«Չի կարելի հուսալ, որ Արմեն Սարգսյանի նշանակմամբ՝ արևմտյան կապիտալը ներդրումների ձևով կհոսի դեպի Հայաստանի տնտեսություն». Արմեն Բադալյան
«Արմեն Սարգսյանի որոշումն անսպասելի չէ, որովհետև հանդիպումների ժամանակ արդեն հասկացվում էր, որ, եթե համաձայնություն տված չլիներ, այդպիսի մեծածավալ, ի դեպ` իմաստազուրկ, հանդիպումներ չէր իրականացնի: Ամենայն հավանականությամբ, համաձայնությունը եղել է մինչ այդ հանդիպումները, ուղղակի դրանք, այսպես ասած, այդ գործընթացի PR մասն էր, ոչ ավելին»,- 168.am–ի հետ զրույցում հայտարարեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը` անդրադառնալով Սերժ Սարգսյանի և Արմեն Սարգսյանի երկրորդ հանդիպմանը, որի ժամանակ Ա.Սարգսյանը համաձայնություն է հայտնել լինելու ՀՀ նախագահի թեկնածու:
Բնականաբար, ըստ Ա. Բադալյանի, իրավիճակի փոփոխություն չի եղել, ավելին` Սարգսյանների առաջին հանդիպումից մինչև հիմա ՀՀ հաջորդ նախագահի լիազորություններն էլ ավելի սահմանափակվեցին` նրանից վերցվեց ներման իրավունքը: Այսինքն` նախագահը լինելու է ընդամենը «Անգլիայի թագուհի», բայց՝ չունենալով Անգլիայի թագուհու հեղինակությունը:
Ա.Բադալյանը նշեց, որ որևէ բան չի փոխվել, և պետք չէ դիտարկել՝ որպես արևմտյան կապիտալի ներհոսք: Փորձագետի խոսքով` մամուլում շատ գրվեց, թե Արմեն Սարգսյանի նշանակումը կարող է բերել լրացուցիչ ներդրումներ, սակայն այդպես չի կարող լինել, որովհետև ներդրողները նայում են ոչ թե նրան, թե ով է այդ երկրում լիազորություններ չունեցող նախագահը, այլ` ներդրումների համար ինչ բարենպաստ պայմաններ կան: Իսկ տարբեր միջազգային կառույցներ և անգամ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը նշեցին, որ ներդրումների համար ոչ բարենպաստ պայմաններ են Հայաստանում. «Այդ իսկ պատճառով չի կարելի հուսալ, որ նրա նշանակմամբ արևմտյան կապիտալը ներդրումների ձևով կհոսի դեպի Հայաստանի տնտեսություն, դա իրականությանը չի համապատասխանում: Ընդամենը կլինի նախագահ, ոչ ավելի»:
Դիտարկմանը, որ «Անգլիայի թագուհի» ձևակերպմանն իշխանության ներկայացուցիչները չեն ընդունում, ասում են, որ նախագահը շատ ավելի լայն լիազորություններ ունի, և խորհուրդ են տալիս կարդալ Սահմանադրությունը, Ա.Բադալյանը պատասխանեց. «Անգլիայի թագուհին, ճիշտ է, մեծ լիազորություններ չունի, բայց նա հեղինակություն ունի: Գործող նախագահը, երբ կդառնա «Անգլիայի թագուհի», նա Հայաստանում չի ունենա Անգլիայի թագուհու հեղինակությունը: Սա առաջին էական տարբերությունն է: Երկրորդ` նա Սահմանադրությամբ ոչ մի էական լիազորություններ չունի, և հանկարծ նա փորձի ինչ-որ մի շեղում թույլ տալ ներկայիս գործող նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից, նրան շատ հանգիստ կչեզոքացնեն Ազգային ժողովի միջոցով, և այլն»: