Բաժիններ՝

«Բարեփոխումների շարունակականությունը տալիս է իր արդյունքը». Գագիկ Մինասյան

Հայաստանում իրականացվող բարեփոխումները շարունակական են և պատահական չէ, որ դրանք գնահատվում են նաև միջազգային համապատասխան կառույցների կողմից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը` մեկնաբանելով համաշխարհային վարկանշային աղյուսակում Հայաստանի դիրքերի բարելավումը: Ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի կազմած մրցունակության համաշխարհային վարկանշային ցանկի` Հայաստանը 6 հորիզոնականով բարելավել է դիրքերը` զբաղեցնելով 73-րդ տեղը 137 երկրի շրջանում:

«Բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել բիզնես միջավայրի բարելավման համար: Օրինակ, կապված` էլեկտրոնային հաշվետվությունների հետ, դրանից բացի, պետական մարմինների հետ հաղորդակցվելու մեկ պատուհանի հնարավորությունը: Հարկային օրենսգրքով նոր դրույթներ են սահմանվել, որոնք ևս հեշտացնում են բիզնեսի աշխատանքը: Ավելի քան վստահ եմ, որ վերջին տարիներին հետևողական իրականացվող աշխատանքները տալիս են իրենց պտուղները»,-ասաց Գագիկ Մինասյանը:

Հարցին, թե այս ցուցանիշները որքանով կնպաստեն ներդրումների ներգրավմանը, Գագիկ Մինասյանը նշեց, որ դա մի քանի գործոնների հետ է կապված: Հայաստանը ներդրումների ներգրավման գործին խոչընդոտող երկու բացասական բաղադրիչ ունի` չավարտված հակամարտություն, իսկ բիզնեսը չի սիրում այդ իրավիճակում ռիսկի գնալ, երկրորդ` խնդիրներ` արտաքին աշխարհի հետ կապող տրանսպորտային հաղորդակցման ուղիների հետ:

«Հետևաբար, չափազանց կարևոր է հասկանալ` այն իրողությունները որում մենք գտնվում ենք, մեզ պարտադրում են, որ մեր հարաբերական առավելությունները հարևանների նկատմամբ լինեն ավելի ցցուն: Այն աշխատանքները, որոնք արվում են բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ, շատ կարևոր են այդ երկու բացասական բաղադրիչների ազդեցությունը մեղմելու համար: Չափազանց կարևոր է լրացուցիչ բազմաթիվ ուղղություններով աշխատանքները շարունակելը»,-ասաց նա:

Համաշխարհային տնտեսական ֆորումի կազմած մրցունակության համաշխարհային վարկանշային ցանկում Հայաստանը զբաղեցրել է 73-րդ տեղը 137 երկրի շարքում` բարելավելով դիրքը 6 հորիզոնականով: Նախորդ տարի 138 երկրից բաղկացած ցուցակում Հայաստանը զբաղեցրել էր 79-րդ տեղը: Ամենաբարձր մրցունակություն ունեցող 15 երկրի մեջ առաջին երեք հորիզոնականներում են Շվեյցարիան, ԱՄՆ-ը և Սինգապուրը: Վարկանշային ցանկը կազմվում է 1979 թվականից սկսած: Մրցունակության համաշխարհային վարկանիշի ժամանակակից մեթոդոլոգիան կիրառվում է 2005 թվականից ի վեր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս