«Հայաստանը կարող է շատ կարևոր օղակ դառնալ տարածաշրջանում». Ժոնաթան Լաքոտ

«ՀՀ-ԵՄ համաձայնության ստորագրումը պատմական իրադարձություն է։ Դուք ինձանից լավ եք ծանոթ այն բոլոր վայրիվերումներին, որոնց հանդիպեց նախորդ համաձայնագիրը։ Իսկ այսօր մենք գիտակցում ենք այն արժեքը, որով օժտված է նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագիրը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։

Դեսպանի խոսքով՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրն իր ձևի մեջ եզակի է.

«Այն միակ համաձայնագիրն է, որը ստորագրվել է մի պետության հետ, որը ԵՏՄ անդամ երկիր է։ Հայաստանը, լինելով ԵՏՄ լիիրավ անդամ, կարող է հատուկ հարաբերություններ ունենալ նաև ԵՄ-ի հետ։ Հայաստանի եվրոպական ինքնությունը դույզն-իսկ կասկածի տեղիք չի տալիս։ Յուրաքանչյուր երկիր ինքը պետք  է ընտրի այն արժեհամակարգը, որն ուզում է իրենը դարձնել։ Այս համաձայնագիրը հետագայում համագործակցության նոր հեռանկարներ կարող է ընձեռել Հայաստանին»։։

Ժոնաթան Լաքոտը նկատեց՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը համապարփակ փաստաթուղթ է, որը բացի առևտրային դյուրինացված մոտեցումներից՝ ճյուղային համագործակցության հնարավորություններ է ընձեռում.

Կարդացեք նաև

«Համագործակցության դրսևորումներ, որոնք Հայաստանն ինքը պետք է զարգացնի։ Այս նոր համաձայնագրով Հայաստանի բուհական հաստատություններին հնարավորություն կընձեռվի եվրոպական ընդհանուր գիտահետազոտական ծրագրերին մասնակցություն ունենալ։ Հայկական ձեռնարկությունները հնարավորություն կունենան մասնակցելու ԵՄ անդամ երկրների ձեռնարկությունների հայտարարված տենդերներին։ Հայաստանը կկարողանա դասվել ԵՄ սպառողների պահպանության ընդհանուր միության շարքին։ Նշածս բաները միանգամից չեն զգացվի։ Սա երաշխիք է առ այն, որ Հայաստանում ձեռնարկված բարեփոխումները համապատասխանելի են եվրոպական ստանդարտներին, և արդյունքում՝ առևտրատնտեսական հարաբերություններն ավելի կդյուրացվեն ՀՀ-ԵՄ հարթության վրա։ Բնականաբար, սա Հայաստանի համար շատ մեծ պատասխանատվություն է, որովհետև համաձայնագրի ստորագրումով ՀՀ-ի կողմից ստանձնած բարեփոխումները նշանակում են՝ հնարավորինս մերձենալ ԵՄ հաստատած նորմերին։ Բայց, ամեն դեպքում, դժվար լինելով հանդերձ, սա մղում է պետությանը ձեռնարկել բարեփոխումներ»։

Դեսպանի կարծիքով՝ այդ փաստաթղթի շնորհիվ Հայաստանը կարող է շատ կարևոր օղակ դառնալ տարածաշրջանում. «Այս գիտակցմանը եկել եմ այն բանից հետո, երբ հանդիպել եմ Հայաստանում հաստատված և տնտեսվարող ֆրանսիական ընկերություններին։ Նրանց գործունեությունն է հեշտացվում, որովհետև ձեռնարկված բարեփոխումներով Հայաստանն անհամեմատ ավելի շատ է մոտենում եվրոպական նորմերին։

Այստեղ հաստատված ընկերություններին հետաքրքրում է նաև ԵՏՄ շուկայի հասանելիությունը։ Եթե Հայաստանը կարող է հանդես գալ գործարար աշխարհի համար ապահով միջավայրի իմիջով, նա հիանալիորեն կստանձնի կապող կամուրջի դերակատարություն ԵՏՄ-ի հետ։ Մեր ներդրողները հետևում են նաև իրանական շուկայի պոտենցիալ հնարավորություններին։ Եթե այսօր մեր տնտեսական հարաբերությունները մի փոքր սահմանափակված են, դրա միակ պատճառը հայկական ներքին շուկան էր, իսկ հիմա իրավիճակն արմատապես փոխվում է։ Եթե վաղը ֆրանսիական ինչ-որ մի ընկերություն գալիս ու հաստատվում է Հայաստանում, իր համար հայտնվում է իրավաբանական տեսանկյունից իր երկրի իրավական համակարգին մոտ համակարգ, և, բնականաբար, դա ունենալով՝ նա կարող է ծավալել իր գործունեությունը՝ հեռանկարում ունենալով ԵՏՄ-ի հետ համագործակցությունը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս