«ԵՏՄ անդամ 5 երկրից 4-ը դեպի ծով ելք չունի, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում». Լեոնիդ Վարդոմսկի

ՌԳԱ Էկոնոմիկայի ինստիտուտի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեոնիդ Վարդոմսկին (Մոսկվա) այսօր «Sputnik Արմենիա» մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Մոսկվա` «Համագործակցություն Եվրասիական տնտեսական միության շրջանակում. Ղազախստանում կայացած միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները» թեմայով տեսակամուրջի ժամանակ ասաց, որ նիստի օրակարգի կարևոր հարցերից էր տրանսպորտի հարցը, որի վերաբերյալ 4 փաստաթուղթ է ստորագրվել.

«Բոլոր փաստաթղթերը սոցիալ-տնտեսական առումներով շատ կարևոր էին։ Քիչ աշխատանք չի արվել՝ միասնական տրանսպորտային ուղի ստեղծելու ուղղությամբ, բայց դրանք դեռևս բավարար չեն։ Բոլոր երկրները խնդիրներ ունեն տրանսպորտային ուղիների հետ կապված, օրինակ՝ Հայաստան-Բելառուս, Ռուսաստան-Ղրղըզստան, այսինքն՝ այնտեղ, որտեղ անհրաժեշտ է տրանզիտ։ Այստեղ դեռևս տարիֆային հարցերը չեն լուծվել, կան շատ տեխնիկական հարցեր։ Իսկ առանց տրանզիտի, առանց հուսալի տրանզիտային ուղիների՝ շատ երկրների հետ առևտուր անելու խնդիր է առաջանում։ ԵՏՄ անդամ 5 երկրից 4-ը դեպի ծով ելք չունի, միայն Ռուսաստանը ելք ունի դեպի ծով, և սա առաջացնում է լուրջ խնդիրներ»։

Վարդոմսկին նկատեց, որ անհրաժեշտ է միասնական ներդրումներ անել՝ դեպի ծով ելք չունեցող երկրների ապրանքները Ռուսաստանի միջոցով այլ երկրներ արտահանելու ուղղությամբ.

«Բոլորս գիտենք, որ ցամաքային երկրները համարվում են աշխարհի քիչ թե շատ աղքատ երկրները, նրանք ավելի շատ զարգացման խնդիրներ են ունենում, քան դեպի ծով ելք ունեցող երկրները։ Դա փաստ է, հետևաբար՝ պետք է ԵՏՄ-ի միջոցով փորձել լուծել այն»։

Տեսանյութեր

Լրահոս