Բաժիններ՝

Արցախի Խաչմաչ գյուղում տեղի է ունենալու հեղինակային ֆիլմերի ցուցադրություն

Ասկերանի շրջանի իմ հարազատ Խաչմաչ գյուղում հուլիսի 14-16-ը կազմակերպելու ենք հեղինակային ֆիլմերի ցուցադրություն, և ես այն սկսելու եմ իմ 3 ֆիլմերով:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է արցախցի հայտնի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը՝ տեղեկացնելով, որ Խաչմաչում, հուլիսի 14-ին, ցուցադրվելու է «Ընդհատված մանկություն» ֆիլմը, հուլիսի 15-ին՝ «Թևանիկ»-ը և 16-ին՝ «Վերջին բնակիչ»-ը:

«Տեղեկացնեմ, որ սա կանոնավոր բնույթ է կրելու, ամեն տարի հրավիրելու եմ կինոոլորտի հայ և արտասահմանցի ներկայացուցիչների, ռեժիսորների, ովքեր ցանկություն կունենան իրենց ֆիլմերը ներկայացնել Արցախում։ «Մեծ կինոն՝ փոքր գյուղում», ահա այս խորագիրը կրող մեր գաղափարը ես արդեն ներկայացրել եմ Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին, արտաքին գործերի նախարարին, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանին և ստացել նրանց հավանությունը։ Այս իդեան ներկայացրել եմ նաև իմ ամերիկյան գործընկերներին՝ «ARTsakh Arts and Cultural Foundation»-ի հիմնադիրներ Ադրինե Միրզայանին, ով նաև իմ «Վերջին բնակիչը» ֆիլմի գործադիր պրոդյուսերն է, և Գարո Մադենլիանին։Ֆիլմերի ցուցադրության գաղափարը հավանության արժանացավ նաև նրանց կողմից։

Այս ամենը նպատակ է հետապնդում՝ ճանաչելի դարձնել մեր հայրենիքը միջազգային հանրության կողմից: Օտար կինոգործիչները, ռեժիսորներն իրենց դերասանական կազմով կգան ու կտեսնեն Արցախը, կհիանան նրա հրաշագեղ բնությամբ, կլինեն պատմամշակութային վայրերում, կշփվեն արցախցիների հետ ու կծանոթանան մարդկանց խնդիրներին, կճանաչեն Արցախն ու արցախցիներին, ի վերջո, կծանոթանան հայ ժողովրդի պատմական անցյալին ու ներկային:

Այսպիսով, հայկական կինոմատոգրաֆիան զարգացնելուց զատ, Արցախը նաև լայն ճանաչում ձեռք կբերի հատկապես արվեստի ոլորտում»,-ասել է ռեժիսորը և հավելել, որ հուլիսի 22-ին Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում էլ ցուցադրվելու է իր «Վերջին բնակիչը» ֆիլմը:

Խոսելով «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրություններից, Ջ. Ավետիսյանն ասել է, որ Շանհայի 20-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ֆիլմն ընտրվել էր «Panorama» ոչ մրցութային ծրագրում։ Այն ցուցադրվեց 5 անգամ, իսկ պաշտոնական գլխավոր ցուցադրությունը տեղի ունեցավ հունիսի 25-ին։

«Այդ առիթով ինձ հետ Շանհայ էին ժամանել ֆիլմի լիտվացի պրոդյուսեր Կեստուտիս Դրազդաուսկասը և ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանը՝ ԱՄՆ-ից: Պետք է խոստովանեմ, որ ընդգրկվել այդ կինոփառատոնում և ցուցադրել ֆիլմ՝ արդեն իսկ մեծ հաջողություն է: Փառատոնի կազմակերպիչների խմբի կողմից լսեցինք դրական անկեղծ արձագանքներ: Ֆիլմն իր սցենարով, դերասանական կազմով, ասելիքով բոլորին շատ հետաքրքրեց: Իհարկե հանդիսատեսի որոշ մասը տեղեկացված էր, սակայն ստվար զանգվածը պատկերացում անգամ չուներ ոչ Արցախի, ոչ արցախյան խնդրի մասին, և ուրախ եմ, որ ֆիլմն այդ առումով ծառայեց իր նպատակին։

Օտարների կողմից շատ հարցեր հնչեցին․ նրանց հետաքրքրեց հակամարտության հանգուցալուծումը, ժողովրդի ճակատագիրը, իսկ չինացիները հատուկ վերաբերմունք ցուցաբերեցին հայերի նկատմամբ: Ֆիլմն օգնեց ներկայացնել Արցախի ժողովրդի պատմությունը, պատմել խեղված ճակատագրի մասին»,-մանրամասնել է Ջ. Ավետիսյանը՝ ավելացնելով, որ իրենք առաջիկայում շարունակելու են ֆիլմը ներկայացնել այլ երկրների փառատոններին ևս:

Խոսելով նաև նոր՝ «Դրախտի դարպասը» ֆիլմի մասին, Ջ. Ավետիսյանն ասել է. «Կաննի կինոփառատոնի կինոշուկայից վերադարձել ենք լուրջ հաջողություններով: Տարվում են աշխատանքներ, բայց դեռևս կան անելիքներ:Կոնկրետ արդյունքների մասին կխոսենք ավելի ուշ:Կապված նոր ֆիլմի հետ՝ ես Արցախում նախապատրաստական մի շարք աշխատանքներ եմ իրականացնում»:

Տեղեկացնենք, որ ռեժիսորը հուլիսի 3-ից մինչև ամսվա վերջ Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում նաև ֆիլմերի դասընթացներ է վարելու։ Այն կրում է «Մեր ժամանակի հերոսը» խորագիրը:

«Երեխաները երեք շաբաթվա ընթացքում պետք է պատրաստեն երեք առանձին ֆիլմ, որոնց նկարահանումները տեղի են ունենալու Ստեփանակերտում: Ես տեսնում եմ, թե երեխաներն ինչքան տաղանդավոր են. մեզ մնում է նրանց այդ տաղանդն արթնացնել: Յուրաքանչյուր երեխա ազատ է ստեղծագործելու մեջ:Իմ հորդորն այն է միայն, որ ստեղծելիքը լինի ազատ,անկեղծ և հետաքրքիր»,-հավելել է Ջ. Ավետիսյանը:

Զրույցը՝ Վեհանուշ Հովսեփյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս