«Վախեր տարածելը չի բխում ոչ մեկի շահերից»

Հարցազրույց «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հետ

– Ամուլսարի ծրագիրն ակտիվ շինարարության փուլում է, նախատեսվում է սկսել ոսկու արդյունահանումը հաջորդ տարի: Եթե մինչ այս մենք միայն լսում էիք, որ միջազգային մոտեցումներ եք բերելու, արդեն այս փուլում կա՞ ինչ-որ տեսանելի տարբերություն:

– Կարծում եմ՝ այո: Երբևէ մեծ ծավալի շինարարություն տեսած մարդու համար արդեն այսօր նույնիսկ արտաքինից տեսանելի կլինի բացված ճանապարհների, ենթակառուցվածքների որակի տարբերությունը: Արդեն կարելի է տեսնել, թե ինչպես են կիրառվում այն բոլոր ինժեներական լուծումները, որոնք ժամանակակից հանքարդյունաբերության փորձն են, և որոնց մասին խոսել ենք՝ որպես բնապահպանական կառավարման նոր մոտեցումներ:

– Օրինակներ կարո՞ղ եք բերել:

Կարդացեք նաև

– Օրինակ, դատարկ ապարների լցակույտի հատակին տեղադրվում են խողովակներ, որոնք պատվելու են պաշտպանիչ շերտով՝ ջրերը հանքի ենթակառուցվածքներից առանձնացնելու համար: Կառուցվում են շրջանցող ջրահեռացնող համակարգեր՝ անձրևաջրերի և ձնհալի ջրերի հոսքերն ուղղորդելու համար: Սրանք հենց այն միջոցառումներից մի քանիսն են, որոնց կիրառման արդյունքում շրջակա ջրային ավազանները պաշտպանված կլինեն:

– Եվ դրանք կարելի է արդեն տեսնե՞լ:

– Այո, մեր կայքում կան որոշ լուսանկարներ: Ցանկության դեպքում կարելի է նաև դրանք տեսնել՝ նախապես մեզ դիմելով:

– Շինարարությունը, դատելով սոցիալական կայքերում ձեր լուսանկարներից, բավական ակտիվ ընթանում է, կա՞ն արդյոք խնդիրներ, թե ամեն ինչ հարթ է ընթանում:

– Անշուշտ, ամեն ինչ կատարյալ չի կարող լինել: Օրինակ՝ այս տարի շատ չոր տարի էր, և ամռան ամիսներին, որոշ քամոտ օրերին, փոշին բավական շատ էր: Խնդիր ունեինք որոշ կապալառու շինարարական ընկերությունների հետ, որպեսզի հետևեն մեր չափանիշերին, այդ թվում՝ նաև փոշու կառավարման հարցում: Օրինակ՝ ժամանակին կիրառեն ջրցան մեքենաներ: Երբեմն ստիպված էինք կանգնեցնել աշխատանքները, որպեսզի հետևենք, որ համապատասխան միջոցառումներ կիրառվեն: Իհա՛րկե, խնդիրներ լինում են: Բայց փորձում ենք շտկել թերացումները:

– Այս տարի առաջին անգամ հրապարակեցիք Կայուն զարգացման զեկույց: Ընկերությունը պարտավորվել է ներկայացնել նաև բացթողումները: Օրինակ՝ ձեր նշած խնդրի մասին զեկույցում գրվե՞լ է: Եվ ո՞րն է ընդհանրապես այս զեկույցի նպատակը:

– Ժամանակակից բիզնես էթիկայում Կայուն զարգացման զեկույցը թափանցիկ աշխատանքի և հաշվետվողականության կարևոր փաստաթուղթ է, որը ներառում է բնապահպանական և սոցիալական բոլոր ասպեկտների ուղղությամբ հաշվետու տարվա ձեռքբերումները, և այո, նաև` բացթողումները: Մեր դեպքում կարևոր է այն փաստը, որ զեկույցը ներկայացրեցինք դեռևս հանքի շինարարության վաղ փուլում։ Այդ առումով սա հազվադեպ օրինակ է՝ ոչ միայն Հայաստանում։ Փոշու խնդիրը ծագեց արդեն այս տարի, և այն անպայման կներկայացվի 2017թ. Կայուն զարգացման զեկույցում, որտեղ նաև տեղ կգտնեն խնդրի լուծումները, որոնք արդեն իսկ կիրառվում են:

– Ընկերությանը հաճախ են մեղադրում, որ չեք խոսում այն ռիսկերից, որոնց մասին խոսում են բնապահպանները:

– Նախ՝ թույլ տվեք մի շտկում: Բնապահպանությունը մասնագիտություն է, այն պահանջում է համապատասխան ակադեմիական կրթություն կամ համապատասխան աշխատանքային փորձ: Քննադատներից շատերը, որպես կանոն, չունեն ո՛չ մեկը, ո՛չ մյուսը: Նրանք ակտիվիստներ են, մտահոգ քաղաքացիներ, որոնք, անշուշտ, իրավունք ունեն հայտնել իրենց մտահոգությունները, բայց բնապահպանության մասնագետ չեն:

– Դե, թեկուզ ակտիվիստներ: Ձեզ մեղադրում են այն բանի մեջ, որ ասում եք, որ ազդեցություններ չեն լինի:

– Մենք երբեք չենք ասել, որ ազդեցություններ չեն լինելու: Մարդու ցանկացած գործունեություն ունի ազդեցություն՝ քաղաքաշինությունից մինչև տուրիզմ: Մենք ասել ենք, որ դրանք հնարավոր է կառավարել, ինչպես արվում է աշխարհի հարյուրավոր հանքերում: Այն «ազդեցությունները», որոնց մասին հաճախ լսում եք, այո՛, միանշանակ հնարավոր է բացառել` Սևանի վրա ազդեցություն չի՛ լինելու, Ջերմուկի ջրերի վրա ազդեցություն չի՛ լինելու, համայնքների բնակիչների առողջության վրա ազդեցություն չի՛ լինելու: Դա՝ միանշանակ: Բայց, անշուշտ, մեծ տրամագծով բացահանքեր ունենք, տեղադրվելու են հսկայական ենթակառուցվածքներ, ազդեցություն է կրելու, օրինակ՝ լանդշաֆտը: Հիշեցնեմ, որ մենք մի ամբողջ 5 հազար էջից բաղկացած հետազոտություն ենք հրապարակել՝ բոլոր հնարավոր ազդեցությունների գնահատմամբ և մեղմացման ու չեզոքացման միջոցառումների նկարագրությամբ:

– Արդյոք այդ հետազոտություններում կա՞ թթվային ապարների դրենաժի ռիսկը, որի մասին հետազոտություն էին անցկացրել վերջերս մի քանի միջազգային փորձագետ:

– Մի կարևոր ճշտում. այդ փորձագետներն Ամուլսարում հետազոտություն չեն անցկացրել: Նրանք ընդամենը կարդացել և մեկնաբանել են մեր հետազոտությունների մի մասը: Հետևաբար՝ այո, այդ մասին հարյուրավոր էջեր կան մեր հրապարակային փաստաթղթերում:

– Այդ դեպքում ի՞նչ նոր վտանգների մասին են խոսում ակտիվիստները:

– Թթվային ապարների դրենաժի մասին հարյուրավոր էջեր կան արդեն մի քանի տարի հրապարակված Ամուլսարի Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվության մեջ, և, եթե քննադատներն այն կարդացել էին, ապա դա չպետք է որ բացահայտում լիներ: Ավելին, թթվային ապարների դրենաժը հանքարդյունաբերության մեջ իսկապես լուրջ խնդիրներից մեկն է, որը կա բոլոր հանքերում, այդ թվում՝ Հայաստանում: Քանի՞ անգամ եք լսել, որ այդ մասին խոսվեր նախկինում:

– Առաջին անգամ Ամուլսարի հետ կապված եմ լսել այս տարի:

– Հարցն էլ հենց դա է: Թթվային դրենաժի խնդիրը հանքարդյունաբերության մեջ նոր չէ: Հայաստանում, որպես կանոն, դրան լուծում չի տրվում ընդհանրապես: Բայց այդ խնդիրը լուծելի է, և ժամանակակից հանքերում կիրառվում են լուծումներ, որի օրինակներն արդեն բերեցի՝ կառուցվում են ջրահեռացման համակարգեր, հետագայում կիրառվում են մաքրման համակարգեր: Ամուլսարի ծրագիրը լուրջ ներդրում է արել համապատասխան ժամանակակից լուծումներ կիրառելու մեջ: Եթե նույնիսկ կան մարդիկ, ում համար թթվային դրենաժի խնդիրը նորություն է, ապա այսօր Ամուլսարում ներդրվում են լուծումներ, որոնք կարող են նաև լավ օրինակ դառնալ՝ այլ վայրերում:

– Ամուլսարի հետ կապված մի քանի այլ խնդիր էլ էր մատնանշվում:

– Եթե հետևեք Ամուլսարի քննադատության զարգացմանը, հետաքրքիր միտում կնկատեք: Տարիներ առաջ, ասվում էր՝ Ամուլսարում ուրան կա, և ամբողջ տարածքում ուրան կլցվի: Ե՞րբ եք վերջին անգամ նման բան լսել:

– Այդ մասին կարծես վաղուց չեն խոսում:

– Այո, հավանաբար մի քանի մասնագետի հետ խորհրդակցելուց հետո, հուսանք, որ համոզվել են, որ նման բան չկա, ու դադարեցին այդ մասին խոսել: Հաջորդը՝ ցիանիդն էր: Ասում էին՝ ցիանիդը հոսելու է ամբողջ տարածքով, գնալու է հասնի Սևան: Դարձյալ տարիներ տևեց, որ շատերը համոզվեն, որ ցիանիդը թանկ ապրանք է և պարունակելու է արդյունահանվող ոսկին, և առնվազն անտրամաբանական է ենթադրել, որ այն ազատ հոսելու է ամենուր: Այս մասին էլ, եթե նկատեք, գնալով ավելի քիչ են խոսում: Կամ ասում էին՝ մարդկանցից այգիները գնելու եք ստիպողաբար՝ կոպեկներով: Մենք 150 հողատիրոջից հող գնեցինք, և բնակիչներից ոչ մեկի հետ դատական վեճ չունեցանք:

Սա, կարծում եմ՝ աննախադեպ է Հայաստանում, և, ի դեպ, հազվադեպ՝ նաև աշխարհում, և խոսում է ընկերության հանդեպ վստահության մասին: Հիմա նույն ոճով խոսում են թթվային դրենաժի մասին, որ այն հնարավոր չէ կառավարել, և շուրջն ամեն ինչ աղտոտվելու է: Կանցնի ժամանակ, և վստահ եմ, որ շատերը կհամոզվեն, որ սա նույնպես լուծելի խնդիր է:

– Բայց թթվային դրենաժի մասին նաև միջազգային փորձագետներ են խոսել:

– Բայց եթե կարդաք այդ եզրակացությունները, այնտեղ չի ասվում, որ թթվային դրենաժն անկառավարելի է՝ ընդհանրապես: Հարգելով բոլոր մասնագետներին, նշեմ, որ մեր հետազոտությունները ևս՝ տասնյակ հատորներ և հազարավոր էջեր, որոնցով մենք առաջնորդվում ենք, բոլորն էլ կատարվել են անկախ, հեղինակավոր, միջազգային փորձագետների կողմից, ովքեր տարիներ շարունակ տեղում ուսումնասիրություններ են կատարել, մանրամասն փորձաքննություններ են իրականացրել։

Ձեր նշած փորձագետները հենվել են հենց մեր ուսումնասիրությունների վրա։ Նրանց խորհուրդների մի մասը նույնիսկ ընդունելի է, քանի որ դրանք մեր պլաններում ևս կան և իրենց համապատասխան ժամկետներում պետք է իրականացվեն՝ արդեն նախագծված և հաստատված ծրագրի համաձայն։

Բայց կան նաև հետևություններ, որոնց հետ համաձայնել չենք կարող։ Զգացվում է, որ փորձագետներն ունեցել են սահմանափակ քանակի տեղեկություն։ Մեր բոլոր փաստաթղթերը հրապարակված են, դրանք շատ ծավալուն են, և, զարմանալի չէ, որ հանքավայրից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա միայն փաստաթղթերով աշխատող փորձագետների հետևություններում տեղ են գտել թյուրըմբռնումով պայմանավորված սխալներ։ Բայց նույնիսկ այդ փորձագետները չեն բացառում թթվային դրենաժի կառավարումը։

Այլ հարց է, որ նրանք առաջարկում են որոշ հավելյալ հետազոտություններ և հավելյալ միջոցառումներ։ Ինչպես ասացի, դրա սպառիչ պատասխանը տվել են Ամուլսարի բնապահպանական հետազոտությունների վրա աշխատած միջազգային անկախ փորձագետները, ի դեպ, բերելով աշխարհում թթվային դրենաժի հաջող կառավարման կոնկրետ օրինակներ:

– Այսինքն՝ թթվային դրենաժը հնարավո՞ր է կառավարել:

– Միանշանակ: Ամուլսարի հանքաքարն օքսիդացված է, և դա նույնպես ոչ մի գիտնական չի հերքի: Հետևաբար՝ թթվային դրենաժի խնդիրն առկա է հիմնականում միայն դատարկ ապարների լցակույտում, և որոշ չափով կարող է առաջանալ բացահանքերում: Խնդիրը լուծվում է թե՛ շինարարության փուլում միջոցառումների կիրառմամբ, թե՛ արդյունահանման ընթացքում ջրերի հավաքման, թե՛ նաև հետագայում՝ վերականգնման և երկարաժամկետ մաքրման համակարգեր տեղադրելով:

– Զարգացած երկրներում նման մեթոդներ կիրառվո՞ւմ են:

– Այո: Այս միջոցառումները «Լիդիանը» չի հորինել: Սրանք վերջին շրջանում նոր կառուցվող հանքերում հաջողությամբ կիրառվող համակարգեր են՝ Կանադայից մինչև Շվեդիա: Հանքարդյունաբերությունը չի դադարելու ո՛չ Հայաստանում, ո՛չ ամբողջ աշխարհում, իսկ դրա բնապահպանական կառավարումը գնալով կատարելագործվում է: Մեր բոլորի շահերից է բխում՝ Հայաստան բերել այդ փորձը: Ես լիովին հասկանում եմ ակտիվիստների թերահավատությունը: Մենք պատրաստ ենք լսել հարցերը: Եթե կան բացթողումներ, որոնք մեզ հիմնավորված մատնանշեն, սիրով կուղղենք դրանք: Բայց հնարավոր չէ բարելավել հանքարդյունաբերության ոլորտը, եթե քննադատությունը հիմնված չէ փաստերի վրա: Չհիմնավորված վախեր տարածելը չի բխում ոչ մեկի, այդ թվում՝ երկրի շահերից:

Տեսանյութեր

Լրահոս