Բաժիններ՝

«Մեկը ախ կենե, որ գոնե հոր գերեզմանի բոլորը շարել տա, մեկն էլ գրանիտով իրեք հարկանի բան կսարքե». վարպետ Ռաֆը

«Ամեն մարդու վարպետ չէին սե…ու ըդպես՝ 74 թվից դարձա քարի գործ էնող»
Ռաֆիկ Սարիբեկյանն հիմնականում զբաղվում է գերեզմանաքարերի պատրաստմամբ: Քարտաշ վարպետն ասում է, որ ճոխ տապանաքարեր պատվիրելը գրեթե կապ չունի հարազատի հիշատակը վառ պահելու հետ: Այս մասին գրում է asparez.am-ը։

«Գերեզմանի ձեւավորումը գալիս է փող ունենալուց: Փող ունեն եւ ուզում են նկատելի դառնան ընդհանուրի մեջ: Ճարտարապետը կարող է շատ լավ բան սարքել, բայց պատվիրողը էդ ճաշակի տերը չէ, փողը տվել է՝ սարքել են: Սա ցուցամոլություն է: Փառասիրությունը մեր ժողովրդի մեջ մտած է ու դարձել է բնավորության գիծ: Համեստությունը չի վերացել, փողն է առաջնային պլան մղվել: Մեր քաղաքում անհատական գերեզմաններ կան, որ գրանիտով է սարքած, լավ փող է ծախսած, բայց անտերության է մատնած: Սրանով հարազատիդ հոգու հանգստությունը չի ավելանա»,-ասում է վարպետ Ռաֆը:

Ռ.Սարիբեկյանը գրեթե ամեն օր այցելում է տարբեր գերեզմանատներ: Պատմում է, որ երբեմն զարմանալի դեպքերի ականատես է լինում:

«Կա, որ հանգուցյալի հարազատը ինչ-որ մի կարիքավոր կնոջ փող կուդա: Նա էլ ամեն օր գուկա, հանգուցյալի գերեզմանները կմաքրե, խոսքի մե 10 հազար էլ ավել կուդա, որ թարմ ծաղիկներ բերե, դնե: Կտեսնիս՝ կզարմանաս, թե ինչղ կնայեն իրենց հանգուցյալի գերեզմանին, բայց տերը չի գա, եթե գուկա էլ՝ ավտոյից կիջնի, սեւ ակնոցներով կնայե ու կթողնի կերթա: Քարերից մեկի վրա գործ կենեմ, մե տիկինըմ էկել է առավոտ շուտ՝ ժամը 7-ին: Կհարցնեմ՝ ընչի՞ ես էս ժամին էկել, կսե՝ գերեզմներից մեկի տերը զանգել է, կսե, որ տրապկով մաքրել ես, լավ չի եղել, լաքա է մնացել»,-պատմում է վարպետը:

Վարպետ Ռաֆ-Քարտաշի խոսքով՝ ճոխության հետ բոլորը ոտք մեկնել չեն կարող: Ռաֆիկ Սարիբեկյանն ասում է նաեւ, որ շատ սրտացավ երեխաներ կան, որոնք չեն կարողանում նույնիսկ իրենց ծնողի համար հասարակ տապանաքար պատրաստել:

«Կարողա՞ պատահի փարա չունեցողը ճաշակ չունի. ունի, միջոց չունի: Մեկը ախ կենե, որ գոնե հոր գերեզմանի բոլորը շարել տա, մեկն էլ գրանիտով իրեք հարկանի բան կսարքե, բայց անձրեւոտ օրերին չես կարող ելնիս վրան, կպլստա ոտքդ»,-ասում է նա եւ ավելացնում, որ գերեզմանաքար պատրաստելն այնքան էլ հաճելի աշխատանք չէ: Կան զգացողություններ, որոնք ուղեկցում են նրան ողջ կյանքի ընթացքում:

«Երբ հանգուցյալը տարիքն առած մարդ է, իրա նկարը քարի վրա հանգիստ կհանեմ, գիտեմ, որ որդիական պարտք է կատարում տղան: Երիտասարդի գործն անելն է դժվար: Էդ ժամանակ ու՞մ սիրտը սփոփես էդ գործով, ծնողի՞: Էդ արդեն սեպի նման խրվում է հոգուս մեջ: Շատերին կթվա, թե արհեստ է, հա՝ դե արհեստավոր է, կենե: Էս գործը լրիվ ապրումներ է, իսկ, եթե մե բանի մեջ ապրումներ կան, ուրեմն արվեստ է»,-ապրումների մասին խոսելով՝ քարտաշ վարպետը զարմանքով պատմում է նաեւ այն մարդկանց մասին, ովքեր պահանջում են տապանաքարի վրա գրել այն անձանց անուններն, ովքեր ֆինանսական ներդրում են ունեցել:

«Կա, որ քարի վրա գրել են տալիս՝ կնոջից, հարսից, որդուց, խնամուց, բայց, ասենք, եթե երեխաներից մեկն էլ փող չի դրել, այնպես են գրում, որ հասկացվի, թե որ երեխան է փողը տվե»,-ասում է վարպետը:

Նարեկ Կիրակոսյան

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս