Բաժիններ՝

Մթության մեջ մարդկային լույսն էր երևում, հիմա լույս կա՝ մարդիկ են խավարել

Աստված ասաց. «Թող լույս լինի» (Ծննդոց 1.3) և եղավ լույս։

Հետո լույսերը տարան…

49-ամյա Սենիկը թիվ 124 շենքի «լույսի մարդն» է։ Լույս բերողն ու տանողը հենց նա է։ Շենքի բնակիչները նրան հումորով «լուսավորիչ» են ասում։ Ցուրտ ու մութ տարիներն ապրած հայի համար լույսը սրբություն է, լույսի մարդն էլ` լուսավորիչ։

«Էն խավարը, որ հիմա կա, չես համեմատի ցուրտ ու մութ տարիների հետ։ 1991-95 թվականներին ցուրտ էր, էլէկտրաէներգիա չկար, բայց լո՛ւյս կար։ Մարդիկ ավելի լուսավոր էին, ավելի բարի։ Մթության մեջ մարդկային լույսն էր երևում, հիմա լույս կա՝ մարդիկ են խավարել», – ասում է Սենիկը։

Լույսի մարդու աշխատանքը սկսվում է այն ժամանակ, երբ լույս չկա։ Լույս կա, նրա կարիքը չկա։ Մարդիկ էլ են այդպես, լույսի մեջ մոռանում են մյուսներին, խավար ժամանակ՝ լույս են փնտրում։

«Աստված տեսավ, որ լույսը լավ է, և Աստված լույսը բաժանեց խավարից: Աստված լույսը կոչեց ցերեկ, իսկ խավարը կոչեց գիշեր: Եվ եղավ երեկո, և եղավ առավոտ՝ օր առաջին» (Ծննդ. 1:4-5):

Աշխարհի արարման առաջին իսկ օրը Աստված ստեղծեց լույսը, որ մութ ոչինչ չմնա, որ մարդ տեսնի մարդուն, որ մարդ տեսնի այն ամենն, ինչ պետք է ստեղծվեր հետո, որ մարդ տեսնի ինքն իր պատկերը։ Սակայն մեղքն այնքան շատացավ, որ մարդ նախընտրեց խավարում թաքնվել։

«Այսքան տարիների աշխատանքս ցույց է տվել, որ մարդիկ առանց լույսի չեն կարողանում անգամ մեկ ժամ դիմանալ, բայց անձնական խավարի մեջ են ապրում։ Երանի մի օր մարդիկ հասկանային, որ իրենց ներքին լույսերն են անջատվել», – ժպտալով ասում է Սենիկը։

Հետաքրքիր է, մարդիկ ծնվելիս «լույս աշխարհ» են գալիս, բայց մեծանալով՝ հայտնվում են մթության մեջ։ Բայց այդ մթությունն ամենևին կապ չունի հովհարային անջատումների հետ, ու լույսի մարդը չի կարող լուծել այդ խնդիրը, քանի որ ինչպես էլեկտրաէներգիան ունի իր գինը, այնպես էլ մարդկային, ներքին լույսն ունի իր գինը։

«Բարի գործ արա, օգնիր կարիքավորին կամ գոնե մի վնասիր։ Սա է այն գինը, որ քրիստոնյան վճարում է հոգևոր լույսի համար։ Ամեն բարի քայլ, որ արվում է նրա կողմից, լուսավորում է իրեն ու իր շրջապատը, ցրում է խավարը։ Դա շղթայական ռեակցիա է։ Մեկը մյուսին լուսավորելով՝ այլևս խավարին տեղ չի մնա», – ասում է քահանան։
Երբևէ հետևե՞լ եք, թե ինչպես են բարձրահարկ շենքերում պատուհանների լույսերը հերթով վառվում ու անջատվում։ Երբ լույսը վառ է, երևում է, թե այդ տան մեջ ինչ է կատարվում։ Մի պատուհանից երևում է, թե ինչպես է դիմացի հարևանը խոհանոցում ճաշ պատրաստում, մյուս պատուհանից՝ մայրը երեխային է քնեցնում, ութերորդ հարկի պատուհանից երեկոյան ժամերին միշտ կարելի է տեսել կարուձև անող տիկին Արուսին՝ կորացած մեջքով նստած կարի մեքենայի առաջ ու այսպես շարունակ։ Բայց շենքում կան նաև մութ պատուհաններ, ու թե ինչ է կատարվում դրանցից ներս՝ ոչ ոք չգիտի։ Այդպես էլ մարդիկ են. երբ նրանց մեջ լույս կա, կարողանում ես ճանաչել նրանց, բայց կան մարդիկ, որոնց «պատուհաններից» լույս չի երևում։

«Աստված ասաց. «Թող լույս լինի», – Ծննդոց գրքից կարդում է «լույսի մարդը»՝ Սենիկը, իսկ հեռուստացույցով հայտարարում են. «Ուշադրություն, այսօր լույս չի լինի»:

Հասմիկ Թամամյան

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս