Բաժիններ՝

Թեհրանը Եվրոպային պայմաններ է առաջադրել միջուկային գործարքը պահպանելու համար. Al Jazeera

Իրանը եվրոպական երկրներին յոթ պայման է առաջադրել, որոնց կատարումը կապահովի Թեհրանի հանձնառությունը միջուկային գործարքին: Ինչպես հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը, պահանջները մայիսի 23-ին հնչեցրել է Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի իշխանության երեք թեւերի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը:

Պայմանների թվում են՝ եվրոպական բանկերի կողմից Իրանի հետ առեւտրական համագործակցության շարունակման երաշխիքների տրամադրումը, իրանական նավթի վաճառքի վերաբերյալ Եվրամիության երկրների երաշխիքների ապահովումը: Նաեւ Թեհրանը Եվրոպայից պահանջում է բանակցություններում չարծարծել իրանական հրթիռային ծրագիրը եւ իր տարածաշրջանային ակտիվությունը:

«Մենք չենք ցանկանում պաքարի մեջ մտնել այդ երեք երկրների (Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի) հետ, բայց ինչպես քանիցս ցույց է տվել պատմությունը, Եվրոպան գնում Է ԱՄՆ-ի հետեւից,- նշել է Իրանի հոգեւոր առաջնորդը:- Ուստի ԵՄ-ի երկրները պետք Է վերջ դնեն իրեն լռությանը եւ ապացուցեն, որ իրենք աշխատում են միջուկային համաձայնագրի վրա»: «Եվրոպական երկրների կողմից ամենափոքր իսկ հապաղման դեպքում Իրանն իրեն իրավունք է վերապահում սկսել իր միջուկային ծրագիրը»,- նախազգուշացրել է Խամենեին: Ավելի վաղ հանրապետության Ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Իրանն ի զորու է վերադառնալ միջուկային ծրագրի զարգացման նախկին տեմպերին, որոնք եղել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) կնքելուց առաջ:

«Ատոմային արդյունաբերության մի շարք սեկտորներում մենք անհրաժեշտ ներուժ ունենք, որպեսզի վերադառնանք (միջուկային ծրագրի զարգացման) նախկին մակարդակին, որը եղել է նախքան ԳՀՀԾ-ն կնքելը»,-նշել է Սալեհին: Իր հերթին Իսլամական Հանրապետության գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաքերին՝ ելույթ ունենալով խորհրդարանի բաց նիստում, հայտարարել է, որ Իրանի զինված ուժերին հարկավոր չէ որեւԷ մեկի թույլտվությունը երկրի պաշտպանունակությունը զարգացնելու համար:

«Ես՝ որպես զինված ուժերի ներկայացուցիչ, Իրանի ժողովրդի ներկայացուցիչների ներկայությամբ հայտարարում եմ, որ զինված ուժերն այսօրվա դրությամբ ռազմական եւ մարտական պատրաստվածության գագաթնակետին են եւ որեւիցե մեկի թույլտվությանը կամ ժպիտին չեն սպասում երկրի պաշտպանունակությունը զարգացնելու համար»,- ասել է նա:

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարությունը Միացյալ Նահանգներին սպառնացել է «դատական հետապնդմամբ» ի պատասխան Իրանի վրա ճնշումը շարունակելու եւ հնարավոր նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոյի վերջերս արած հայտարարությունների: «Իրանի Իսլամական Հանրապետությունը ԱՄՆ-ի պետքարտուղարի լպիրշ հայտարարությունները դիտարկում Է որպես ակնհայտ միջամտություն Իրանի ներքին գործերին եւ անօրինական սպառնալիք ՄԱԿ-ի անդամ պետության դեմ, եւ իրեն դատական հետապնդման իրավունք է վերապահում»,- ասված է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս