«Արցախի թեմի առաջնորդն իրար հակասող բաներ է խոսում. Փաշինյանը չի ընդունում «Արցախի թեմ» հասկացությունը». Աղաբեկյան
Նոյեմբերի 28-ին Կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսների շարքում էր նաև Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանը։ Այս հանդիպումը մեծ դժգոհություններ է առաջացրել արցախահայերի շրջանում, քանի որ, նրանց կարծիքով՝ Արցախի թեմի առաջնորդը չպետք է գնար ու սեղմեր Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած մարդու ձեռքը։
Այս հանդիպումից հետո Արցախի թեմի ֆեյսբուքյան էջով թեմի առաջնորդը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ հանդիպմանը մասնակցել է՝ որպես Մայր Աթոռի եպիսկոպոսաց հանձնախմբի անդամ, և այն որևէ առնչություն չունի և չի կարող ունենալ Արցախի հիմնախնդրի և արցախահայերի հուզող հիմնահարցերի հետ։
«Եղել եմ, կամ և միշտ լինելու եմ իմ հոտի կողքին՝ իր ոտնահարված իրավունքների համար տարվող պայքարում։
Ես հավատարիմ եմ իմ առաջնորդական ուխտին արցախահայության հանդեպ և հավատում եմ, որ Ամենազոր Աստծո ողորմածությամբ, մեր հայրենակիցների միասնական անկոտրում կամքով, Արցախի պետական, հասարակական իմաստուն այրերի համախոհությամբ կիրականացնենք մեր բաղձալի երազանքները»,- նշված էր նրա հայտարարությունում։
Երեկ մի խումբ արցախահայեր հավաքվել էին Արցախի թեմի առաջնորդարանի մոտ, որպեսզի պահանջեին առաջնորդից հրապարակային ներողություն խնդրել։ Սակայն նրանց Վրթանես սրբազանը ո՛չ ընդունեց, ո՛չ էլ նրանց զանգերին պատասխանեց։
Այսօր Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանից հետաքրքրվեցինք՝ որպես ԱԺ պատգամավոր, այս ընթացքում փորձե՞լ է հանդիպել Արցախի թեմի առաջնորդի հետ, սակայն վերջինս պատասխանեց, որ իմաստ չկա։
«Հանդիպեմ, ասեմ՝ ինչո՞ւ ես այդպես արել, փաստն այն է, որ հանրությունն իր այդ քայլը չի ողջունել։ Կարծում եմ, սա իր անձնական մոտեցումն է։
Նա հայտարարություն է տարածել ու ասում է, որ որպես Արցախի թեմի առաջնորդ չի հանդիպել, նա չի կարող նման հայտարարություն անել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արամայիս Աղաբեկյանը։
Այդուհանդերձ, կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանը կարող է տալ միայն Արցախի թեմի առաջնորդը։
«Փաստացի, Արցախի թեմի առաջնորդն իրար հակասող բաներ է խոսում, Արցախի մասին է խոսում, որը փաստացի Նիկոլ Փաշինյանը չի ընդունում, նա չի ընդունում նաև Արցախի թեմ հասկացությունը։ Հետևաբար, եթե գոյություն չունի, ապա ինչպե՞ս է գնացել հանդիպելու՝ որպես Արցախի թեմի առաջնորդ։ Կան հարցեր, որոնց պատասխանները նա պետք է տա»,- շեշտեց Արցախի ԱԺ պատգամավորը։
Արամայիս Աղաբեկյանի խոսքով՝ Արցախի թեմի առաջնորդը նախկինում երբեք նման դիրքորոշում չէր հայտնել, կարծում է՝ ինչ-որ իրադարձություններ են տեղի ունեցել, որը նրան ստիպել է, որ վերաբերմունք փոխի։
Հարցին՝ հնչում են վարկածներ, որ Նիկոլ Փաշինյան իր հետ հանդիպման գնացած եպիսկոպոսների դեմ «կոմպրոմատներ» ունի, սա որքանո՞վ է հավանական, Արամայիս Աղաբեկյանը պատասխանեց.
«Չեմ բացառում»։
Նշենք, որ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ծովատեղ գյուղում է ծնվել։ Եպիսկոպոսական ձեռնադրությունն ու օծումը ստացել է 2008 թվականին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ։ 2021 թվականին կրկին Վեհափառի ձեռամբ նա ազատվում է ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդի պաշտոնից և նշանակվում Արցախի թեմի առաջնորդ։

