«Եթե հայերը կարողանային կամավոր խնայել, այս ռեֆորմը պետք չէր». Աշոտ Խուրշուդյանը՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին
«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի չհետաձգելը ոչ պոպուլյար քայլ էր Նիկոլ Փաշինյանի կառավարության համար, սակայն դրսի ներդրողները դա դրական են գնահատում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը` խոսելով նոր տեսքով ուժի մեջ մտնող կուտակային կենսաթոշակային համակարգի առանձնահատկությունների և կառավարության կողմից քննարկվող հնարավոր փոփոխությունների մասին:
Ըստ նրա` արտաքին ֆինանսական կառույցները երկրին նայում են երկարաժամկետ և Հայաստանն ավելի վստահելի երկիր է դառնալու: Տնտեսագետի խոսքով` զարգացած մի քանի երկիր կա, որ ավելի մեծ կուտակային ֆոնդեր ունեն, քան երկրի ՀՆԱ-ն է և ամբողջ աշխարհն աշխատում է, իրենք վայելում են. «Ես կերազեմ, որ Հայաստանը դառնա նման երկիր»:
Ա.Խուրշուդյանը նշեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգի այլընտրանքի մասին գրեթե չի խոսվել, բայց դրա անհրապույր լինելն է դրդել գնալ դրան:
Նա նշեց, որ Ռուսաստանը վերջերս երկարացրեց կենսաթոշակային տարիքը, որպեսզի աշխատողի վրա ընկնի բեռը.
«Եթե 15-64 տարեկան 6 մարդկանց ընկնում է մեկ թոշակառու, ապա 2060 թ. 2 աշխատողին ընկնելու է 1 թոշակառու: Սա նշանակում է եկամտահարկը շարունակական մեծացնել: Դրանից խուսափելու ուղին կուտակային համակարգն է, համընդհանւոր մակարդակով այն լուծում է ոչ միայն այն հարցը, որ բարձր աշխատավարձ ստացողը բարձր կենսաթոշակ կստանա, այլև այսօրվա սպառումները ինչ-որ չափով զսպելու և ապագայում մեզ պահելու համար է»:
Ա.Խուրշուդյանը նշեց, որ կուտակայինի այլընտրանքը վախենալու է, ինչը դրդում է երկրներին կուտակային համակարգ ներդնել:
Նրա խոսքով` Հայաստանը գնաց համընդհանուր ներդրման ուղիով, և դրանից ամենաշատը տուժեցին այսօրվա կենսաթոշակառուները, քանի որ այսօր կենսաթոշակները չբարձրացվեցին, այլ գրավչություն ստեղծվեց համակարգի մասնակիցների համար` պետության մասնակցության միջոցով:
Տնտեսագետի կարծիքով` նույնիսկ 10 հազար դրամով կենսաթոշակը բարձրացնելու դեպքում շատ մեծ բեռ է լինելու բյուջեի վրա, այդ ուղիով գնալը շատ ավելի մեծ ռիսկեր է պարունակում:
Պարտադիրի ներդրումը հետաձգվելը, Ա.Խուրշուդյանը համեմատեց նրա հետ, որ երեխան լավ չսովորի, թողնեն նույն դասարանում:
Նրա տվյալներով` առնվազն 500 հազար դրամ աշխատավարձ ստացողներն արդեն ունեն 2.5 մլն դրամ խնայված միջոցներ, որի կեսն են իրենք հատկացրել:
Տնտեսագետը նշեց, որ շատ գրավիչ է հետաձգելը, բայց այդ դեպքում ոչ ոք կամավոր չի ներդնում. «Մեր սպառման կառուցվածքը ողբերգական է, յուրաքանչյուր չխնայած դրամ տնետսության վրա բացասական է ազդում: Մենք փոքր, բաց տնտեսություն ենք, և մեր մոտ հակառակ արդյունքն է, որ մասսայական գնաճ է լինում, կամ էլ ներմուծումն է աճում այդքան սպառելու արդյունքում: Եթե հայերը կարողանային կամավոր խնայել, այս ռեֆորմը պետք չէր: Մենք ավելի շատ ծախսոմ ենք, քան ստանում ենք: Եվ մեր վարքագիծը չի փոխվել»: