«Միջազգային կառույցների հրապարակային գնահատականներում բացակայում են հստակ քննադատությունները, ընդ որում՝ հասցեական». Արման Թաթոյան
«Առաջին օրերից սկսած իրականացվել է լայնածավալ աշխատանք»,- այս մասին այսօր ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ «Ի՞նչ սպասել ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի հանցագործությունների միջազգային իրազեկման և ՄԻԵԴ ներկայացված հայցերի գործընթացներից» թեմայով հանրային քննարկման ժամանակ:
Նա ընդգծեց, որ մարդու իրավունքների պաշտպանի դերն այս հարցում նախևառաջ փաստագրելն է, փաստահավաք աշխատանքների միջոցով արձանագրելն է կոնկրետ տեղեկությունները և այն խախտումները, որ եղել են. «Ընդ որում, դրանք հատուկ սկզբունքով կազմվող զեկույցով հրապարակելը, որը մեծ նշանակություն ունի՝ հատկապես մեր իրավասու մարմինների կողմից օգտագործելու առումով»:
Ա. Թաթոյանի խոսքով՝ ատելությունը շատ կարևոր հանգամանք է, որ Ադրբեջանը գնալով խորացնում է և ամեն առիթ օգտագործում է դրա համար. «Մեծ պատիվ է համարվում, օրինակ, ազգությամբ հային վնասելը կամ կյանքից զրկելը: Այդ առումով, բնականաբար, այն վայրագությունները, որ ապրիլյան պատերազմի ժամանակ տեղի ունեցան, հենց պայմանավորված էին նաև այդ ատելության աստիճանով: Երեխայի նկարի տարածումը ևս ցույց տվեց, որ դա օգտագործվում էր հենց ատելությունը խորացնելու համար: Դրանով հանդերձ, իհարկե, նաև խախտվում էին նորմեր, որոնք վերաբերում էին թե՛ բարոյական, թե՛ իրավական առումով այն եղանակին, որով տարածվում էր այդ ինֆորմացիան»:
ՀՀ ՄԻՊ-ը շատ է կարևորում բոլոր կողմերի հետ աշխատանքը. «Սա այնպիսի աշխատանք է, որ պահանջում է նաև հասարակական սեկտորի մեծ ակտիվություն: Միջազգային կառույցները նաև այն սկզբունքով են գործում, որ շատ ազդում է հանրային ճնշումը: Միջազգային կառույցները կարող են ուղղել գնահատականները, եթե ճնշումը մեծանում է, իսկ մենք գիտենք, որ ադրբեջանական կողմից իրականում կազմակերպված քայլեր ձեռնարկվում են ատելություն տարածելու համար, բայց մենք այստեղ ունենք մեծ առավելություն, դա այն է, որ ճշմարտությունը մեր կողմն է, և մենք պետք է այդ առումով անընդհատ աշխատանք տանենք բոլոր կողմերով, որպեսզի ճշգրիտ, հստակ ինֆորմացիա ներկայացվի»:
Ա. Թաթոյանը, սակայն, մտահոգություն հայտնեց միջազգային կառույցների գնահատականների հետ կապված. «Երեկ ես Չինարիի և Բարեկամավանի գնդակոծության հետ կապված խոսել եմ Եվրոպայի խորհրդի հանձնակատարի գրասենյակի հետ: Իհարկե, մտահոգությունները մանրամասն ներկայացրի, բայց նաև խնդիրն այն է, որ միջազգային կառույցների հրապարակային գնահատականներում բացակայում են հստակ քննադատությունները, ընդ որում՝ հասցեական: Հիմա խոսքս վերաբերում է կոնկրետ մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցներին, ուզում եմ հատուկ շեշտել, որ մեր աշխատանքը երբևէ չի կարող առնչություն ունենալ քաղաքականության հետ: Այստեղ խնդիրը բացառապես դիտարկում ենք մարդու իրավունքների տեսանկյունից, և հստակ է մեկ բան, չի կարող տարածքի քաղաքական կարգավիճակը որևէ նշանակություն ունենալ իրավունքների պաշտպանության վիճակի հետ կապված»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: