆորմացիայի տրամադրումը 2-րդ երկրի ինչ-որ ընկերության»,- նշել էր ֆեյսբուքյան օգտատերը։
Ի պատասխան այս հարցմանը, Արծրուն Հովհաննիսյանը նշել էր, որ այդ հարցը պահելու է իր ուշադրության կենտրոնում, և անհրաժեշտ է դեռևս սպասել. «Կարծում եմ՝ մրցույթն ունի հստակ պայմաններ անվտանգության ապահովման հարցում»:
168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ է անվտանգ, երբ զորացրված հայ զինծառայողների հետ, հնարավոր է՝ հարցումներ անցկացնի օտարերկրյա հետազոտական ընկերություն, պատասխանեց.
«Ես չգիտեմ, երբևէ որևէ օտարերկրյա ընկերություն մասնակցե՞լ է այդ մրցույթին, թե՞ ոչ, եթե մասնակցել է, ապա շատ վատ է, քանի որ բավականին խորքային հետազոտություններ ու հարցազրույցներ են։ Կարծում եմ՝ որևէ այլ երկիր, անկախ այն հանգամանքից՝ դաշնակից է, թե ոչ, չպետք է հնարավորություն ստանա ծանոթանալու այդ տվյալներին, թեկուզ հատվածաբար»։
Հարցին՝ եթե մրցույթում հաղթի օտարերկրյա ընկերությունը և հարցումներ անցկացնի, կա՞ն երաշխիքներ, որ հարցման արդյունքները կպահվեն գաղտնի, մեր զրուցակիցը պատասխանեց, որ այդ հարցին պետք է պատասխանի այդ գաղափարի հեղինակը։
Զվարթ Խաչատրյան