«Շրջանակային համաձայնագիրն ավելի ճկուն ու կենսունակ կդարձնի Հայաստանի տնտեսական, քաղաքական համարակարգերը». Ատոմ Մարգարյան
Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի տնտեսական բաղադրիչից։
Տնտեսագետի խոսքով՝ համաձայնագիրը կարող է որոշակիորեն դիվերսիֆիկացնել, ավելի զանազանակերպ դարձնել Հայաստանի արտաքին քաղաքական, տնտեսական, մշակութային, ինստիտուցիոնալ, ինտեգրացիոն վեկտորները և այդպիսով ավելի ճկուն ու կենսունակ դարձնել մեր երկրի տնտեսական, քաղաքական համակարգերը.
«ԵՄ-ի հետ համաձայնագիրը փոխլրացնում է ԵՏՄ-ին և ավելի համակողմանի է դարձնում մեր կապերն աշխարհի հետ։ Մշակութային և քաղաքական այդ հզոր համակարգի հետ գործակցությունը, թերևս, հնարավորությունների լայն դաշտ է բացում։ Այս իմաստով՝ եթե ԵՄ-ն այլընտրանք լիներ, կնշանակեր՝ նեղացնել, պրիմիտիվացնել խնդիրը, որովհետև ԵՏՄ-ն գեոքաղաքական, գեոտնտեսական կազմավորում է՝ որոշակի պայմանագրային հենքի վրա ձևավորված, և դա նշանակում է՝ հստակ անդամակցություն այդ կառույցին Հայաստանի համար։ Այստեղ անդամակցության հարց չկա, ընդամենը գործակցության շրջանակային համաձայնագիր է՝ հավասարը հավասարի հետ սկզբունքով»։
Նա նշեց, որ շրջանակային համաձայնագիրն իրավունքներին կամ հնարավորություններին զուգահեռ՝ փոխադարձ պարտավորություններ է ենթադրում.
«Այս համաձայնագիրը հնարավորություն է տալիս Հայաստանին՝ շարունակելու այն բարեփոխումների շրջանը, որտեղ կարծես թե մենակ առաջ գնալու որոշակի խնդիրներ ունենք։ Խոսքը ինստիտուցիոնալ ռեֆորմների էֆեկտիվության մասին է։ Մենք տասնամյակներ շարունակ այդ ռեֆորմները հիմնականում իրականացրել ենք միջազգային ֆինանսական կառույցների, հատկապես՝ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Առևտրի համաշխարհային կազմակերպության հաշվին։
Նրանք ֆինանսական ռեսուրսներ են տրամադրել Հայաստանին, որի դիմաց պահանջել են ինստիտուցիոնալ և կառուցվածքային բարեփոխումներ։ Բայց պետք է արձանագրենք, որ այդ բարեփոխումները, որոշակի դրական ձեռքբերումներով հանդերձ՝ որոշակի ծուղակներ են առաջացրել։ Առաջին հերթին՝ դա կոռուպցիայի հիմնախնդիրն է, որ բնորոշ է մեր բախտակից շատ երկրներին, և հատկապես՝ ԵՏՄ, ԱՊՀ երկրներին։ Որոշ առումով՝ նաև Արևելյան Եվրոպայի երկրներն էին այդպիսի ռիսկերի տակ, նաև՝ Մերձբալթյան երկրները, բայց անդամակցությունը ԵՄ-ին՝ այդ երկրներին բավականին լուրջ ազդակներ է տվել»։
Նա հիշեցրեց, որ 2014թ. Հայաստանը պետք է արդեն ասոցիացման դաշտում լիներ, ինչը չեղավ. «Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան որոշակի քայլ կատարեցին և ասոցիացման դաշտում են, այսինքն՝ այնպիսի պայմանագրային դաշտում են, որն անդամակցության հնարավորություն է ստեղծում, թեև հասկանալի է, որ դրա համար բազմաթիվ քայլեր պետք է իրականացվեն։ Դա նույնիսկ տեսանելի հեռանկարում չի երևում»։
Այս տեսանկյունից, ըստ նրա՝ Հայաստանի այս նախաձեռնությունն ավելի ճկուն հարաբերությունների դաշտ է ձևավորում։ «Մեր տնտեսությունը դիվերսիֆիկացված չէ, և այս համաձայնագիրը, գործակցության այս շրջանակը, որի մեջ մտնում է Հայաստանը, կստիպի ձևավորել ինստիտուցիոնալ այնպիսի միջավայր, որը մրցակցայնության սկզբունքները կդարձնի որոշիչ»,- ասաց նա։