«Թող խորտակվեն քո պալատն էլ, քո բարքերն էլ». Քըլըչդարօղլուն՝ Էրդողանին

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կրկին քննադատել է իշխող վերնախավին՝ ճոխ ապրելակերպի, չարդարացված ծախսերի համար:

Կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովի ժամանակ Քըլըչդարօղլուն անդրադարձել է նախագահական պալատի խոհանոցում օգտագործվող մթերքների վրա ծախսվող գումարներին:

Ըստ քեմալական կուսակցության նախագահի՝ նախագահական պալատում օգտագործվում է նուշի ալյուր, որի 1 կգ արժեքը 87 թուրքական լիրա է (21.5 դոլար)՝ ի տարբերություն ցորենի ալյուրի, որի արժեքը 3 լիրա 75 քուրուշ է (0.9 դոլար):

Քըլըչդարօղլուն քննադատական խոսքերն ուղղել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` առանց նրա անունը նշելու:

«Թող խորտակվեն քո պալատն էլ, քո բարքերն էլ: Պալատում շաքարավազ չեն օգտագործում, փոխարենը պարոնը ամենաթանկ մեղրով է սնվում»:

Նա, նաև փոխելով Ֆրանսիայի թագուհի Մարիա Անտուանետային վերագրվող հայտնի խոսքերը, ասել է. «Եթե մի օր ասեն «Ժողովուրդը սոված է, հաց չունի ուտելու», պալատից մի կին կասի. «Հաց չունեն, թող նուշի ալյուրով սնվեն»:

Քըլըչդարօղլուի քննադատության թիրախում են հայտնվել նաև Թուրքիայի արվեստի գործիչները, որոնք Էրդողանի հետ մեկնել էին Թուրքիայի Հաթայ նահանգ՝ Սիրիայի Աֆրին շրջանում Թուրքիայի ԶՈՒ կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի մասնակից զինվորներին ոգևորելու համար:

«Երկրի արվեստագետները պարտավոր են հաստատուն ու պատվով լինել: Գերիշխող ուժին չպետք է անձնատուր լինեն, պիտի պաշտպանեն օրենքը, արդարությունն ու իրավունքը: Ի հեճուկս բոլոր ճնշումների՝ պիտի ճնշվածների իրավունքները պաշտպանեն»:

Քըլըչդարօղլուն նշել է, որ ռազմական գործողության ժամանակ 52 թուրք զինվոր է զոհվել, հարյուրավորները՝ վիրավորել, և նման պայմաններում դհոլ զուռնայով, երգ ու պարով  հավաքվելը անբարոյականություն է:

Doğu Haber Ajansı

Տեսանյութեր

Լրահոս