«Այսօր մենք փակուղու մեջ ենք գտնվում, քաղաքական ճգնաժամն ակնհայտ է»
Հարցազրույց 1978-1990թթ. ԳԱ Տնտեսագիտության ինստիտուտի ժողովրդագրության և աշխատանքային ռեսուրսների բաժնի գիտաշխատող, 1994-1998 թթ. Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանի հետ
– Պարոն Ասատրյան, ժողովրդագրական ցուցանիշների վերաբերյալ, մասնավորապես՝ մեկնողների և ժամանողների, տարբեր կարծիքներ են հնչում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում մի պատկեր ներկայացրեց, հանրապետականամետ վերլուծաբաններն այլ բան են ասում։ Ո՞րն է իրականությունը։
– Պետք է ապավինել հրապարակված պաշտոնական վիճակագրական տվյալներին։ Կարծում եմ՝ ներկայացված ցուցանիշները նույնական են, մեկնաբանություններն են տարբեր։ Տպավորությունս այն է, որ ինչ-որ անձինք ուղղակի չարախնդում են, հիշեցնեմ միայն, որ վերջին 10 տարիների ընթացքում այդ անձինք ոչ մի նախադասություն չասացին վատ իրողությունների մասին։ Ուզում եմ հիշեցնել, որ Սերժ Սարգսյանի կառավարման ամենավատ արդյունքներից է այն, որ 10 տարիների ընթացքում Հայաստանից մեկնածների թիվը գերազանցեց Հայաստան ժամանածների թիվը 430 հազարով։
Այդ անձինք թող բարի լինեին խոսել այս երևույթների մասին։ Բայց մի կողմ դնենք դա։ Գանք իրողությանը՝ ի՞նչ կատարվեց այս կիսամյակում, արդյո՞ք կարելի է բավարարվել, թե՞ պետք է մտահոգված մնալ։ Իհարկե, մտահոգությունը միշտ տեղին է, որովհետև լայն իմաստով՝ ժողովրդագրական զարգացումների առումով մենք հասել ենք բավականին վատ մի իրավիճակի, երբ առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանի պատմության մեջ, թերևս, առաջին անգամ մի իրողության առաջ ենք կանգնելու, որ մահացածների թիվը գերազացնելու է ծնվածների թվին։ Սա երկարատև ժողովրդագրական զարգացումների հետևանք է և սա 1 կամ 2 տարում, իհարկե, չի շտկվելու։ Կարծում եմ՝ որևէ իշխանության, այդ թվում՝ ներկայիս, առաջնային խնդիրը սրա վերաբերյալ մտահոգությունը պետք է լինի։
Ի՞նչ ունենք 2018 թ. օգոստոսի 20-ի դրությամբ։ Ամփոփվել են առաջին կիսամյակի արդյունքները, և առաջին դրական դրսևորումն առկա է՝ ի դեմս նրա, որ կոտրվեց այն միտումը, որ տասնյակ տարի մեր երկրում իշխող էր դարձել։ Խոսքը ոչ թե արտագաղթի, այլ մեկնածների և ժամանածների տարբերության մասին է, ընդհանուր առմամբ ցուցանիշը նվազել է, և բացասական սալդոն կազմեց 6000-ից քիչ ավելի։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը շուրջ 37 հազար էր, մինչդեռ 2017-ի ամբողջ տարվա կտրվածքով՝ 26.5 հազար: Դատելով այս ցուցանիշներից՝ կարելի է եզրակացնել, որ առկա միտումների պահպանման դեպքում մենք առաջին անգամ տարեկան կտրվածքով ունենալու ենք բնակչության շարժի դրական սալդո, այսինքն՝ ավելի շատ ժամանելու են, քան մեկնելու են հանրապետությունից։
Սա, միանշանակ, դրական է և պետք է լուրջ ուսումնասիրության առարկա լինի։ Իհարկե, սրա ներքո կան խնդիրներ, մասնավորապես այն, որ ՀՀ քաղաքացիների մասով պատկերը շարունակում է մնալ վատ, մեկնող ՀՀ քաղաքացիների թիվը գերազանցեց ժամանողներինը շուրջ 50 հազարով՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 75 հազարի դիմաց։ Սակայն հարկ է նաև հիշեցնել, որ առաջին կիսամյակում մեկնածների մեջ զգալի մաս կազմում են սեզոնային աշխատանքների մեկնողները, որոնց զգալի մասը երկրորդ կիսամյակում վերադառնալու են հայրենիք։ Հայտնի է նաև, որ մեկնողների ճնշող մեծամասնությունը՝ շուրջ 90%, մեկնում են Ռուսաստան, և հոսքի աշխուժացմանը նպաստում է ԵԱՏՄ շրջանակներում իրավական կարգավորումների՝ ժամանակավոր աշխատանքի մեկնողների կարգավիճակի, նրանց աշխատանքային իրավունքների հստակեցմամբ։ Ինչ վերաբերում է օտարերկրացի ժամանածներին, այստեղ զգալի մասը ռուսաստանաբնակներն են։ Այսինքն՝ մենք ակամայից ԵԱՏՄ-ն պետք է դիտարկենք՝ իբրև միասնական տնտեսական տարածք՝ աշխատուժի շարժի ազատականացվող հնարավորություններով, որի ներքո բնակչության տեղաշարժերն այլ կերպ պետք է վերլուծել և մեկնաբանել։
Այս խնդիրը նաև այլ, մասնավորապես, ֆիսկալ պատճառներ ունի՝ Հայաստանում և Ռուսաստանում հարկային օրենսգրքերն էականորեն տարբեր են, օրինակ՝ եկամտային հարկն այստեղ էապես բարձր է, քան Ռուսաստանում, և արդյունքում՝ մեր քաղաքացիները, եթե անգամ չմեկնեն, կարող են, թեկուզ տեսականորեն, իրենց գործունեությունը գրանցել Ռուսաստանում ու հարկատու դառնալ այնտեղ։ Այսինքն՝ նոր, դեռևս ամբողջությամբ չձևավորված իշխանությունը կանգնած է նախկինից ժառանգած չլուծված բազմաբնույթ խնդիրների առջև։ Հիշեցնեմ, որ նախկին իշխանության հիմնական գործն այն էր, որ աչքաթող էին անում, շրջանցում էին խնդիրները։
– Սերժ Սարգսյանը վերջին շրջանում սկսել էր խոսել արտագաղթի խնդիրների մասին։
– Դա ցինիզմ էր, ավելի լավ է գնահատական չտամ, որովհետև միայն վատն եմ ասելու։ Չորս մլն բնակչություն ունենալու վերաբերյալ հայտարարությունը զավեշտալի էր։
– Հանրապետականամետ վերլուծաբաններն ասում են, որ այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ից մեկնող ՀՀ քաղաքացիների թվի բացասական սալդոն մոտ 50.8 հազար է, և նրանցից 2.7 հազարը Հայաստանից հեռացել է նախկին կառավարության օրոք, իսկ 48.1 հազարը՝ Նիկոլ Փաշինյանի, ընդ որում՝ բացասական սալդոն Կարեն Կարապետյանի օրոք անցած տարվա համեմատ բարելավվել էր մոտ 82 %-ով, իսկ ահա Փաշինյանի կառավարման օրոք այն կրկին վատթարացել է։
– Կրկին՝ դա միայն մեկնաբանություն է։ ԱՎԾ տվյալներով՝ անցած տարվա հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ փաստաթղթերով, այսինքն՝ ՀՀ քաղաքացիների մասով, պայմանական արտագաղթը կազմել է 75 հազար 625 մարդ, այս տարի՝ 50 հազար 796։ Ճիշտն ասած, ես այդ տեղեկատվությունը չունեմ, թե ըստ ամիսների ինչ է եղել, բայց այս փաստն ինքնին դրական է, որ կրճատվել է, և ոչ մեկը չի կարող այն հերքել։ 25 հազարով այդ սալդոն կրճատվել է 2018 թ. 6 ամիսների ընթացքում։ Ավելին, ՀՀ-ում դրական տեղաշարժերն ակնհայտ են, եթե որոշները չեն նկատում, թող դուրս գան փողոց, չափեն մեր քաղաքացիների տրամադրությունը։
Կարող եմ միայն պնդել, որ այսքան ժպիտ, անգամ խանդավառություն ես անձամբ վաղուց չէի տեսել: Հասարակությունը, դրսում ապրող մեր հայրենակիցները ոգևորությամբ ընդունեցին հեղափոխության հաղթանակը, և տեղին կլիներ արձանագրել, որ այս դրական տեղաշարժերը առայժմ այդ ոգևորության արդյունքն են, պետք է ամրագրվեն մեր կյանքի բոլոր ոլորտներում վերափոխումներով: Մենք պետք է խոսենք բոլոր երևույթների մասին, առանձնացնենք դրական միտումները, ջանանք հասկանալ ու խորացնել, առանձնացնել բացասականը և ձգտել կանխել դրանք։ Բայց նման չհիմնավորված ու կիսագրագետ, ակնհայտ քաղաքականացված գնահատականներով ոչ մի արդյունքի չեք հասնի։ Ոչ, սիրելինե՛րս, ընդունեք ակնհայտը` այսօր դրական միտումը առկա է, բայց սա դեռ բավարար չէ:
Եթե խոսում ենք ժողովրդագրական զարգացումների մասին` այստեղ ևս բազմապիսի խնդիրներ կան: Հայաստանն այսօր կանգնած է մի վտանգի առջև` առաջիկա տարիներին մենք ունենալու ենք բնական աճի բացասական ցուցանիշ, մի երևույթ, որ երբեք բնորոշ չէր հայ հասարակությանը լոկալ բնակության վայրում: Այսօր արդեն մարզեր ունենք` Շիրակը, Լոռին, Տավուշը, որտեղ բնական աճի սալդոն բացասական է, մահացողների թիվը գերազանցում է ծնվածներինը, ամուսնալուծությունների աճի հետ գործ ունենք, մարզեր կան, որտեղ ամուսնալուծությամբ է ավարտվում յուրաքանչյուր երկրորդ ամուսնությունը։ Սրա մասին է պետք խոսել, ոչ թե փորձել գովաբանել նախկին ակնհայտ չհաջողված, Հայաստանը բազմաթիվ խնդիրների առջև կանգնեցրած, բազմաբնույթ հատվածներում տանուլ տված իշխանություններին։
Վերաբերմունքս նախկին իշխանությունների նկատմամբ բազմիցս անթաքույց հայտնել եմ` դրանք ավելի նման էին բանդայի, վաղուց արդեն պատուհաս էին դարձել, սակայն այսօր, կարծում եմ, բնավ էլ պետք չէ լծվել նախկինների փնովմանը: Նախկինների վատի մասին, իբրև կանոն, խոսում են նրանք, ովքեր որևէ ասելիք չունեն, կամ նրանք, որոնք փորձում են թաքցնել սեփական տգիտությունը: Իսկ նոր իշխանությունների կարևոր խնդիրն է՝ ստեղծել մի մթնոլորտ, որ թե՛ իշխանության առանձին հատվածները, թե՛ ամբողջ հասարակությունը ներքաշվեն առկա խնդիրների բացահայտման ու դրանց լուծման ուղիների որոնմանը:
– Ի՞նչ է հարկավոր այդ դրական միտումը խորացնելու համար, քաղաքական կայունությո՞ւն։
– Նախ՝ բարեփոխումներ։ Ժողովուրդը շատ է հոգնել, այսպես կոչված, կեղծ կուսակցական հանրապետականներից։ Նրանք մի խնդիր էին տեսնում՝ սեփական իշխանության վերարտադրությունը։ Սա պետք է վերափոխվի։ Իշխանությունը ստեղծված է ժողովրդին ծառայելու և ոչ թե նսեմացնելով ընտրությունների տանելու, ընտրակաշառքով վերարտադրության խնդիր լուծելու համար։
Վերափոխումներ պետք է տեղի ունենան մեր կյանքի բոլոր ոլորտներում: Հաջորդը` մթնոլորտի լայն իմաստով փոփոխությունը, այսօր հայ հասարակությունը, որ ուղղակի օտարված էր, մեկուսացված էր իշխանություններից, ձևավորել է կառավարություն և ձգտում է օրինական ընտրություններով վերափոխել ամբողջ իշխանությունը: Ամենակարևորն այսօր մեր քաղաքացիների դրական սպասումներն են, որոնք հնարավոր չէ որևէ ցուցանիշով կշռել: Մենք տեսել ենք այն ոգևորությունը, որ ՀՀ քաղաքացիներն ապրում էին ապրիլի 23-ին։ Ես շատ վաղուց ժողովրդի նման հրճվանք չէի տեսել, իսկ դա արժեք է, որ վաղը կարող է նպաստել ՀՀ զարգացմանը բոլոր հատվածներում։
Այսինքն՝ պետք է մտածել այս հեղափոխությունը յուրաքանչյուրի տուն հասցնելու մասին, յուրաքանչյուրին մասնակից դարձնելու երկրի կառուցմանը, որը նախկինում ընդամենը մի խումբ մարդկանց մենաշնորհն էր, և մեր հասարակության զգալի մասը մեկուսացված էր հասարակական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, կրթամշակութային կյանքից։ Պետք է բոլորին, սեփական կարողությունների չափով, մասնակից դարձնել երկրի զարգացմանը։ Խնդիրները բազմաթիվ են, որ ոլորտը բացում ես, կուտակված խնդիրներ են, տասնյակ տարիներ ոչ մի խնդիր չի լուծվել, ուղղակի աչքաթող էին անում, շրջանցում։ Շատ, շատ մեծ, ծանր բեռ է, բայց պետք է լուծվի, առանց դրա երկիրն ուղղակի չի կարող առաջընթաց ապրել։
Մեր երկրի վերջին զարգացումների բնութագրերը հիմնականում բացասական էին, և այս կորը պետք է կոտրվի, իսկ զարգացմանը մասնակից պետք է դառնան հասարակության հնարավորինս լայն հատվածները։ Սա է հաջողության գրավականը։
– Այդ բարեփոխումներին անցնելու համար առաջնահերթն ընտությունների՞ անցկացումն է։
– Վստահ եմ՝ այո։ Այսօր ու շատ վաղուց խորհրդարանը բնավ էլ չի արտահայտել մեր հասարակության իրական պատկերը, բազմիցս նշել եմ` այդքան շատ տգիտություն Հայաստանում երբեք չի եղել, ընդ որում՝ գործող Ազգային ժողովը սկզբից կարծես ընդունել էր հեղափոխության արդյունքը, սակայն վերջին օրերին, ի դեմս նախկին իշխողների, ըմբոստանում է: Չեմ ուզում շատ խոսել անցյալի մասին, բայց որևէ մեկը չպետք է մոռանա, որ այս մարմինը ձևավորվեց համատարած կոռուպցիայի ու հանցագործության արդյունքում:
– Այդ ըմբոստությունը Ռոբերտ Քոչարյանի՞ գործոնով եք պայմանավորում։
– Ոչ միայն, կոնսոլիդացիա է գնում։ Ի տարբերություն մեր սերնդի, չէ՞ որ մենք էլ ենք իշխանություն կորցրել, բայց մենք անելիք ունեինք այս կյանքում, նրանցը միայն իշխանությունն է, իշխելն է։ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին շատերի վրա դրական տպավորություն էր թողնում, բայց վերջին հարցազրույցներից ակնհայտ որակազրկում է երևում։ Գիտե՞ք ինչն է պատճառը։ Նա հիմա աթոռ չունի, աթոռն էր իր մտավոր կարողությունների դրսևորման կարևորագույն երաշխիքը։ Նույնը վերաբերում է ՀՀԿ-ին։ Դա ընդամենը բանդա է, որը ղեկավարվում է անձնական նեղ շահերով, որոնցից առաջնայինը վերարտադրությունն էր, ապա՝ գողությունը, կողոպուտը, թալանը, որի անթաքույց նպատակն առաջնորդին ծառայելն էր: Այն, ինչ տեսել ենք։
– Այժմ հանրապետականները քննադատում են Փաշինյանի նախաձեռնությունը, որ սահմանադրական փոփոխություն արվի և առանց վարչապետի հրաժարականի ԱԺ-ն կարողանա ինքնալուծարվել։ Սա ե՞լք է ստեղծված իրավիճակում, թե՞ Սահմանադրության հարմարեցում սեփական շահերին։
– Այսօր մենք փակուղու մեջ ենք գտնվում, քաղաքական ճգնաժամն ակնհայտ է։ ՀՀԿ-ական գրչակների կողմից գրված Սահմանադրությունը Հայաստանի Հանրապետության համար չէր, այդ ուժի, այդ թայֆայի անխափան վերարտադրության համար էր։ Այժմ բոլորը հասկանում են, որ սահմանադրական ճանապարհով հանգուցալուծումը բարդ է, մեծ է նահանջի կամ նախկինի վերարտադրության վտանգը։ Պետք է իրավական ճանապարհներ գտնվեն այս փակուղուց դուրս գալու համար, և պետք է շատ զգույշ լինել։
– Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում ասաց, թե կփորձեն իրեն հակահեղափոխական կենտրոն հայտարարել։ Կարո՞ղ է նա դառնալ այդպիսի կենտրոն։
– Ինքը քաղաքական չէ, հրապարակային գործիչ չէ: Վարչական դիրք ունեցել է, բայց քաղաքական՝ երբեք։ Լուրջ չեմ վերաբերվում և չեմ էլ փորձի մեկնաբանել։ Ինքը քաղաքական դեմք չի եղել և չի կարող հիմա շանս ունենալ։ Գուցե մարգինալ խումբ ձևավորվի, ինչ-որ անձինք համախմբվեն, բայց դա էլ կարող է միայն միտված լինի անցյալում ձևավորվածի պաշտպանությանը, այն չի կարող ապագային միտված լինի։ Հանրապետականի հետ էլ համագործակցությունը հեռանկար չունի:Ես հիշում եմ իր վերաբերմունքը ՀՀԿ-ին։ Չեք հիշո՞ւմ, 2000-ականներին ընտրություններից առաջ Քոչարյանն ուղղակի հանրապետականներին հայտարարեց, թե՝ դուք ոչինչ ձեզանից չէք ներկայացնում, ՀՀԿ ցուցակն էլ է ինքը գրել, և ոչ մի ՀՀԿ-ական ձայն չհանեց։
– Բայց հիմա Հանրապետականը, կարծես, դառնում է Քոչարյանի հիմնական հենարանը։
– Կենցաղում մի լավ տերմին կա՝ «աբիժնիկների» միավորում է տեղի ունենում, որը չի կարող քաղաքական բովանդակություն ունենալ։ «Աբիժնիկները» նրանք են, որոնք շատ բան են կորցնում, իսկ ՀՀԿ-ականներն իսկապես կորցնում են, և առաջինը՝ իշխանությունը։ Իսկ առանց իշխանության՝ իրենք որևէ արժեք չեն ներկայացնում և, իհարկե, պետք է պայքարեն։ Երկրորդ՝ մեծ հարստություն են կուտակել։ Համակարգում համատարած գողություն է տեղի ունեցել, և այդ համակարգի գլխին եղել է Քոչարյանը։ Եվ պարզ է, որ պետք է միավորվեն՝ իշխանությունից բացի՝ նաև իրենց թալանածը պաշտպանելու համար։ Խնդիրը հասարակության մեջ է, որ պետք է շատ զգոն ու բծախնդիր լինի, թույլ չտա, որ նման բան լինի։ Նաև պետք է թույլ չտա, որ նոր իշխանությունը գայթակղվի և հեղափոխության անվան տակ Հայաստանը փորձի շեղել միակ ճիշտ ուղուց՝ իրավական լուծումների ճանապարհից։
Մանրամասները՝ տեսանյութում