Բաժիններ՝

Էլեկտրաէներգիայի շուկայի ազատա­կա­նացումը չի առնչվում «Գազպրոմի» հետ կնքված գազային պայմանագրին

«Ներկայացված ծրագրի ժամանակացույցը նախանշում է հստակ քայլեր, որ իրականացվելու են մինչև 2020 թ., որի նպատակն է՝ անցնել շուկայի նոր ազատական մոդելին։ Ներկա պահին մեր շուկան ամբողջությամբ կարգավորվում է և, հավանաբար, մեր տնտեսության մեջ միակ ամբողջովին կարգավորվող շուկան է, որ մնացել է։

Եվ մենք նպատակ ենք դրել անցնել նոր ազատական մոդելի, քանի որ վստահ ենք, որ դա կբերի ավելի արդյունավետ էներգետիկ համակարգի, կխթանի արտահանումը, կավելացնի սպառողների շահերի պաշտպանվածության մակարդակը, հնարավորություն կստեղծի նոր հզորությունների կառուցման և մի շարք նոր բիզնեսների ի հայտ գալու, միաժամանակ ունենալու ենք շուկայում նոր մատակարարներ։ Այսինքն՝ բաշխման մոնոպոլիան կմնա Հայկական էլեկտրական ցանցերին, բայց մատակարարման մոնոպոլիա ՀԷՑ-ն այլևս չի ունենա»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը՝ մեկնաբանելով վաղը Կառավարության նիստի օրակարգում ներառված ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատա­կա­նացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի նախագիծը։

Ըստ նրա՝ այս ծրագրով նախատեսվում է ստեղծել բոլոր նախապայմանները, որպեսզի շուկայում հայտնվեն նոր մատակարարներ՝ օգտագործելով ներկա ենթակառուցվածքները։ Հ. Հարությունյանի խոսքով՝ խոշոր ընկերությունները կկարողանան էլեկտրաէներգիա գնել անմիջապես արտադրողներից, իսկ մանր սպառողները կշարունակեն գնել ՀԷՑ-ից. «Կգործի երաշխավորված մատակարար և երաշխավորված արտադրող գաղափարները, որով կապահովվեն մեր բնակչության շահերի պաշտպանությունը, և բնակիչը չի ենթարկվի որևէ սպեկուլյացիաների։ Այսինքն՝ առաջին փուլում մենք դեռևս ունենալու ենք կարգավորվող գներով շուկա, բայց միաժամանակ՝ թույլ ենք տալու մեծ սպառողներին, որպեսզի իրենք այն ավելցուկային էներգիան, որ մեր էներգաբալանսից դուրս կլինի, կարողանան ուղիղ պայմանագրերով գնել, ներմուծել և արտահանել»։

Փոխնախարարը կտրականապես հերքեց, թե այս փոփոխության հետևանքով բնակչության համար էլեկտրաէներգիան, հնարավոր է՝ թանկանա. «Միանշանակ՝ ոչ։ Այժմ ՀԷՑ-ն ունի մի քանի սակագին՝ կախված լարումներից։ Առաջին հերթին է՛լ ավելի ենք հստակեցնելու ՀԷՑ-ի ծախսերը և վերլուծության ենք ենթարկելու՝ ըստ լարման խմբերի ինքնարժեքի, մատակարարման ծախսերն ենք առանձնացնելու և, եթե իր գինը բաղկացած է մատակարարման ծախսերից և բաշխման գործառույթից, եթե որոշ ընկերություններ այլ մատակարարից գնեն էլեկտրաէներգիա, այդ մասով մատակարարման ծախսերը միանշանակ ՀԷՑ-ի գնից դուրս են գալու, և ստանալու է միայն բաշխման սակագինը»։

Կարդացեք նաև

Դիտարկմանը, որ շրջանառության կրճատման հետևանքով շահույթը նույնպես կպակասի, և գուցե ՀԷՑ-ը փորձի դա կոմպենսացնել բնակչության հաշվին, Հ.Հարությունյանը հակադարձեց. «Սակագների հաշվարկն իրականացնում է ՀԾԿՀ-ն, և այդտեղ սպեկուլյացիաները և սուբյեկտիվ երևույթները կարելի է բացառել»։

Փոխնախարարը նշեց, որ ազատականացման առաջին փուլը վերաբերում է էլեկտրաէներգետիկ շուկային, հետևաբար՝ գազային ոլորտում, մասնավորապես՝ ռուսական «Գազպրոմի» հետ պայմանագրի վերանայում չի նախատեսվում. «Գազային պայմանագրի վերանայման հարց օրակարգում չկա, քանի որ դրա հիմքերը չկան»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս