Բաժիններ՝

Լեզուն պաշտպանության կարիք ունի

Այս տարվա մարտ ամսին ՀՀ Կառավարության աշխատակազմը շրջանառում էր «ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմին ստեղծելու, ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին, ՀՀ Կառավարության` 2002 թ.սեպտեմբերի 12-ի հմ.1579 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ՀՀ Կառավարության` 2002 թ.սեպտեմբերի 19-ի N 1610–Ն և 2004 թվականի դեկտեմբերի 30-ի հմ. 1927-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագիծը: Առերևույթ տեսչական բարեփոխումների տրամաբանությունից բխող մի նախագիծ մինչև այն պահը, երբ իմացանք, որ նախագծով նախատեսվում էր լուծարել նաև Լեզվի պետական տեսչությունը:

Եղան բազմաթիվ արձագանքներ, մտահոգություններ, ելույթներ, հրապարակումներ: Ենթադրվում էր, որ Լեզվի պետական տեսչությունը լուծարելու հարցն օրակարգից դուրս եկավ: Բայց վերջերս ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից իմացանք, որ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ մայիսի 4-ին Կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը, որը հավանություն է տվել Լեզվի պետական տեսչությունը տարեվերջին լուծարելու որոշման նախագծին:

Փաստորեն, Կրթության և գիտության նախարարության առկայության պայմանում ստեղծվում է կրթության տեսչական մարմին, իսկ լեզվի բնագավառի լիազոր մարմինը` Լեզվի պետական տեսչությունը լուծարվում է` փոխարենը ոչ մի մարմին չստեղծելով: Սա դավադրություն է մեր լեզվի դեմ: Կանաչ լույս է բոլոր նրանց ճանապարհին, ովքեր մինչև հիմա դիմել են հնարավոր բոլոր միջոցներին՝ հայերեն չգրելու, օտարալեզու գրություններն իրենց խանութի կամ ռեստորանի ճակատին տիրաբար բազմեցնելու, ինչպես նաև հայ երեխաներին օտարալեզու դասարաններ խցկելու համար:

Որքան ինձ է հայտնի, Լեզվի տեսչությունն ստեղծման օրից հայերեն գրելու, հայերեն ճիշտ խոսելու համար հաճախ կռիվ է տվել ոչ միայն այս օտարապաշտների դեմ, այլև պետական, այսպես կոչված, որոշ այրերի, հաճախ էլ՝ իր ղեկավարության դեմ:

Գուցե մտահոգության հա՞րց դառնա, թե ինչպես է եղել, որ դպրոցներ են մտել լեզվական անգրագիտությամբ լեցուն դասագրքեր: Իր լեզուն ամենուր ոտնահարող, հասարակության` օտար լեզվի նկատմամբ պաշտամունք ունեցող շերտի մեջ Լեզվի տեսչությունն առայսօր կարողացել է կատարել զսպողի, որոշ դեպքերում պարտադրողի՛ դեր: Թե լեզվական առումով ինչ է կատարվելու երկրում այդ «զսպօղակը» հանելուց հետո, դժվար է պատկերացնել:

Իսկ, ավելի ճիշտ, պատկերացնել հարկավոր չէ: Դրան ականատես կլինենք բոլորս, եթե լեզվական դավադիր ուժերը հասնեն իրենց նպատակին: Քանի՜ անգամ կարելի է ասել, բացատրել, որ լեզուն միայն հաղորդակցության միջոց չէ: Եվ որքա՜ն պարզունակ պետք է լինել՝ այդպես մտածելու համար:

Պետական լեզուն ունի ռազմավարական նշանակություն, ուստի Լեզվի պետական տեսչությունը լուծարելը և միաժամանակ համարժեք մարմին չստեղծելը չի բխում մեր ազգի շահերից:

«Լեզվի մասին» ՀՀ օրենքով 1993-ին ստեղծված, Կառավարությանն առընթեր գործող, մոտ հարյուր աշխատակից և լիազորությունների լայն շրջանակ ունեցող Լեզվի պետական տեսչությունից մնացած այսօրվա նվազեցված հնարավորությունների սահմաններում փակուղային գործունեություն իրականացնող, որպես ՀՀ կրթության և գիտության նախարարության առանձնացված ստորաբաժանում գործող այս մարմնի կարգավիճակն, անշուշտ, վերանայման կարիք ունի: Խնդիրը բազմիցս արծարծվել է Ազգային ժողովի նիստերի դահլիճում, մամուլի բազմաթիվ հրապարակումներում ու ասուլիսներում, մտավորականների գրավոր ու բանավոր մտահոգություններում:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ անդրադառնալով տեսչական բարեփոխումներին՝ նշել է, որ դրանք պետք է հստակ, համարձակ ու արագ կյանքի կոչել, իրականացնելով առավելագույն վերահսկողություն, ընթացքում լուծելով նաև հնարավոր խնդիրները: Ինձ թվում է, թե առաջացած հնարավոր լուրջ խնդիրներից մեկն էլ Լեզվի պետական տեսչության հարցն է, որը պետք է լուծել ի շահ մեր երկրի ու մեր պետականության:

Լևոն Սահակյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս