«Կրթական համակարգի փոփոխությունն ավելի կարևոր է, քան՝ այն կոպեկները, որի հետևից ընկել են, իբր դպրոցի հիմնական խնդիրը կաշառակերությունն է». Սոցիոլոգ
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը գտնում է՝ դպրոցներում դրամահավաքը պետք է լինի վերահսկված և նպատակային, ու ոչ թե դպրոցի տնօրենը պետք է դա վերահսկի, այլ՝ հոգաբարձուների խորհուրդը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սոցիոլոգը նկատեց, որ ԱՄՆ ամեն աշակերտի համար դպրոցին տալիս էին 5500 դոլար, դպրոցն էլ ունի հոգաբարձուների խորհուրդ, որը կրկնապատկում է այդ գումարը:
«Նայեք՝ գյուղական դպրոց է, ունի միջինը 50-55 աշակերտ, հարցում ենք անում Երևանին բավականին մոտ գյուղի դպրոցի աշակերտների շրջանում, հարցնում ենք՝ քանի՞ անգամ ես եղել Երևանում, ասում է՝ «ոչ մի անգամ»: Դպրոցն ավարտում է՝ իր մայրաքաղաքում չի եղել, չի տեսել նախագահի նստավայրը, Կառավարության շենքը, չի եկել մեր թանգարանները, որովհետև դպրոցում վախենում են փող հավաքեն, էքսկուրսիա կազմակերպեն, գոնե երեխաները մեկ անգամ կարողանան գալ Երևան»,- նշեց Ա. Ադիբեկյանը:
Նրա խոսքով՝ կա կրթության դաստիարակման երկու մեթոդ՝ հայկական և հրեական. «Հայկականն ասում է՝ «շան տղա, էս ի՞նչ արիր, գնա, աչքիցս կորի, քեզ չտեսնեմ», երեխան չի հասկանում՝ ինչն այնպես չի արել: Հրեան ասում է՝ «ապրես, բայց արի ես քեզ սովորեցնեմ ավելի ճիշտն ու ավելի լավն անես»: Հայը չգիտի իր սխալը, իսկ սովորելը սխալների հաղթահարումն է, ու դա պետք է կարողանաս անես: Վերջին զանգ է այսօր, սա նսեմացնող բաղադրիչ ունի:
Ընտանիք կա, որ չունի այդ գումարը, երեխան կոմպլեքսավորվում է, որ ծնողը չի կարող վերջին զանգի համար գումար տա: Մենք հետազոտել ենք մի մարզի դպրոցները, դպրոցականների 25 տոկոսը դպրոց չի գնում, որովհետև համապատասխան հագուստ չունի: Եթե լիներ հոգաբարձուների խորհուրդ, որոշեին վերջին զանգ լիներ, կոչ անեին ունևոր ծնողներին՝ մասնակցեին, մնացածը իրենք իրենց հիմնադրամից կարողանային օգնեին, դա կլիներ բավականին ժամանակակից դպրոց»:
Ա. Ադիբեկյանը գտնում է՝ դպրոցի հիմնական խնդիրը հնաոճ տեխնոլոգիաներն են. «Կրթական համակարգի փոփոխությունն ավելի կարևոր է, քան՝ այն կոպեկները, որի հետևից ընկել են, իբր դպրոցի հիմնական խնդիրը կաշառակերությունն է: Ոչ: Հնաոճ տեխնոլոգիաներն են, որոնք մենք պետք է կարողանանք փոխենք մոտակա 5-10 տարում: Մեր շրջանավարտը չի համապատասխանում դարաշրջանի պահանջներին»: