«Մոսկվայի համբերությանը սահման կա… ՀՀ վարչապետի հետ հանդիպումը Մոսկվայում խիստ կոնկրետ պետք է լինի». Տրոֆիմչուկ

168.am-ի զրուցակիցն է ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը

Հայ-ռուսական հարաբերություններում առաջացած լարվածության ֆոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան կապակցությամբ ակտիվորեն քննարկվում է հայաստանյան մամուլի էջերում և փորձագիտական հանրության շրջանում: Ի՞նչ է նշանակում Մոսկվայի այս ժեստը:

– Դա միաժամանակ և՛ սովորական, և՛ ոչ սովորական շնորհավորանք էր: ՌԴ նախագահը Ռոբերտ Քոչարյանին ճանաչում է ոչ առաջին օրը, ուստի թվում է, թե ամեն ինչ տեղի է ունեցել այնպես, ինչպես միշտ: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով երկկողմ հարաբերություններում առկա անառողջ ֆոնը, այս շնորհավորանքն իսկապես նշանակալի էր: Ինչպես հայտնի է, քաղաքականության մեջ ոչինչ հենց այնպես չի արվում: Հայաստանի նոր վարչապետին անուղղակի ազդանշան ուղարկվեց:

Բնականաբար, Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, սակայն դրանցում կարող է միջամտել հենց հայ ժողովուրդը, որը դեռ ակնհայտորեն չի ստացել այնպիսի սոցիալ-տնտեսական առավելություններ, որոնց հույսն ուներ դեռ ապրիլ-մայիս ամիսներին: Ռուսաստանը չի կարող բացարձակ հեռվից հետևել այն ամենին, թե ինչպես է Հայաստանում կրկին իրավիճակը հանկարծակիորեն լարվում: Բավարար է նույնիսկ դիտարկել առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը: Սրա հետ մեկտեղ՝ կա վստահություն, որ նախորդ քաղաքական գործիչները վատն էին, թե լավը, բայց գոնե ինչ-որ «կարկաս» էին հանդիսանում՝ իրավիճակի ավելի խորը անկումից ժամանակավորապես զսպելու տեսանկյունից:

– Ռ. Քոչարյանը հայտարարել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և ընդդիմադիր կենտրոն դառնալու մտադրության մասին: Իր այս նախաձեռնություններում ՀՀ երկրորդ նախագահը կարո՞ղ է հույսեր կապել Մոսկվայի աջակցության հետ: Մոսկվան խաղադրույք կանի՞ Ռ. Քոչարյանի վրա:

– Մոսկվան հայաստանյան ներքաղաքական ընտրություններում խաղադրույքներ չի անում: Դա խաղ չէ, այլ իրական կյանք, և սխալ, ոչ հստակ գործողությունների հետևանքները կարող են չափազանց լուրջ լինել: Այս կամ այն հիշեցումների շնորհիվ, նկատի ունենալով Քոչարյանին, ինչպես վերևում է նշված, Մոսկվան պարզապես փափուկ կերպով ազդանշան է ուղարկում, որ նախորդ իշխանությունն ավելի կանխատեսելի էր: Ռուսաստանի կողմից նախորդ, հեռացած իշխանություններին աջակցելը, բոլոր այդ «դուրս մղված քարտերը» ռուսական կողմի համար ծանր սխալ կլինեն, որից ակնթարթորեն կօգտվեն հայ-ռուսական հարաբերությունների հակառակորդները՝ կողմերին միմյանցից էլ ավելի հեռացնելու նպատակով: Հույս ունեմ, որ նման բան տեղի չի ունենա, քանի որ ժողովուրդը չի ընդունի ո՛չ Քոչարյանին, ո՛չ էլ նրա ուղղակի և անուղղակի հետևորդներին: Դա համարյա թե նույնն է, թե ռուսաստանցիներին առաջարկեն քվեարկել Գորբաչովի օգտին: Վերադարձի ճանապարհ չկա: Հայաստանն ինքն իր համար պետք է հերոսներ ընտրի: Միայն թե այնպիսիների պետք է ընտրի, որոնք վերջապես իսկապես կթեթևացնեն միլիոնավոր հայաստանցիների կյանքը: Դա դեռ վատ է ստացվում՝ ինչպես հին, այնպես էլ՝ նոր քաղաքական ֆիգուրների դեպքում:

– Ըստ էության Փաշինյան-Պուտին հանդիպումից առաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ուշագրավ դիտարկումներով է հանդես եկել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Նա նշել է, որ Ռուսաստանին անհանգստացնում է Հայաստանում «եռացող» իրավիճակը: Լավրովն ասել է. «Կարծում եմ՝ մեզ համար կարևոր կլինի լսել, թե Հայաստանի նոր ղեկավարն ինքն ինչպես է գնահատում իր երկրում իրադրության զարգացման հեռանկարները»: Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում նախատեսվում են Փաշինյան-Պուտին բանակցությունները: Օգոստոս ամսին ՀՀ վարչապետը խոսեց աննախադեպ մարդասիրական հայ-ռուսական նախագծի մասին, որը պետք է քննարկվի առաջիկա բանակցությունների ընթացքում: Ի՞նչ սպասել, ընդհանուր առմամբ, այդ բանակցություններից այս մթնոլորտում: Ի՞նչ քայլեր է Մոսկվան ակնկալում Փաշինյանի կառավարությունից:

– Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բարձրաստիճան հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինը, բնականաբար, պետք է անցկացներ նմանատիպ հանդիպում նաև Հայաստանի առաջին դեմքի հետ: Սա այս տարածաշրջանի բազմակողմ հարաբերությունների շրջանակում ռուսական սովորական հավասարակշռության ցուցիչն է: Ոչ միայն տարօրինակ, այլև ուղիղ մարտահրավեր կլիներ Երևանի համար, եթե Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական 5 միլիարդ դոլարանոց պայմանագրի մասին Սոչիում Իլհամ Ալիևի հայտարարությունից հետո տեղի չունենար նմանատիպ հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ:

Բայց Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը, իմ կարծիքով, այս անգամ խիստ կոնկրետ պետք է լինի, առավել ևս, երբ այս անգամ այն համատեղված չէ տոների հետ: Բավական է զբոսնել, ժամանակն է վերջապես քննարկել, թե այս պահին ինչն է մեզ անհանգստացնում: Իսկ անհանգստացնում է, ցավոք սրտի, շատ բան:

Ինչ վերաբերում է մարդասիրական ծրագրերին, ապա այդպիսի պրոյեկտ ներկայումս մեկը կարող է լինել.ինչպես Հայաստանին չարգելափակել իր տարածքում` ստեղծելով անտանելի տրանսպորտային և տարանցիկ պայմաններ: Այդպիսի անառողջ ազդանշան եղավ: Այդ «մարդասիրական» ծրագիրը կարող է գործի դրվել մեր ինտեգրացիայի հակառակորդների կողմից, երբ մեր հարաբերություններն է՛լ ավելի շատ լարվեն:

Հայաստանն ինքնիշխան երկիր է, և Ռուսաստանը կարող է միայն իր գործընկերոջից ակնկալել, որ հետագայում նա ավելի կանխատեսելի կլինի: Այդ մասին երեկ ասաց նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Համաձայնենք, որ հասկանալի, կանխատեսելի պահվածքը պետք է տարբերակվի առանցքային բլոկներով դաշնակցի և գործընկեր երկրի դեպքում, առավել ևս՝ պարզապես օտար: Երևի թե ավելին սպասելը դժվար է: Հստակություն` առաջին հերթին: Հակառակ դեպքում իրավիճակը կարող է ավելի հեռուն գնալ, և Երևանը, ինչպես արդեն երևում է որոշ նշաններից, կշարունակի պայքարը սեփական կոռուպցիայի դեմ և ներքաղաքական հակառակորդների դեմ՝ ի հաշիվ այնպիսի ինտեգրացիոն կազմակերպության մեջ «զոնդ» մտցնելու, ինչպիսին ԵԱՏՄ-ն է:

Մոսկվան համբերատար է, բայց բարձրագույն իշխանության ներկայացուցիչների որոշ առանձին, բացառապես՝ դիվանագիտական ձևակերպումներից, ամեն դեպքում, երևում է, որ համբերությանը սահման կա: Ռուսաստանում միամիտ դիտորդներ չկան, բոլորն ամեն բան հիանալի հասկանում են: Խնդիրը միայն այն է, որ առանձին դիտորդներ, ինչպիսին ես եմ, դա հասկացել են մի փոքր ավելի վաղ, բայց ոչինչ անել չեն կարողացել:

Տեսանյութեր

Լրահոս