Միջազգային իրավունքի մասնագետը հաստատում է Արցախի ինքնորոշման իրավունքը
2018 թ. փետրվարի 27-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդարանում անցկացվեց հանրային քննարկում Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ: Այն կազմակերպել էին Եվրախորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազին (Կանաչներ/ԵԱԴ) և Լարս Ադակտուսոնը (ԵԺԿ), Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի, Թուֆենկյան հիմնադրամի և ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի հետ համատեղ:
Հանրային քննարկման բանախոսներն էին՝ ՄԱԿ-ի ժողովրդավարական և արդար միջազգային կարգի աջակցության հարցերով անկախ փորձագետ դոկտոր Ալֆրեդ դե Զայասը, Իրավունքի ամերիկյան համալսարանի Վաշինգտոնի իրավագիտության դպրոցի դասախոս, Միջազգային հանրային իրավունքի և քաղաքականության խմբի համահիմնադիր դոկտոր Փոլ Ուիլյամսը, Ռուսաստանի պետական համալսարանի դասախոս դոկտոր Սերգեյ Մարկեդոնովը, Արցախի Հանրապետության փոխարտգործնախարար Արմինե Ալեքսանյանը և համադրող, Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի խորհրդի անդամ Կիրո Մանոյանը:
Պրոֆեսոր Ալֆրեդ դե Զայասն իր իրավական փաստարկն սկսեց՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի և Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին դաշնագրի մեջբերմամբ, որը սահմանում է՝ «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք»:
Բացի այդ, միջազգային իրավունքի փորձագետ դե Զայասն ընդգծեց, որ համաձայն ՄԱԿ-ի երկու պայմանագրերի, «ինքնորոշման իրավունքի կրողներ են Դաշնագրի մասնակից բոլոր պետությունները, որոնց ոչ միայն արգելված է խոչընդոտել իրավունքի կիրառմանը, այլև պիտի ակտիվորեն «նպաստեն» դրա իրականացմանը…. Նրանք ոչ միայն պետք է հարգեն այդ իրավունքը, այլև իրականացնեն այն:
Ավելին, ժամանակակից միջազգային իրավունքի մեջ ինքնորոշումը erga omnes [բոլորի նկատմամբ] պարտավորություն է, որը ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության բազմաթիվ հոդվածներում ու Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի անթիվ բանաձևերում: Ժողովուրդների լիազորությունը՝ օգտվելու մարդու իրավունքներից առանց խտրականության և իրականացնելու որոշակի աստիճանի ինքնիշխանություն, խիստ կարևոր է ազգային և միջազգային կայունության համար: Այլապես, մեծ է հակամարտության հավանականությունը»:
Հատկանշական է, որ պրոֆ. դե Զայասը շեշտեց՝ «Չնայած ինքնորոշումը ի հայտ է եկել որպես jus cogens [պարտադիր օրենք] իրավունք, որը գերակա է միջազգային իրավունքի այլ սկզբունքների նկատմամբ, ներառյալ տարածքային ամբողջականությունը, սակայն այն ինքնստինքյան չի կիրառվում»:
Պրոֆ. դե Զայասը «ինքնորոշման օրինական հավակնորդների» թվում նշեց քրդերին, սահարավիներին, պաղեստինցիներին, քաշմիրներին, Բիաֆրայի իգբոներին և Շրի Լանկայի թամիլներին: Նա որպես օրինակ նշեց նաև «Լուգանսկի և Դոնեցկի ռուս-ուկրաինական կազմավորումները, Պրեդնեստրովիան (Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետություն), Արցախի Հանրապետությունը, Աբխազիան և Հարավային Օսիան… ժողովուրդներ, որոնք ինքնորոշման են հասել իրական անջատման միջոցով պետական միավորներից, որոնց հետ մինչ այդ կապված էին, սակայն նրանց միջազգային կարգավիճակը մնում է անորոշ՝ մեծ տերությունների միջև քաղաքական վեճերի և հետևաբար միջազգային ճանաչման բացակայության պատճառով»:
Պրոֆեսոր դե Զայասը հավելեց, որ ինքնորոշման ձգտող ժողովուրդները «մարդու իրավունքների միջազգային պայմանագրերի լիակատար պաշտպանության իրավունք ունեն: Փակուղուց կարելի է դուրս գալ միայն խաղաղ բանակցությունների միջոցով, քանի որ ինքնորոշման դեմ զինված ուժի կիրառումը կարող է խախտել բազմաթիվ միջազգային պայմանագրեր, այդ թվում `ՄԱԿ-ի կանոնադրությունը, Մարդու իրավունքների դաշնագրերը և Ժնևի Կարմիր խաչի համաձայնագրերը»:
Դե Զայասը պնդում է, որ «եթե անջատման անհետաձգելի պահանջ կա, ամենակարևորը՝ պետք է խուսափել ուժի կիրառումից, որը կվտանգի տեղական, տարածաշրջանային և միջազգային կայունությունը, և ավելի կվատթարացնի մարդու այլ իրավունքներից օգտվելու իրավունքը»: Բացի դրանից, «ինքնորոշման իրականացումը չի վերաբերում միայն շահագրգիռ պետության ներքին իրավասության շրջանակներին, այլ հանդիսանում է միջազգային հանրության օրինական մտահոգություն»:
Պրոֆեսոր դե Զայասը բացատրեց, որ տարածքային ամբողջականության սկզբունքը գործում է միայն արտաքին հարձակման դեպքում. «Սկզբունքը նախատեսված չէ ներքին կիրառման համար, քանի որ դա ինքնաբերաբար կվերացնի ինքնորոշման jus cogens [պարտադիր օրենք] իրավունքը։ Ինքնորոշման իրավունքի ամեն մի փորձ, որը հանգեցնում է անջատման, առաջացնում է նախորդ պետական միավորի տարածքային ամբողջականության փոփոխություն: Բազմաթիվ նման նախադեպեր կան»:
Պրոֆ. Զայասի կարծիքով, չպետք է խտրականություն լինի ինքնորոշման ձգտող ժողովուրդների միջև. «Նախկին խորհրդային հանրապետությունների անկախությունը և նախկին Հարավսլավիայի ժողովուրդների անջատումը կարևոր նախադեպեր են ստեղծում ինքնորոշման իրագործման համար: Այս նախադեպերը չեն կարող անտեսվել ժամանակակից ինքնորոշման ծագող վեճերի դեպքում:
Հնարավոր չէ «այո» ասել Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Սլովենիայի, Խորվաթիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի ինքնորոշմանը, այնուհետև «ոչ» ասել Աբխազիայի, Հարավային Օսիայի կամ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների ինքնորոշմանը: Այս բոլոր ժողովուրդները ունեն մարդու միևնույն իրավունքները և չպետք է խտրականության ենթարկվեն: Ինչպես հաջող հավակնորդների դեպքում, այս ժողովուրդները ևս միակողմանիորեն անկախություն են հռչակել:
Ընդհանրապես որևէ արդարացում չկա նրանց մերժելու՝ ընտրողաբար կիրառելով ինքնորոշման իրավունքը և մակերեսային զանազանումներ անելով, որոնք անօրինական են կամ անարդար»։
Նրանց համար, որոնք զուգադրում են տարածքային ամբողջականության սկզբունքը ինքնորոշման սկզբունքի հետ, պրոֆ. դե Զայասը հակադարձեց. «Տարածքային ամբողջականության սկզբունքը հիմնավոր արդարացում չէ ներքին հակամարտությունների հավերժացման համար, որը կարող է խորանալ և վերաճել քաղաքացիական պատերազմի, դրանով իսկ սպառնալով տարածաշրջանային ու միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»:
Վերջում, պրոֆ. դե Զայասը առաջարկեց, որ «21-րդ դարում կայուն ներքին և արտաքին խաղաղության ապահովման համար միջազգային հանրությունը պետք է արձագանքի վաղ ահազանգման նշաններին և ստեղծի հակամարտությունների կանխարգելման մեխանիզմներ: Ժողովուրդների միջև երկխոսությանն աջակցությունը և ժամանակին հանրաքվեի կազմակերպումը՝ ազգային և միջազգային հարաբերությունների խաղաղ զարգացման միջոցներն են։
Բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավումը պետք է պարտադիր լինի, ոչ թե բացառություն։ Եզրափակելով, թույլ տվեք ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հռչակել որպես ժողովրդավարության արտահայտություն, քանի որ իսկապես՝ ժողովրդավարությունը ինքնորոշման ձև է»։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի