Հեղափոխական իրավիճակի տրամաբանությունը

«Դիկտատուրա», «խոսքի ազատության սահմանափակում», «հեղափոխական տրիբունալներ», «դուչե», «ֆյուրեր» և այլն՝ սրանք մասն են այն արձագանքի, որը հնչեց ի պատասխան Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթի` այդ ելույթը քննադատողների կողմից: Նման պնդումների հերքում կամ հաստատումը, իրականում, մեծ իմաստ չունի: Ի վերջո, խոսակցությունները «դիկտատուրայի», «դուչեի» և այլնի շուրջ, մեծ հաշվով, խոսքերի, վերացականությունների մասին քարոզչական լեզվակռիվներ են: Գուցե «դիկտատուրա» կամ «դեմոկրատիա» բառերը շեշտված արտասանողների մի մասի համար դրանք շատ կոնկրետ, իրական պատկերացումների, զգացումների, հասկացությունների հետ են կապվում: Իրականում, սակայն, դրանք, ինչպես և մյուս վերացական քաղաքական եզրերը, այլ բան չեն, քան բառեր, որոնք մեկնաբանելի են այս կամ այն՝ շատ լայն կերպով: Պետք է ոչ թե բառերով զբաղվել, այլ կենդանի իրավիճակների ներքին տրամաբանությունը հասկանալ:

Քաղաքականության մեջ ազատ և լայն ընտրության հնարավորություն ունենալու մասին պատկերացումները խիստ չափազանցված են: Իրականում յուրաքանչյուր քաղաքական իրավիճակում կա միայն շատ սահմանափակ ընտրության հնարավորություն: Ե՛վ քաղաքական գործչի, և՛ քաղաքական նպատակներ հետապնդող խմբի, և՛ շարքային քաղաքացու համար ամեն տվյալ պահի ընտրությունը սովորաբար շատ նեղ է, և ավելին, որպես կանոն՝ չարյաց փոքրագույնի ընտրություն է:

Սովորաբար պատկերացրածից չափազանց ավելի համեստ է նաև այս կամ այն գործչի և խմբերի ցանկությունների, գաղափարների, իդեոլոգիկ մոտիվների, նույնիսկ նպատակների դերը: Կոպիտ ասած՝ մարդիկ կարող են նախապես շատ բան ուզել, պատկերացնել, նպատակ դնել, իսկ իրականում ստիպված են գործել իրավիճակի այս կամ այն չափով՝ երկաթե տրամաբանությամբ ընձեռված մի նեղլիկ «միջանցքում», և լավ է, եթե այդ միջանցքում կա գոնե երկու տարբեր քայլ անելու տեղ: Այլ կերպ՝ առաջնային է ոչ թե մարդկային («սուբյեկտիվ») գործոնը՝ ցանկություններից և նպատակներից մինչև գաղափարներ և գաղափարախոսություններ, այլ իրավիճակը՝ դրա ուժային դասավորության քարտեզը, զարգացման միտումները և այլն, որոնք պարզապես ստիպում են գործընթացի մեջ ներգրավված անձերին և խմբերին գնալ այս կամ այն ուղղությամբ, ընտրել այս կամ այն ուղին: Անշուշտ, չենք պնդում, որ մարդկային գործոնն ընդհանապես նշանակություն չունի: Ավելորդ է բացատրել իսկ, որ դա կլիներ մեկ այլ ծայրահեղության գիրկն ընկնել: Բայց վստահորեն պնդում ենք, որ մարդկային գործոնի դերը չափազանցված է քաղաքական գործընթացների սովորական ընկալման և բացատրության մեջ:

Երբ, օրինակ, շատերը վախեցնում են հեղափոխական ահաբեկչությամբ՝ վկայակոչելով ֆրանսիական կամ ռուսական հեղափոխությունների օրինակը, ապա պետք է հասկանանք, որ պոպուլյար պատմության միֆականացված պատկերացումները նրա մասին, որ յակոբինյան կամ կարմիր տեռորի պատճառները դա իրացնողների բնածին արյունռուշտ լինելն էր, որ Ռոբեսպիերն ու Սեն Ժյուստը կամ Լենինը, Տրոցկին ու Ստալինը մանկուց երազում էին գալ իշխանության ու «սաղին գյուլլել», կամ, որ որևէ մեկն այս աշխարհում լինելով իշխանություն՝ ընդհանրապես «հավես» է ունենում ահաբեկչության պատասխանատվության տակ ընկնել, հեռու են իրականությունից նույնքան, որքան միջին վիճակագրական հնդկական կինո: Բացարձակապես նպատակ չունեմ արդարացնել յակոբինացիներին կամ բոլշևիկներին:

Նվազագույն համակրանք ունեմ ֆրանսիական և ռուսական հեղափոխությունների գաղափարախոսությունների նկատմամբ (չնայած չունեմ նաև բացարձակ հակակրանք): Նաև վստահ եմ, որ Հայաստանում այսօր փոքր իսկ հիմք չկա վախենալու «պետական ահաբեկչության» հեռանկարից (հակապետականն ավելի հնարավոր է): Բայց որպես կրթությամբ պատմաբան՝ պարտավոր եմ ոչ թե արդարացնել կամ դատապարտել, այլ հասկանալ երևույթները: Հեղափոխական ահաբեկչությունը չի իրացվել ինչ-որ մեկի չար կամքով, ցանկությամբ, չի եղել որևէ մեկի սկզբնական նպատակը, ոչ էլ՝ գաղափարախոսության մասը, այլ բխել է իրավիճակից: Հանդիպելով նախկին իշխող վերնախավերի կազմակերպված դիմադրությանը՝ ֆրանսիական և ռուսական հեղափոխությունները պետք է դիմադրությանը պատասխանեին համարժեք ուժով և չափով, կամ հանձվեին, հրաժարվեին իրենց նպատակներից: Քանի որ դիմադրությունը տվյալ դեպքերում եղել է զինված, այդ թվում՝ արտաքին ուժերի զինված միջամտությամբ, ապա պատասխան ուժային ցուցադրումը նույնպես եղել է հիրավի ահաբեկող:

Գաղափարախոսությունները նույնպես կապ չունեն: Յակոբինյան տեռորն իրացվում էր՝ հանուն Մարդու իրավունքների և ժողովորդի իշխանության, իսկ բոլշևիկյանը՝ հանուն սոցիալական արդարության: Կարող էր իրացվել նաև հանուն ցանկացած այլ բանի, ասենք, պինգվինների իրավունքների պաշտպանության: Կարևորը դա չէ, այլ այն, որ պատմական եղելությունները պայմանավորված են մեծամասամբ իրավիճակային տրամաբանությամբ, այլ ոչ թե գաղափարներով, ցանկություններով և այլ երկնքում սավառնող թևավոր վերացականություններով:

Մեկ այլ օրինակ՝ ավելի մոտ մեր իրականությանը և մեր փորձին: Երբ 1988-ի փետրվարին Հայաստանում ծավալվում էր Ղարաբաղյան շարժումը, երբ հարյուր-հազարավոր հայեր պահանջում էին Հայաստանի Գերագույն Խորհրդի սեսիայի որոշում՝ Ղարաբաղը Հայաստանին միացնելու վերաբերյալ, ապա չնայած նրան, որ այդ ամենն արվում էր բացառապես օրինական, խաղաղ միջոցներով, և պահանջներն էլ ձևակերպված էին բացառապես օրենքի շրջանակներում, դա այլ բան չէր, քան ղարաբաղյան պատերազմի սկիզբ:

Որևէ նշանակություն չունի ոչ միայն այն, որ պահանջներն իրոք խաղաղ էին և իրացվում էին խաղաղ միջոցներով, այլև այն, որ մասնակիցների, այդ թվում՝ շարժման ղեկավարների ճնշող մեծամասնությունը ոչ մի պատերազմ ոչ ուզում էր, ոչ էլ պատերացնում էր, որ դա լինելու է: Այսօր էլ, կարծում եմ՝ այն օրերի մասնակիցերի մեծ մասը կվրդովվի, եթե ասես, որ հենց իրենց խաղաղ, օրինական պահանջով նրանք բացում էին պատերազմի դուռը: Չէ՞ որ նրանք իրոք չէին ուզում և մեծամասամբ նաև չէին պատկերացնում պատերազմ: Իհարկե, հայերը բառիս բուն իմաստով պատերազմ չեն սկսել և չեն ուզեցել: Բայց դա կարևոր չէ: Այն պահից, երբ բարձրացրել ենք Ղարաբաղի՝ Հայաստանին միացնելու հարցը, ապա անկախ մեր բոլոր ցանկություններից, ծրագրերից, պատկերացումներից, գաղափարներից, նպատակներից, փաստացի կռվի՝ ուժային պայքարի, այդ թվում՝ պատերազմի հայտ ենք ներկայացրել՝ ոչ միայն Ադրբեջանի, այլև Մոսկվայի դեմ:

Օրինական, խաղաղ ճանապարհով կարելի է ձևակերպել պահանջները, բայց օրինական, խաղաղ ձևով հնարավոր չէ իրացնել իքս տարածքն իգրեկ պետությունից անջատման և զեթ պետությանը միացնելու հարցը: Սովետական Միության արագ թուլացման և փլուզման պայմաններում հայ-ադրբեջանական պատերազմն իրականություն դարձավ շատ արագ: Եթե Սովետական Միությունը չթուլանար այդքան արագ, ապա դրա փոխարեն՝ կարող էինք ունենալ Ղարաբաղյան հարցի լուծում՝ ի վնաս հայերի՝ հայկական շարժման ուժային ճնշմամբ: Ցանկացած դեպքում, չնայած 88-ի փետրվարի բացարձակ խաղաղ բնույթին, հարցի խաղաղ լուծում չէր կարող լինել, եթե միայն հայերը հետ չկանգնեին իրենց պահանջներից:

Այս ծավալուն օրինակը բերեցինք նրա համար, որպեսզի հասկանալի լինեն հետևյալ կետերը, որոնք բնորոշ են ցանկացած քաղաքական իրավիճակի զարգացման, ինչպես նաև այդ իրավիճակը սթափ, առարկայորեն (օբյեկտիվ) հասկանալու համար:

Նախ՝ իրավիճակի զարգացման, նրա մեջ ընտրություն կատարելու սահմանները տրվում են արդեն իրավիճակի ամենասկզբում, առաջին քայլով: Առաջին քայլը կատարելուց հետո (մեր օրինակում՝ Ղարաբաղի միացման պահանջ) հաջորդ քայլերը, եթե ոչ՝ 100 տոկոս, ապա՝ մեծամասամբ սահմանված են հենց առաջին քայլով: Մանևրի ազատությունն այլևս խիստ սահմանափակ է:

Երկրորդ՝ խաղը կարելի է սկսել կամ չսկսել, առաջին քայլն անել կամ չանել, բայց սկսելուց հետո՝ անկախ նրանից, թե որքանով էին սկսողներին պարզ ու հասկանալի բոլոր հետևանքները, խաղի կեսից դուրս գալը, խաղն ինքնակամ կանգնեցնելը, հետ շրջելը, եթե ոչ անհնարին է, ապա՝ խիստ խնդրահարույց: Բառացի վերադարձ խաղից առաջ իրավիճակին չի լինում: Անգամ խախտված հավասարակշռությունը վերականգնելի չէ իր նախկին կառուցվածքով: Առավել ևս հետ դառնալը խաղը սկսողի կամքից դուրս է՝ նույնիսկ, եթե նա ինչ-որ պահի փոշմանի կամ վախենա:

Երրորդ՝ քաղաքական ճիշտն ու սխալը բացարձակ չեն: Հաճախ ամեն բան կախված է մազից: Մեր բերած օրինակում, եթե Սովետական Միությունը մի քիչ ավելի երկար ձգեր կամ ընդհանրապես չփլուզվեր, ապա հայկական շարժումը Ղարաբաղում, ամենայն հավանականությամբ, ճնշվելու էր: Մենք պարտվելու էինք: Այդ դեպքում պատմագիտությունը գնահատելու էր Ղարաբաղյան շարժումը՝ որպես անխոհեմություն, քաղաքական սխալ, արկածախնդրություն: Հակառակը, քանի որ մենք հաղթել ենք, ապա նույն պատմագիտությունը դրական է համարում այն ռիսկը, որին գնացել ենք 88-ից սկսած:

Չորրորդ՝ այդուհանդերձ, առանց որոշակի ռիսկի, առանց համարձակության, միայն 100 տոկոս երաշխավորած քայլերով հնարավոր չէ հասնել մեծ նպատակների: Որքան քիչ է համարձակությունը՝ այնքան համեստ են արդյունքները: Զրո ռիսկով հասանելի է միայն զրո արդյունք: Քայլ անողը, խաղացողը պետք է ունենա գոնե մի քանի տոկոս համարձակություն, իսկ մեծ նպատակները հասանելի են միայն մեծ համարձակությամբ:

Այսօրվա իրավիճակի վրա տարածելով մեր եզրակացությունները, պետք է հասկանանք, որ եթե իրոք լուրջ ենք օգտագործում «հեղափոխություն» բառը, ապա անկախ նրանից, թե ինչպես ենք գնահատում, վերաբերվում հեղափոխություն երևույթին, այն ունի իր օրինաչափությունները: Իմ պատերացմամբ՝ հեղափոխություն նշանակում է՝ երկրի վերակառուցում, ընդհանրապես երկրի կառուցում՝ եղած համակարգերի, խաղի կանոնների, ոլորտների արմատական բարեփոխում և նորերի ստեղծում:

Բայց դա անխուսափելիորեն նշանակում է՝ բազմաթիվ նախկինների շահերին կպնել: Հնարավոր չէ իրոք վերակառուցել պետությունը՝ առանց ինչ-որ խմբերի շահերին դիպչելու: Որքան ավելի մեծ են նպատակները, այնքան ավելի լայն կարող է լինել այդ շահերի դաշտը: Բնական է, որ բոլոր խմբերը, որոնց շահերը կամա կամ ակամա տուժում են այս վերակառուցման գործթընացից, ուշքի գալով առաջին շոկից, սկսելու են ինքնակազմակերպվել՝ դիմադրության նպատակով: Սա էլ կարող է դուր գալ կամ չգալ, բայց դա բնականոն է: Դիմադրությունը լինելու է այնքան ավելի ընդգրկուն և այնքան ավելի ուժեղ, որքան ավելի մեծ թափ է ստանալու հեղափոխությունը:

Ցանկացած քաղաքական գործընթաց ինչ-որ չափով «կռիվ է», պայքար: Բայց հեղափոխական գործընթացը որպես քաղաքականի առավելագույն՝ «կռվի» ավելի բարձր աստիճան է, և կռվի օրենքներն այստեղ ավելի ընդգծված են արտահայտվում, քան սովորական իրավիճակում: Պարզ է, որ նախկին էլիտաների կազմակերպված դիմադրությանը, որն անխուսափելի է, հնարավոր է հակադարձել միայն նույնքան կազմակերպված հակադիմադրությամբ: Մյուս տարբերակը սկզբնական նպատակներից հետ կանգնելն է, նահանջը: Իրականում նահանջի տարբերակը նույնիսկ զուտ տեխնիկապես անհնար է: Գործընթացը սկսվելով՝ չի կարող կանգ առնել, դադար տալ՝ այն կամ պետք է առաջ գնա, կամ պարտվի: Սա արդեն ցանկությունների ոլորտից չէ, ոչ էլ գաղափարախոսական նախընտրությունների:

Դիմադրության հաղթահարումը չի նշանակում, պայմանական ասած, «վառել», «կախել», «գլխատել»: Խոսքը մանկապարտեզի մասին չէ: Դիմադրության հաղթահարման տասնյակ միջոցներ կան, որոնցից «սաղին նստացնել» ու «վառելն» ամենավերջին, ամենաթույլ և պակաս արդյունավետն են: Բայց առանց որոշակի ուժի ցուցադրման, անշուշտ, հնարավոր չէ հաղթել հեղափոխական «ճակատամարտում»: Որքան քիչ չափի ուժ անհրաժեշտ լինի ցուցադրել, այնքան ավելի լավ: Դա արդեն կախված է և դիմադրության չափից, և «զորավարների» ճկունությունից և խելքից: Բայց այն, որ «վարդագույն լիբերալիզմը» հեղափոխական գործընթացների հիմք լինել չի կարող, փաստ է:

Լավն է նոր կառավարությունը թե վատն է, պրոֆեսիոնալ է, թե ոչ, ինչ գաղափարների կրող է, դրանք արդեն գրեթե նշանակություն չունեցող հարցեր են: Եթե հայ հասարակությունն ընտրել է հեղափոխական ճանապարհը, իսկ հանրության մի մասն էլ ակամայից է հայտնվել նոր՝ հեղափոխական իրավիճակում, նա պետք է ելնի արդեն այդ իրավիճակից և դրա օրենքներից: Վերադարձ նախկինին չի լինելու: Նույնիսկ, այսպես կոչված, ռևանշի հաջողման դեպքում, դա լինելու է միանգամայն նոր իրավիճակ՝ ոչ պակաս հեղափոխական և ոչ պակաս ուժային, քան այսօրվանը: Բոլոր քաղաքական խաղացողները պետք է մոռանան իրենց հին երգերը, անգիր արված խոսքերն ու դեղատոմսերը և գործեն նոր պայմաններում և դրանց մթնոլորտին համապատասխան:

Տեսանյութեր

Լրահոս