Հեղափոխություններն ու տնտեսությունը
Նոր իշխանություններն ինչ-որ իմաստով տնտեսապես կայուն համակարգ ստացան նախորդներից։ Ազգային դրամի կուրսը նույնիսկ հակամարտության «թունդ» օրերին կայուն էր։
Նախկին կառավարության «տրամադրության» տակ եղած ֆինանսական միջոցները բավարար էին թե՛ աշխատավարձեր, թե՛ թոշակներ, թե՛ արտաքին պարտքի մարում-տրանշները վճարելու համար։ Փաստորեն, երկրում ստեղծված լարված վիճակից անկախ՝ բյուջետային մուտքեր ապահովվել էին։
Պաշտոնական տվյալներով՝ պետբյուջեում առաջիկա մի քանի ամսվա համար անհրաժեշտ գումարները կան։ Այսինքն՝ նոր իշխանությունները մի քանի ամիս ժամանակ ունեն տնտեսական քաղաքականության մշակման ու ներդրման համար։
Նրանք ստիպված չեն ամեն օր «հացի խնդիր» լուծելու։ Եվ դա լավ է։ Նորերն իշխանությունը վերցնում են ոչ թե՝ «հանապազօրյա հաց» ապահովելու խոստումով, այլ՝ արդար ու արժանապատիվ ապագայի։ Հանրապետության երրորդ նախագահն ինքն էլ էր խոստովանում, որ երկրում գաղջ մթնոլորտ է։
Ասել, որ այդ մթնոլորտը ձևավորվել էր միմիայն քաղաքական պատճառներով՝ սխալ կլինի։ Հասարակական դժգոհությունների հիմնական պատճառներից էր նաև տնտեսական դանդաղ աճը։ Ուստի հիմա տնտեսության ոլորտի փորձագետների ուշադրության կենտրոնում հենց տնտեսական զարգացումների հեռանկարներն են։
Հասկանալի է, որ հեղափոխական գործընթացները կարող են էական ու, որ ավելի կարևոր է՝ բացասական ազդեցություն թողնել տնտեսության վրա։ Այս պատճառով հետաքրքիր է դիտարկել, թե ինչ կատարվեց հետխորհրդային Ուկրաինայում և Վրաստանում իշխանափոխություն-հեղափոխություններից հետո։
Այս երկրների փորձառության դիտարկումը մեր պարագային կարևորվում է նաև նրանով, որ Ուկրաինան և Վրաստանը նույնպես ներքաշված են հայտարարված ու չհայտարարված պատերազմի մեջ։ Այսինքն՝ պարտադրված են պաշտպանության ոլորտին «պահանջվածից» ավելին հատկացնել։
Նախ՝ Ուկրաինայի օրինակը։ 2004թ. իշխանափոխությունից հետո ընդամենը չորս տարի պահանջվեց երկրի ՀՆԱ-ն կրկնապատկելու համար։ Իսկապես ոգևորիչ օրինակ էր։ Բայց արձանագրենք, որ ուկրաինական 2004-ն ավելի շատ իշխանափոխություն էր հիշեցնում, քան հեղափոխություն։ Ի տարբերություն 2014-ի, երբ արտաքին անթաքույց ազդեցության տակ այս երկիրը կտրուկ փոխեց իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը։ 2013թ. Ուկրաինայում արձանագրվել էր ՀՆԱ-ի ամենաբարձր ցուցանիշը՝ 183 միլիարդ 300 մլն դոլար։
Հեղափոխությունից հետո ՀՆԱ-ն կտրուկ անկում ապրեց՝ դառնալով 133,5 մլրդ դոլար։ Ժամանակակից գովազդային բառապաշարով ասած՝ «բայց դա դեռ ամենը չէ»։ 2015-2017թթ. տվյալներով՝ ՀՆԱ-ն տատանվում է 91-95 մլրդ դոլարի չափաբաժնում։ Այլ կերպ ասած՝ Ուկրաինայի օրինակը շատ հարմար է նրանց համար, ովքեր վստահ են, որ հեղափոխական գործընթացներն առժամանակ բացասական ազդեցություն են թողնում տնտեսության վրա՝ զարգացումը ետ գցելով երեքից հինգ տարով։
Այժմ դիտարկենք Վրաստանի օրինակը։
1990-ականներից պատերազմի մեջ ներքաշված ու բզկտված Վրաստանի տնտեսությունը համարյա համադրելի էր մեր տնտեսության հետ։ Նույն 2004-ին կայացած «Վարդերի հեղափոխությունից» հետո դեռ մի քանի տարի մեր տնտեսությունները համադրելի էին զարգացման մեջ։ 2008-ին մեր ՀՆԱ-ն 11,662 մլրդ դոլար էր, Վրաստանինը՝ 12,745։ Սա՝ այն դեպքում, երբ Վրաստանի բնակչությունը մոտ մեկ մլն մարդով գերազանցում էր։ 2009-ի համաշխարհային ճգնաժամը մեզ ետ գցեց 8,647 մլրդ-ի, իսկ Վրաստանին՝ 10,766 մլրդ դոլարի ցուցանիշներ։ Հետո արդեն ցարգացման ցուցանիշները համադրելի չէին։
Վրաստանն ավելի արագ էր զարգանում։ 2014թ. համաշխարհային տնտեսության համար հետճգնաժամային լավագույն տարին էր։ Հայաստանում՝ ՀՆԱ-ն կազմեց 11,6 մլրդ, իսկ Վրաստանում 16,5 մլրդ դոլար։ Հետո մեր տնտեսությունները կրկին անկում գրանցեցին։ Բայց ոչ համաչափ՝ 2017-ի պաշտոնական նախնական տվյալներով՝ Հայաստանում ՀՆԱ-ն կազմել է 11,5 մլրդ դոլար, իսկ Վրաստանում՝ 15,2։ Այնպես որ՝ աշխարհաքաղաքական կողմնորոշումների կտրուկ ցնցումներից հետո Վրաստանը կարողացավ տնտեսական աճ ապահովել։ Մեր տնտեսությանն աշխարհաքաղաքական կողմնորոշումներով պայմանավորված կոլապս չի սպառնում։
Ավելին՝ նախկին իշխանությունները, լավից-վատից զատ, ֆինանսատնտեսական կայունություն ապահովել են։ Դրան գումարած՝ մի քանի ամսվա բյուջետային առաջանցիկ ֆինանսներ էլ են ապահովել՝ տնտեսական նոր բարեփոխում-սխրանքների համար։ Հասարակությունն իր հերթին՝ վստահության քվե է ապահովել։ Հուսանք, որ հեղափոխամիտինգային ժամանակներն ավարտվեցին։
Հետևաբար՝ նոր իշխանություններն արդեն ամբոխահաճո ելույթների կարիք չունեն։ Նրանց տնտեսական լուրջ ու լարված աշխատանքներ են սպասվում։
Ի վերջո, համաշխարհային փորձից մի բան կարելի է եզրակացնել՝ հեղափոխությունները բացասաբար են ազդում տնտեսության վրա։ Եթե դրանք տնտեսական հեղափոխություններ չեն։