«Մարդը միայն ինքն իր հետ պետք է մրցակցի, միայն ինքն իրեն մարտահրավեր նետի». Սամվել Գևորգյան

«Տեսնել սահմաններից այն կողմ, հաղթահարել խոչընդոտները և հավատալ հնարավորություններին, բացահայտել թաքնված ներուժը և մշտապես ձգտել գերազանցության: Սա մեր՝ BSC-ի առաքելությունն է, այն, ինչով մենք առաջնորդվում ենք արդեն տարիներ շարունակ: Այս մասին գրված է նաև «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքում»,- «168 Ժամի» հետ հարցազրույցում պատմում է գրքի հեղինակ, Հայաստանում բիզնես խորհրդատվության և ուսուցման առաջատար մասնագետ, «Բի Էս Սի» ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանը:

– «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գիրքը նախապատմություն ունի, աա արդեն չորրորդ հրատարակությունն է: Նախորդ երեք հրատարակությունները եղել են՝ 2003-2010 թվականներին, որոնք անվանել ենք «Ինչպես Հայաստանում սկսել սեփական բիզնեսը»: Երեք աշխատություններն էլ տարբեր նպատակներ են հետապնդել: Մենք նախաձեռնեցինք այդ աշխատությունների հրատարակումը, որովհետև դեռևս 2000 ականների սկզբին Հայաստանում հայերեն լեզվով բիզնեսի մասին պատմող գրքեր չկային:

Հետևաբար՝ առաջին հրատարակությունները մենք անում էինք հենց այդ բացը լրացնելու նպատակով: Քանի որ արձագանքները բավական մեծ էին, ոգևորվեցինք՝ գրելու երկրորդ, երրորդ գրքերը: Ի ուրախություն մեզ, կարճ ժամանակ անց պարզեցինք, որ դրանք օգտագործվում էին ոչ միայն սկսնակների, այլ նաև գործող ձեռներեցների կողմից: Մեզ շատ ոգևորեց նաև այն, որ այդ աշխատությունները սկսեցին կիրառվել նաև դասախոսների և ուսանողների կողմից՝ որպես ձեռնարկատիրության դասագիրք:

Կարդացեք նաև

– Որքա՞ն ժամանակ և ի՞նչ ռեսուրսներ են պահանջվել չորրորդ հրատարակության՝ «Քո սեփական բիզնեսը Հայստանում» գրքի ստեղծման համար:

– Վերջին գրքի ստեղծման վրա աշխատել ենք մոտ 15 ամիս: Այդ ամիսները բաժանեցինք հավասար մասերի: Առաջին հինգ ամիսներին մտորում էինք կառուցվածքի, մոտեցումների, վերնագրի շուրջ: Ընթացքում գիրքն անվճար պայմաններով տեղադրեցինք մեր վեբ կայքում՝ www.bsc.am, 25.000 ներբեռնում գրանցվեց: Դա միանգամից բերեց այն մտքին, որ գիրքն անպայման պետք է հրատարակել: Մեկնարկեց երկրորդ հնգամսյակը, որի ընթացքում մտածում էինք կառուցվածքի, թեմաների, գործիքների ուղղությամբ:

Այս ընթացքում էր, որ որոշում կայացրեցինք գրքում ներառել Հայաստանում գործող մեծ թվով ընկերությունների պատմությունները: Սկսեցինք այդ ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ, հարցազրույցներ անցկացնել, և այլն: Գրքի ստեղծման վերջին հնգամսյակն անցել է կոնկրետ գրելու, շարադրելու, վերամշակելու վրա: Արդյունքում՝ գրքի ստեղծումը տևեց 15 ամիս, գլխավոր կորիզը դարձնելով բիզնեսի փորձառության, աշխատող գործիքների ու մոտեցումների նկարագրությունը:

Գրքի շնորհանդեսի ժամանակ ինչ բնորոշում ասես՝ չլսեցինք դրա մասին, ընդհուպ՝ մինչև բիզնեսի հանրագիտարան, ինչը մեզ շատ ուրախացրեց: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր բիզնեսից շատ հեռու են, կարող են կարդալ գիրքը և, հետևելով այստեղ նկարագրված օրինակներին, սկսել իրենց բիզնեսը, որովհետև գիրքն արժեքավոր է նաև համեմված 200 հայկական բիզնես օրինակների պատմությամբ:

– Այն, որ գրքի շնորհանդեսն անցել է բացառիկ ջերմ, մարդաշատ և հետաքրքրված լսարանի ոգևորությամբ, արդեն հայտնի և ուրախալի փաստ է, պարոն Գևորգյան:

– Հետաքրքիրն այն էր, որ շնորհանդեսին ներկա շատերը չգիտեին, որ իրենց ընկերության մասին գրքում գրված պատմություն կա: Շնորհանդեսին նախորդող օրերին ֆեյսբուքյան գրառումներ էինք կատարում, նրանց թեգ էինք անում, զգուշացնում, որ իրենց համար անակնկալ ունենք և, իսկապես որ, արդեն շնորհանդեսի օրը շատ լավ անակնկալ ստացվեց նրանց համար՝ եկան ու իմացան, որ իրենց ընկերության պատմությունը ներկայացված է գրքում՝ իբրև բիզնեսում հաջողության հասնելու ճանապարհներից մեկը:

– Ոլորտային տեսանկյունից բիզնեսի ի՞նչ տեսակներ են ներկայացվել գրքում:

– Ամենատարբեր ու բազմազան՝ Հայաստանի բոլոր գրավիչ ոլորտները կան, սկսած՝ ՏՏ, տուրիզմ, գյուղատնտեսություն, սնունդ և սննդի վերամշակում, ֆինանսաբանկային ոլորտ, հյուրատներ, գրախանութներ, միջազգային կազմակերպությունների փորձառությունը Հայաստանում բիզնեսի աջակցման առումով, արտադրական կազմակերպություններ, առևտրային՝ մանրածախ ոլորտի կազմակերպություններ, և այլն:

– Ինչպե՞ս են ներկայացված բիզնես պատմությունները:

– Առհասարակ գիրքը կազմված է չորս մասերից՝ «Պլանավորիր քո բիզնեսը», «Կազմակերպիր քո բիզնեսը», «Կառավարիր քո բիզնեսը», «Զարգացրու քո բիզնեսը»: Այս գիրքը մի առանձնահատկություն ունի՝ 22-րդ գլուխը, որ վերջին պահին եմ գրել՝ «Վերջաբանի փոխարեն» կամ «Քո առաջին պայմանագիրը»: Այստեղ ներառված են գրքի մտահղացման մոտիվացիաները՝ «Ինքնակազմակերպվելու ժամանակն է», «Ստեղծագործ լինելու ժամանակն է», «Նորարար դառնալու ժամանակն է», «Հաջողակ լինելու ժամանակն է», «Առաջնորդ դառնալու ժամանակն է», «Գործելու ժամանակն է» և «Հայաստանում բիզնես սկսելու ժամանակն է»:

Վերջում նշում եմ, որ առաջին պայմանագիրը կնքելու ժամանակն է, և, եթե թվարկածս բոլոր կետերի հետ համաձայն ես, ապա վերադարձիր գրքի առաջին էջերին, սկսիր կարդալ գիրքը սկզբից, և ստորագրիր սեփական պայմանագիրդ, իսկ եթե համաձայն չես, ապա գիրքը նվիրիր ընկերոջդ: Առանձնահատկությունը նրանում է, որ ես պայմանագիր եմ կնքում հենց ընթերցողի հետ՝ եթե կարդում ես, ապա կարդացածդ պետք է իրականություն դարձնես, որովհետև, եթե դու կարդում ես, և դա մնում է պարզապես՝ որպես գիտելիք կամ տեղեկատվություն, դա քեզ օգուտ չի տալու, պետք է գործել:

– Պարոն Գևորգյան, հիմա դուք ձեր ընթերցողին նման խորհուրդ եք տալիս, իսկ եղե՞լ է մեկը, ով ժամանակին ձեզ է նման խորհուրդ տվել:

– Ոչ, այս գիրքն ամբողջությամբ իմ 26 տարվա փորձառության արդյունքն է՝ միաժամանակ՝ իր մեջ ներառելով նաև հայկական բիզնեսի 200 օրինակ:

– Մինչ հայաստանյան իրականությունում բարձրաձայնում են բիզնես ոլորտի, ոչ գրավիչ, ներդրումային դաշտի չխրախուսվող իրականության մասին, ձեր վերջին աշխատությունը կարծես հակառակն է փորձում ապացուցել: Ո՞ւմ հավատանք:

– Ներդրումային դաշտի վերաբերյալ խնդիրներ իսկապես կան, մակրոտնտեսական առումով որոշակի խնդիրներ նույնպես կան, ինչպես նաև խնդիրներ կան գործընկերներ գտնելու տեսակետից, բիզնես դաշտի կարգավորման, օրենսդրական և կանոնակարգման առումով նույնպես, բայց իմ մոտեցումն այդ խնդիրներին դոմինանտ կարգավիճակ չտալն է: Եթե մարդն իսկապես ցանկություն ունի գործելու, ինչ-որ բան ստեղծելու, ապա պետք է դա անի առանց որևէ տեսակի խոչընդոտները հաշվի առնելու: Այս գրքի գաղափարը հենց դրանում է, ինչը մենք դիտարկում ենք մեր ընկերության օրինակով:

Այո, գործարարը բողոքում է հարկային դաշտի կամ այլ տեսակի խնդիրներից, և համաձայն եմ, որ խնդիրներ կան, ամեն օր ես դրանք տեսնում եմ, սակայն, ի տարբերություն բողոքողների, ես ինքս չեմ համարում դրանք խոչընդոտներ՝ սեփական բիզնեսս զարգացնելու տեսանկյունից: Ինձ համար դրանք որոշակի դժվարություններ են, որոնք հաղթահարելի են և պետք է հաղթահարվեն: Որո՞նք են հաջողակ և անհաջողակ մարդկանց մոտեցումները՝ եթե անհաջողակը խոչընդոտի է հանդիպում, և դա նրա համար վերջն է, հաջողակ մարդը նույն իրավիճակում ասում է՝ այս ինչքան բան սովորեցի, անհաջողակը խոչընդոտների հանդիպելիս միանգամից ասում է՝ սա հնարավոր չէ, հաջողակը մտածում է՝ ինչպե՞ս այն դարձնի հնարավոր:

– Դուք ձեզ համարում եք հաջողա՞կ:

– Ավելի լավ կլիներ, եթե իմ գործընկերներն ու ընկերներն այդ մասին ասեին: Ինչ վերաբերում է իմ կարծիքին, ապա ես ինձ համոզված համարում եմ հաջողակ, որովհետև հաջողակ բիզնեսներ եմ ստեղծել, դրանք աշխատել են ու աշխատում են: Ամբողջ Հայաստանի տարածքում ես աշխատում եմ հազարավոր բիզնես ընկերությունների հետ, անձամբ եղել եմ Հայաստանի 915 բիզնես համայնքներից 850-ում: Այսինքն՝ ներսից ծանոթ եմ բոլորի խնդիրներին, մոտեցումներին ու մտածելակերպին:

Այդ փորձառությունը՝ թե՛ Հայաստանն իմանալու, թե՛ հայաստանյան բիզնեսը ճանաչելու տեսանկյունից, ես ունեմ: Ի վերջո, իմ կողքին շատ հաջողված օրինակներ կան, ասենք, միայն գրքում զետեղված 200 օրինակները, որտեղ ընդհուպ մինչև 18 տարեկան տղայի՝ Դավիթ Յուզբաշյանի օրինակը կա, ով Գյումրու ՏՏ ոլորտում մի քանի հաջողակ բիզնեսներ է ստեղծել և աշխատում է ինչպես՝ հայկական, այնպես նաև՝ արտասահմանյան գործընկերների հետ: Ենոքավանի պատմությունը կա, թե ինչպես առանց ճանապարհների գյուղական տարածքը դարձավ հայաստանյան առաջատար տուրիստական կենտրոններից մեկը, որտեղ տարեկան տասնյակ-հազարավոր այցելուներ են լինում:

Մյուս կողմից՝ Երևանին կպած մի գյուղի գյուղապետ կարող է բողոքել, որ գործ չկա, վիճակը վատ է, երկիրը երկիր չէ, և այլն: Հիմա դուք ասեք՝ ո՞ւմ է պետք հավատալ:

– Կարծում եմ՝ պատասխանը պարզ է…

– Այդ իսկ պատճառով ես գրքում գրում եմ՝ առաջին հերթին մարդը միայն ինքն իր հետ պետք է մրցակցի, միայն ինքն իրեն մարտահրավեր նետի, ինքդ քեզ համար մտածես, թե ինչպե՞ս առաջ գնաս և ինչպե՞ս առաջ տանես քո սեփական բիզնեսը Հայաստանում, ինչո՞ւ ես ուրիշներին նայում կամ ուրիշների մրցակցային դաշտ մտնում:

– Պարոն Գևորգյան, քանի՞ անգամ եք սայթաքել, մինչ հասել եք այս արդյունքներին:

– Երբեք: Գլոբալ իմաստով՝ ոչ մի սայթաքում չեմ ունեցել: Բիզնեսի կառավարման ընթացքում սայթաքումներ, ձախողումներ, խոչընդոտներ, իհարկե, եղել են, որին ես նայել եմ հետևյալ կերպ՝ ինչքան բան սովորեցինք, որոնք շատ ավելին արժեին, քան սայթաքման վտանգները:

– Այս գրքում միայն հաջողա՞կ պատմություններն են, թե՞ կան նաև չհաջողվածները, որոնցից կարելի է դասեր քաղել՝ ինչեր չանել բիզնեսում:

– Ընդհանրապես այդ «չ» տառը ես չեմ սիրում: Այդ մասին նույնիսկ հոդված ունեմ գրած՝ ««Չ» տառի չարիքը», որտեղ գրում եմ՝ իզուր չէ, որ չարիք բառը սկսվում է հենց «չ» տառով, քանի որ այդ «չ» տառը մեզ վնաս է տալիս: Մենք մեր բոլոր ձախողումները հիմնավորում ենք այդ «չ» տառով՝ հնարավոր չէ, չգիտեմ, չեմ կարող, երկիրը երկիր չէ, և այլն: Ես բացառել եմ իմ կյանքում «չ» տառը: Նույնիսկ կեսլուրջ-կեսկատակ ասում եմ՝ եկեք այբուբենից «չ» տառը հանենք, որովհետև, եթե չլինի այդ չարաբաստիկ «չ» տառը, չենք կարողանա ասել՝ հնարավոր չէ, կասենք՝ ինչպե՞ս դարձնենք հնարավոր, չենք ասի՝ չգիտեմ, այլ կասենք՝ ինչպե՞ս իմանալ, և այլն:

Տեսանյութեր

Լրահոս