Բաժիններ՝

«Նաիրիտի» սնանկության կառավարիչն արդեն 2 ամիս խաբում է ՀՀ կառավարությանը

«Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանն ամեն կերպ խոչընդոտում է «Եվրոպական միություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի մասնագետներին՝ տեխնիկական աուդիտ անցկացնել գործարանում։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու հոլդինգի միջև հուշագրի ստորագրումից հետո նախարարությունն աուդիտի իրականացմանն աջակցելու խնդրանքով դիմել էր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը, որն իր հերթին՝ հրահանգել էր գործարանի պարտքերի իրավունքները ստանձնած «Նաիրիտ-2» ընկերությանը, որն էլ հանձնարարել էր սնանկության կառավարչին։ Այս կառույցների միջև նամակագրության փոխանակումը զբաղեցրել էր ողջ հուլիսը։

«Նաիրիտ-2»-ի հանձնարարականի հիման վրա 1 ամիս անց կառավարիչը հրավիրել է պարտատերերի ժողով, թեև պարտավոր էր խորհուրդ հրավիրել։

Ժողովի ժամանակ որոշում է ընդունվում, որ խումբը կարող է մտնել գործարան։ Սակայն արդեն սնանկության կառավարիչն է տարբեր պատճառաբանություններ բերում հոլդինգի ներկայացուցիչներին՝ հնարավորինս ձգձգելով փորձագետների մուտքը գործարան։

Օրինակ՝ ԱԱԾ-ն է պահանջել փորձագետների ցուցակը, և պետք է սպասել նրանց թույլտվությանը, հետո թե՝ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն է պահանջել այդ ցուցակը, և նրա համաձայնությունն է հարկավոր, հետո էլ՝ աշխատանքների կատարման սկզբնական ժամանակացույց՝ ըստ արտադրամասերի, և վերջում էլ, թե՝ «Սնանկության մասին» օրենքն է պահանջում, որ դատարանի որոշում լինի։ Այս պատճառաբանությունների սին լինելը մեկը մյուսի հետևից ապացուցվել է։

ԱԱԾ-ն և Մ.Առաքելյանը հերքել են իրենց կողմից նման պահանջը։

«Սնանկության մասին» օրենքում հստակ գրված է (Հոդված 19, կետ 2), որ «Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից պարտապանի մոտ ստուգում կամ ուսումնասիրություն կարող է իրականացվել միայն դատարանի որոշմամբ»: Սակայն կառավարչին հանձնարարվել է ոչ թե թույլատրել «ուսումնասիրություն» իրականացնել, այլ ընդամենը՝ տեխնիկական աուդիտ։ Այս նրբությունը հոլդինգի ներկայացուցիչներին բացատրում է «Նաիրիտի» սնանկության գործով դատավոր Չիչոյանը, որը, ի դեպ, բախտի քմահաճույքով, արձակուրդում էր և միայն երեկ է վերադարձել հանգստից։

Ստացվում է, որ Կարեն Ասատրյանն արդեն 2 ամիս խաբում է ոչ միայն՝ հոլդինգի ներկայացուցիչներին, այլև՝ կառավարությանը։

Մինչդեռ հոլդինգը ՀՀ կառավարության առջև պարտավորություն է ստանձնել՝ մինչև հոկտեմբերի 31-ը վերջացնել փորձագիտական խմբի աշխատանքները և ներկայացնել իր տեսակետը «Նաիրիտ գործարանի» վերաթողարկման հնարավորության և իր մասնակցության վերաբերյալ։

Հավելենք, որ այս խնդրի շուրջ փորձեցինք կապ հաստատել սնանկության կառավարչի հետ, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի էր։

Այժմ, ինչպես ասում են, գնդակը կրկին նրա խաղադաշտում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս