Բաժիններ՝

Գարո Փայլանը Թուրքիայի բյուջեն անարդար ու անբարեխիղճ է անվանել

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Գարո Փայլանը ելույթ է ունեցել մեջլիսում բյուջետային քննարկումների ժամանակ՝ հայտարարելով, որ իրենց բյուջեն ամենաանբարեխիղճն ու անարդարն է: Այս մասին հայտնում է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պաշտոնական կայքը:

«Ցանկացած պետության բյուջեն տվյալ երկրի խիղճն է: Մեր բյուջեն եկամուտների ու ծախսերի տեսանկյունից ամենաանբարեխիղճն ու ամենաանարդարն է: 2018 թվականի բյուջեում հատկացում է արվել ոչ թե սոցիալական քաղաքականությանը, այլ պատերազմական: Այժմ մենք առերեսվել ենք «Արդարություն և զարգացում» կուսակցության (խմբ. – Թուրքիայի իշխող կուսակցությունն է) ժամանակաշրջանի ամենաանարդար բյուջեի հետ»,- նշել է Փայլանը:

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ուժային կառույցների բյուջեն ավելացվել է 40-50 տոկոսով, մինչդեռ կրթության, ընտանիքի հարցերով զբաղվող նախարարությունների բյուջեն՝ ընդամենը 8-9 տոկոսով: «Ստացվում է, որ նոր բյուջեով նախատեսվում է ունենալ ավելի քիչ հիվանդանոց, դպրոց, բայց ավելի շատ զենք»,- փաստել է քրդամետ կուսակցության հայ պատգամավորը:

Նա ընդգծել է, որ մեջլիսի հիմնական պարտավորությունն է կանխել պետության վերածումը հանցախմբի: «Դա անում են ժողովրդավարական քաղաքականության, օրենքի գերակայության, մամուլի ազատության միջոցով, այլ ոչ թե S400-ներ գնելով»,- հայտարարել է Փայլանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս