«Ռուբեն Մամուլյանն առաջին սպիտակ մարդն է, ով ամերիկյան թատրոն մտցրեց սևամորթ դերասան երևույթը»
Մշակութաբան և փիլիսոփա Ռուբեն Անգալադյանի հետ զրուցելու առիթներ հաճախ են լինում: Նրա հետ ունեցած ամեն զրույց, սակայն, մի հստակ առանձնահատկություն ունի: Ինչի մասին ուզում ես՝ խոսիր նրա հետ՝ մտահոգությունն առկա է, իսկ թեման, մեծ իմաստով, արվեստի զարգացման ժամանակակից ուղիների ըմբռնման և կիրառության մասին է:
Համաշխարհային կինեմատոգրաֆը կամաց-կամաց մոռացության է մատնում ամերիկահայ մեծ կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանի անունը: Այս մասին Ռուբեն Անգալադյանը խոսում է մեծ ցավով՝ միաժամանակ նախանշելով ելքերը.
– Մոռացվում են այդ հզոր մարդու կյանքի ընթացքում ունեցած լեգենդներն ու միֆերը, նրա հաղթանակներն ու պարտությունները, այնինչ թբիլիսցի խոշոր բանկիրի և հայկական թատրոնի դերասանուհու որդուն հաջողվեց հեղափոխական մոտեցումներ բերել ոչ միայն համաշխարհային կինոյի պատմության մեջ, այլ նաև թատրոնում: Երևի շատ քչերը կիմանան, որ Ռուբեն Մամուլյանն առաջին սպիտակ մարդն է, ով ամերիկյան թատրոն մտցրեց սևամորթ դերասան երևույթը: Մինչ այդ սևամոթների դերերում խաղում էին սպիտակ մարդիկ, որոնք, համապատասխանաբար, ներկվում էին սև գրիմով և ներկայանում՝ իբրև սևամորթ դերասաններ:
Մամուլյանը թատրոնում աշխատելու առաջարկ ստանում է ժամանակի մեծ մարդասեր, «Կոդակ» ֆիրմայի տնօրեն, «Կոդակ» տեսախցիկի գյուտարար Իսթմենից, ով, լինելով թատրոնի մեծ սիրահար, Ռիչմորդում երաժշտական թատրոն է բացում և օպերային երգիչ Վլադիմիր Ռոզինգի խնդրանքով՝ որպես ռեժիսոր հրավիրում Ռուբեն Մամուլյանին: Դեռևս նավի վրա գտնվելով, որով Իսթմենն ու Վլադիմիր Ռոզինգը Եվրոպայից ԱՄՆ վերադառնալու ճանապարհին էին, Իսթմենի խնդրանքով հեռագիր է ուղարկվում Մամուլյանին, ով այդ ընթացքում ապրում և աշխատում էր Լոնդոնում:
Մերժելով Փարիզում աշխատելու առաջիկա հրավերը, 1923թ. Մամուլյանը տեղափոխվում է ԱՄՆ և ձեռնամուխ լինում «Պորգի» պիեսի բեմադրման աշխատանքներին, որից հրաժարվել էին հնարավոր բոլոր ռեժիսորները, որոնց այն առաջարկվել էր: Բանը նրանում էր, որ նրանցից և ոչ մեկը չէին հասկանում, թե ինչպե՞ս կարելի է աշխատել սևամորթ դերասանների հետ:
Մեկնելով ԱՄՆ-ի հարավային Լուիզիանա նահանգ, Մամուլյանը բավական երկար ժամանակ է անցկացնում՝ ուսումնասիրելով սևամորթ ռասայի բարքերն ու սովորույթները, ու այնտեղից վերադառնում մի խումբ դերասանների ուղեկցությամբ:
1927թ. հոկտեմբերի 10-ին տեղի է ունենում ներկայացման պրեմիերան, որը, ի զարմանս շատերի, աներևակայելի հաջողություն է ունենում՝ Բրոդվեյի բեմում ունենալով ավելի քան 360 ներկայացում, որն այն ժամանակների համար չլսված մի բան էր:
Այս ամենը պատմեցի՝ հասնելու համար Ջորջ Գերշվինի «Պորգին և Բեսսը» ռոք օպերայի բեմականացման պատմությանն ու հետագա զարգացումներին, ցույց տալու համար, թե ինչպես է պետք գնահատել և մեծարել այնպիսի անհատների, ինչպիսին Ռուբեն Մամուլյանն է, ում անունը գրանցված է «Փառքի Բրոդվեյյան դահլիճում» և ում հաջողվեց կինեմատոգրաֆիայի ասպարեզում ունեցած մեծ ձեռքբերումների համար ստանալ Ամերիկայի կինոռեժիսորների գիլդիայի «Գրիֆֆիթ» մրցանակը:
Մենք սովոր ենք, չէ՞, հպարտանալ՝ այս մեկը հայ է, այն մեկը նույնպես հայ է՝ հայրն ու մայրը հայ են, ուրեմն՝ վե՛րջ, մերն է: Միաժամանակ տեղից վեր կացողը հայտարարում է՝ երկիրը երկիր չէ, իսկ գուցե ազգս ազգ չէ… Շարունակեմ միտքս, որով և կհաստատեմ ասածս: Երբ Ջորջ Գերշվինը «Պորգիի» հիման վրա ռոք-օպերա էր բեմադրում, օգնության համար դիմում է Ռուբեն Մամուլյանին:
Հայտնի փաստ է, որ հատկապես Մամուլյանի խորհուրդներով է նա կարողանում կատարելության հասցնել իր աշխատանքը: Սա չի թաքցրել նաև ինքը՝ հեղինակը, ով «Պորգին և Բեսսը» օպերայի առաջին բեմադրությունից հետո հայտարարում է՝ օպերան իրականացրել է Մամուլյանը` բավական փոփոխություններ մտցնելով երաժշտական նյութի մեջ, ողջ կյանքի ընթացքում շնորհակալ մնալով Մամուլյանին՝ սեփական ստեղծագործությունը խմբագրելու և օպերայի հաջողության համար:
Ի՞նչ են անում ամերիկաբնակ մեծահարուստ հրեաները: Նրանք ամեն գնով կարողանում են հասնել ԱՄՆ նախագահի մոտ և համոզել նրան, որ Ջորջ Գերշվինի անվան շքանշան սահմանի, որով ամեն տարի սեփական մասնակցությամբ կպարգևատրվեն ամերիկյան թատրոնի և մյուզիքլի անվանի երաժիշտները: Նրանց մոտ սա հաջողվում է։
Ո՞ւմ «վեջն է» Մամուլյանը, ո՞վ է հիշում նրան, կամ ո՞վ կհիշի հեռավոր Ամերիկայում, եթե դու ինքդ տեր չես կանգնում քո ազգի զավակին: Մեր ազգը ներքուստ ազատ չէ, մշտապես ինչ-որ փոքր խաղերի մեջ մտած, մեկ-մեկ էլ պատահական ֆլուկտուացիաներ է տալիս, օրինակ, Փարաջանովի կամ Փելեշյանի նման, ովքեր մեր կինոն հասցնում են չգերազանցված բարձունքի, ու վերջ՝ շարժումը կանգ է առնում:
Եթե մենք հստակ մշակված մշակութային քաղաքականություն և Մշակույթի նախարարություն ունենայինք, և, եթե այնտեղ աշխատող պատասխանատուները կարդային այս հոդվածը, ապա համապատասխան հետևություններ կանեին՝ ընդհուպ մինչև ԱՄՆ նախագահին դիմելով ու հիշեցնելով, որ իր երկրի արվեստի պատմության մեջ Ռուբեն Մամուլյան անունով անհատ է եղել: Ընդ որում, դա այնքան դժվար հաղթահարելի գործ չէր լինի, որքան նրանք կարող էին իրենց երևակայել..։