Հայաստանում «Ռենկոյի» ներդրումային նախագիծը կասեցվե՞լ է
Դեռ անցած տարի մարտի 20-ին Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում հանդիսավորությամբ տեղի ունեցավ նոր ՋԷԿ-ի կառուցման հիմնարկեքի արարողությունը։ Ծրագիրն իրականացնում է կամ էր իտալական հայտնի «Ռենկո» ընկերությունը։ Ինչո՞ւ՝ «էր»։ Խնդիրն այն է, որ համառ լուրերը պնդում են, որ այս նախագիծը կասեցվել է։
Ծրագրով նախատեսվում էր մոտ 250ՄՎտ հզորությամբ և մինչև 53 % ընդհանուր ՕԳԳ-ով համակցված ցիկլով գազային էլեկտրակայանի նախագծում, զարգացում, ֆինանսավորում, շինարարություն, շահագործում և տեխնիկական սպասարկում: Պետք է իրականացվեր շուրջ 300 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Շինարարական աշխատանքները տևելու էին 26 ամիս և ավարտվելու էին 2019 թվականի երկրորդ կեսին: Միայն շինարարության ընթացքում ստեղծվելու էր 900 ժամանակավոր աշխատատեղ, իսկ շահագործման հանձնելուց հետո` շուրջ 200 մշտական և բարձր վարձատրվող աշխատատեղ: Նոր ջերմաէլեկտրակայանի շահագործման և տեխսպասարկման գործունեության տևողությունը նախագծվել էր 20 տարի:
ՋԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան նախատեսվում էր արտահանել Իրան և Վրաստան, հատկապես հաշվի առնելով, որ 2019 թ. կավարտվեն Հայաստան-Իրան 400 կՎ երկշղթա երրորդ և Հայաստան-Վրաստան 400 կՎ նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի շինարարական աշխատանքները։
Թե ինչո՞ւ հիմնարկեքից հետո 1 տարի շինաշխատանքներն առաջ չէին գնացել, հայտնի չէ։ Դա, ըստ էության, պատմական ջրբաժանից առաջ էր։
Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 17-ին հանդիպել էր «Ռենկոյի» գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիի հետ և քննարկել է ՋԷԿ-ի կառուցման ներդրումային ծրագիրը:
Ջ.Ռուբինին պատրաստակամություն էր հայտնել հնարավորինս արագ մեկնարկել ծրագրի իրականացումը, իսկ Ն.Փաշինյանը նշել էր, որ հետաքրքրված է ներկայացված նախագծով:
Հուլիսի վերջին Սանկտ Պետերբուրգում հայազգի գործարարների հետ հանդիպման ժամանակ վարչապետը հայտարարեց, որ միջազգային գործընկերների հետ հարաբերություններում արհամարհված են ՀՀ շահերը, ինչ-որ ընկերություն գալիս է և ցանկություն հայտնում էներգետիկ օբյեկտ կառուցել, բայց պարզվում է, որ այն կառուցելու է կրկնակի թանկ և ՀՀ ժողովրդի հաշվին, արտադրված էներգիան կրկնակի թանկ պետք է վաճառի, ՀՀ-ն էլ պետք է պարտավոր լինի արտադրված էլեկտրաէներգիան 20 տարի գնել:
Թվում է, թե խոսքը հենց «Ռենկոյի» ու նոր ՋԷԿ-ի մասին է։ Առավել ևս, որ մինչ օրս «Ռենկոյից» որևէ պաշտոնական տեղեկություն չկա։
Վարչապետի պետերբուրգյան այցից հետո Հայաստան այցելեց Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան։ Մեր աղբյուրների հավաստմամբ՝ օրակարգային կարևոր հարցերից մեկն էլ հենց «Ռենկոյի» նախագծի կասեցման խնդիրն էր։
168.am-ը ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փորձեց պարզել՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ նախագիծը կասեցվել է, եթե այո, ապա ինչո՞ւ, եթե ոչ, ապա՝ ո՞ր փուլում է այն, ի՞նչ է արվել և առաջիկայում ի՞նչ է նախատեսվում, արդյո՞ք Սանկտ Պետերբուրգում գործարարների հետ հանդիպման ժամանակ վարչապետը խոսում էր հենց «Ռենկոյի» մասին, և արդյո՞ք Իտալիայի նախագահի հետ քննարկվել է այս հարցը։
Սակայն կառավարության պատասխանը, ըստ էության, բովանդակային առումով ոչինչ չի ասում։
«Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագրի շուրջ քննարկումները դեռևս ընթացքի մեջ են։ ՀՀ վարչապետը ելնում է այն դիրքորոշումից, որ որևէ միջազգային ներդրումային ծրագիր հավանության արժանացնելիս ՀՀ կառավարությունը պետք է առաջին հերթին հաշվի առնի ՀՀ ժողովրդի շահը։ Բանակցություններն ավարտվելուն պես արդյունքների մասին բոլորը կտեղեկացվեն»,- նշված է պատասխան գրությունում։
Սանկտ Պետերբուրգում հայազգի գործարարների հետ հանդիպման ժամանակ վարչապետի կողմից բարձրացված խնդրի հասցեատերերի անունները կառավարությունը գաղտնի է պահում։ Մեզ ուղարկված պատասխանում նշված է, որ դրանք «կհրապարակվեն՝ ըստ անհրաժեշտության»։
Գաղտնի է նաև Իտալիայի նախագահի հետ հարցի քննարկումը։ Կառավարությունից նշել են միայն, որ Սերջիո Մատարելլայի հետ քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, իսկ քննարկումների՝ հրապարակման ենթակա մանրամասների մասին հանրությունը տեղեկացվել է մամուլի հաղորդագրության միջոցով։ Դրանում, նկատենք, որևէ խոսք չկա «Ռենկոյի» նախագծի մասին։
300 մլն-անոց ներդրումային ծրագրի ճակատագրի մասին, թերևս, հարկ էր ավելի պարզ ու թափանցիկ տեղեկատվություն տրամադրել հանրությանը։ Հատկապես՝ ներդրումային այս «քաղցի» պայմաններում։