Բաժիններ՝

Օրբելյանը՝ Grammy-ի, Խվորոստովսկու և օպերային թատրոնի պրեմիերաների մասին

Opera News-ը նրան բնորոշում է իբրև մի դիրիժորի, որի մասին երգիչը կարող է միայն երազել: ՌԴ վաստակավոր արտիստ, դիրիժոր, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը կրկին «Grammy»-ի հավակնորդ է: Այս տարվա փետրվարի 10-ին ԱՄՆ-ում տեղի է ունենալու «Grammy» 61-րդ մրցանակաբաշխությունը, որի «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում առաջադրված է նաև Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի ձայնագրությունը՝ Օրբելյանի ղեկավարությամբ: Ինքնատիպ այդ ձայնագրության մեջ հնչում է նաև Օրբելյանի բարեկամներից լուսահոգի Դմիտրի Խվորոստովսկու ձայնը: Մինչև մրցանակաբաշխությունն «Արմենպրես»-ն իր հեղինակային #CultTalk նախագծում զրուցել է մաեստրոյի հետ ոչ միայն բաղձալի «Grammy»-ի, այլև օպերային թատրոնի վերելքի, նախագծերի ու այլ ծրագրերի շուրջ:

«Grammy»-ն և «Ռիգոլետտո»-ն

«Ռիգոլետտո»-ն լույս է տեսել Delos Productions-ի կողմից, սկավառակի տարածումն աշխարհում իրականացնում է Naxos Records ընկերությունը: Վերդիի «Ռիգոլետտո»-ն ամենահայտնի և ճանաչում վայելող օպերաներից է: Դմիտրի Խվորոստովսկու մեկնաբանությամբ այն հնչել է աշխարհի հռչակավոր օպերային թատրոններում, ինչպիսիք են Լոնդոնի թագավորական օպերային, Վիեննայի պետական օպերային, Նյու Յորքի Մետրոպոլիտեն և այլ թատրոններում, արժանացել քննադատների բարձր գնահատականին և մեծ հաջողություն ունեցել:

Երբ Դմիտրիի մոտ 2015 թվականի հունիսին գանգուղեղի քաղցկեղ ախտորոշեցին, նա ինձ տեղեկացրեց, որ մի շարք ձայնագրություններ է ցանկանում կատարել՝ քանի դեռ կարողանում է երգել: «Ռիգոլետտո»-ն դրանցից մեկն էր:

Ձայնագրությանը մասնակցել են Կաունասի քաղաքային սիմֆոնիկ նվագախումբը և Կաունասի պետական երգչախումբը, ինչպես նաև երգիչներ Նադին Սյեռան, Ֆրանչեսկո Դեմուրոն, Օկսանա Վոլկովան, Անդրեա Մաստրոնին: Պետք է ասեմ, որ Դմիտրիից և ինձնից բացի, «Grammy»-ի են առաջադրվել նաև Նադին Սյեռան և Ֆրանչեսկո Դեմուրոն, ինչպես նաև պրոդյուսերներ և ձայնային ռեժիսորներ Վիլիուս Կեռասը և Ալեքսանդրա Կերիենեն:

Խվորոստովսկու հանճարը

Խվորոստովսկու նման հանճարի հետ աշխատանքը բոլոր առումներով այլ էր՝ նրա աշխատանքային էթիկան, էներգիան, պրոֆեսիոնալիզմը…Նա հիանալի գործընկեր էր, մեծ պատիվ էր 20 տարի շարունակ կանգնել նրա կողքին նույն բեմում: Պետք է ասեմ, Դմիտրին ևս մեկ ձայնագրության մասին էր երազում։ Նա միշտ ցանկացել էր կատարել Բորիս Գոդունովի դերերգը (օրիգինալ տարբերակը գրված է բարիտոնի համար): Մենք պլանավորել էինք Մուսորգսկու գլուխգործոցը ձայնագրել Մարիինյան թատրոնի արտիստների հետ՝ 2017 թվականի փետրվարին: Ցավոք, Խվորոստովսկու երազանքն այդպես էլ անկատար մնաց․․․

… Դմիտրին անփոխարինելի է պրոֆեսիոնալ և մարդկային առումներով: Նա ինձ հանդիպած ամենահրաշալի մարդկանցից էր: Մենք ոչ միայն գործընկերներ էինք, այլև իսկական ընկերներ: Ես նրա ընտանիքը ու երեխաներին իմ ընտանիքի ու երեխայի նման եմ սիրում:

Ոչինչ չեմ ակնկալում

Իրոք, շատ, չափազանց հաճելի է առաջադրվել «Grammy»-ի նման հեղինակավոր մրցանակի «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում: Բայց իմ տարիքը և խելամտությունը ստիպում են հանգիստ վերաբերվել դրան և չակնկալել որևէ բան: Սակայն, եթե հանկարծ այնպես ստացվի, որ մենք փետրվարի 10-ին արժանանանք «Grammy»-ի մրցանակի, յուրատեսակ հարգանքի տուրք կլինի Դմիտրիի տաղանդին և նրա թողած ժառանգությանը, ինչպես նաև պատիվ՝ ձայնագրությանը մասնակցած բոլոր բացառիկ երգիչների համար:

…Այս տարի ես մրցանակին առաջադրված միակ հայ դիրիժորը չեմ: Իմ գործընկեր, Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Ֆիթեր Ունջյանը ևս առաջադրված է՝ «Լավագույն դասական հավաքածու» անվանակարգում: Լավ չեմ ուսումնասիրել բոլոր անվանակարգերում առաջադրվածների անունները, հնարավոր է նրանց մեջ մեկ այլ ևս հայկական ազգանուն լինի: Անցյալ տարի առաջադրվել էր նաև մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ինչպես նաև ես՝ կրկին «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում:

Օպերային թատրոնի նոր շունչը

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում փետրվարի 25-ին պլանավորում ենք Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի երևանյան պրեմիերան: Բեմադրությունը կատարել է տաղանդավոր իտալացի օպերային բեմադրիչ Պաոլո Միչիկեն, իսկ զգեստները ձևավորել է Ալբերտո Սպիացին: Փետրվարի 21-ին կներկայացնենք Վերդիի «Աթթիլա» օպերան՝ համերգային կատարմամբ: Նախատեսում ենք նաև ներկայացնել Ռոսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» օպերան՝ համերգային կատարմամբ, Բելինիի «Նորմա» օպերան, ինչպես նաև բեմադրելու ենք Վաչե Շարաֆյանի «Հին աստվածներ» բալետը, Վարդան Աճեմյանի «Կիկոսի մահը» և Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերաները: Իհարկե, ամեն ինչ կախված է նաև ֆինանսական հնարավորություններից:

Այս տարի ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությամբ կներկայացվի նաև Բերնսթայնի «Վեսթսայդյան պատմություն» մյուզիքլը: Խորհրդային տարիներին այս ստեղծագործության ի առաջին կատարումը տեղի է ունեցել հենց Երևանի օպերային թատրոնում՝ 1963 թվականին: Ափսոս, որ այդ բեմադրության լուսանկարները ու այլ նյութեր չեն պահպանվել:

Ինչ վերաբերում է հյուրախաղերին, ապա ինքներդ էլ հասկանում եք, որ նման մեծ խմբերի համար հյուրախաղերը կազմակերպվում են երկարատև ժամանակահատվածում: Այս պահին քննարկումներ են ընթանում Միացյալ Թագավորությունում, ԱՄՆ-ում, Եվրոպայի և Ասիայի տարածաշրջաններում հանդես գալու վերաբերյալ: Տեսնենք՝ ինչ կարող ենք անել։ Եվ կրկին այդ ամենը ֆինանսների հետ է կապված:

Առաջին անգամ՝ օպերային թատրոնում

1970 թվականի հունիսին, երբ 14 տարեկան էի, առաջին անգամ եղա Երևանի օպերային թատրոնում: Մորս հետ Կալիֆորնիայից առաջին անգամ Հայաստան էինք եկել: Ինձ համար շատ կարևոր և զգացմունքով լի այց էր: Առաջին անգամ հանդիպեցի իմ հորեղբորը՝ Կոնստանտին Օրբելյանին և մորական տատիս՝ Զինաիդա Վոզնեսենսկայային: Մայրս իր մորը չէր տեսել 1945 թվականից, այն ժամանակվանից, երբ նրանք բաժանվել էին Գերմանիայում, իսկ տատիկիս ու պապիկիս ստիպել էին գերմանական ճամբարներից տեղափոխվել Ուկրաինա: Ինձ համար շատ հետաքրքիր էր նաև դիտել Հայաստանի պետական էստրադային նվագախմբի փորձերը՝ հորեղբորս ղեկավարությամբ:

Իմ սիրելի հորեղբայրն ինձ միշտ ասում էր. «Երբեք ոչ մեկի մի լսիր, ինքդ մտածիր և արա այնպես, ինչպես սիրտդ քեզ կհուշի»: Նա ճիշտ էր:

Դաշնամուր նվագելու ժամանակ չի մնում…

Ցավոք, ինչպես նախկինում, օրական 5-6 ժամ նվագելու, պարապելու համար ժամանակ չունեմ: Չգիտեմ՝ ապագայում ի՞նչ կլինի, կշարունակե՞մ դաշնամուր նվագել: Ես պարզապես պաշտում եմ դաշնամուր նվագելը և երբ առիթ է լինում՝ նստում եմ դաշնամուրի մոտ։

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս