«Ես և դուք, մեզնից հեռու, կհայտնվենք ճաղերի հետևում». Արարատ Միրզոյան
Այսօր կառավարության նիստում հավանություն տրվեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց, որ առաջարկվում է քրեականացնել ՎԻՎՕ-ի 40.10-րդ հոդվածով նախատեսված արարքները՝ դրանց համար որպես պատիժ սահմանելով ոչ միայն տուգանքը, այլև ազատազրկումը՝ որոշակի ժամկետով, օրինակ՝ Ուկրաինայի քրեական օրենսգրքի 160-րդ հոդվածով որպես հանցագործություններ են նախատեսված թե՛ ընտրակաշառք տալը և ստանալը, և թե՛ նախընտրական քարոզչության իրականացումը հիմնարկներին, հաստատություններին, կազմակերպություններին ոչ իրավաչափ օգուտի կամ ապրանքների, աշխատանքների, ծառայությունների անհատույց տրամադրման միջոցով:
Ընդ որում՝ նշված արարքի համար նախատեսված է ավելի խիստ պատիժ, քան ընտրակաշառք տալու համար (առավելագույնը չորս տարի ժամկետով ազատազրկում՝ առավելագույնը երեք տարվա համեմատությամբ): Նշված վարչական իրավախախտման քրեականացման հետ մեկտեղ՝ առաջարկվում է հոդվածի դիսպոզիցիայում նախատեսել բացառություն, որի համաձայն՝ հանցագործության առարկա չեն համարվի կուսակցության անվանումը և խորհրդանիշները կամ թեկնածուի անուն-ազգանունը և պատկերը բովանդակող և որոշակի ողջամիտ չափը չգերազանցող արժեքով ապրանքները:
Ա.Զեյնալյանի խոսքով՝ նախատեսվում է ընտրակաշառք տալը նախատեսել հոդվածի առանձին մասով՝ դրանում հստակ սահմանելով հանցագործության նպատակը՝ թեկնածուներից, կուսակցություններից կամ դաշինքներից հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար կաշառք տալու նպատակը:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ այս փոփոխությունները ծագել են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով հանձնաժողովի աշխատանքի ընթացքում, լայն քննարկում է անցել, համաձայնեցված է իրավապահ համակարգի գործընկերների հետ:
«Սա լրջագույն հարված է լինելու այն արատավոր երևույթին՝ ընտրակաշառքին, որը, ի թիվս այլոց, մեզ թույլ չի տվել տարիներ շարունակ ունենալ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ: Հիմա մենք զգալիորեն առաջ ենք գնալու սրա դեմ պայքարի ոլորտում»,- ասաց Ա.Միրզոյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է բացառեն նման երևույթները. «Երևանի ավագանու ընտրություններն այս առումով շատ կարևոր քննություն է մեզ համար, և պետք է այդ քննությունը ստանանք գերազանց»:
ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե եթե քվեաթերթիկի վրա հայհոյանք կամ վիրավորանք են գրում, հրապարակում սոցցանցում, դա պատասխանատվության ենթարկվելո՞ւ է: Ա.Զեյնալյանը նշեց, որ դա քաղաքացիաիրավական դաշտում է, և ում հասցեին գրված է վիրավորանքը, նա կարող է դատարան դիմել:
Ա.Միրզոյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ եթե, օրինակ՝ ինքը կամ Մինասյանն ընտրողին որևէ թեկնածուի օգտին քվեարկելուն որևէ ձևով շահագրգռեն և պահանջեն, որ քվեաթերթիկը լուսանկարի ու որպես ապացույց ներկայացնի, ենթակա է պատասխանատվության. «Ես և դուք, մեզնից հեռու, կհայտնվենք ճաղերի հետևում»: