«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները Ռուսաստանին և Ուկրաինային սպառնացել են պատժամիջոցներով
Եվրոպայի հեռարձակողների միությունը (ԵՀՄ), որը կազմակերպում է «Եվրատեսիլ»-ը, կարող է Ռուսաստանին եւ Ուկրաինային տուգանել միջազգային երաժշտական մրցույթի կանոնադրությունը խախտելու համար: Այդ մասին հայտարարել է կազմակերպության կազմկոմիտեի ղեկավար ՖրանկԴիթեր Ֆրայլինգը, տեղեկացնում է Heute պորտալը:
Ֆրայլինգի խոսքով՝ Կիեւը նահանջել է մրցույթի կանոններից՝ չապահովելով մրցույթին Ռուսաստանի ներկայացուցչուհի Յուլյա Սամոյլովայի մասնակցությունը: «ԵՀՄ-ի տեսակետից դա կանոնադրության խախտում է»,-ընդգծել է նա:
Ինչպես նշել է Ֆրայլինգը, Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը խոստացել էր, որ մրցույթի բոլոր մասնակիցները կկարողանան ելույթ ունենալ «Եվրատեսիլ-2017»-ում:
Ռուսաստանն իր հերթին մրցույթի նախաշեմին չի մասնակցել Կիեւում անցկացված տարբեր նիստերի, ինչը նույնպես գնահատվում է որպես կանոնադրության խախտում է որակվում, հավելել է ԵՀՄ-ի ներկայացուցիչը:
Պատժամիջոցների սահմանումը միության անդամները կքննարկեն հաջորդ հանդիպմանը, որը կկայանա հունիսի 12-ին. երկրներին կարող են պարտավորեցնել դրամական փոխհատուցում վճարել կամ էլ նրանց երեք տարով արգելել «Եվրատեսիլ»-ին մասնակցելուց: Երգի մրցույթի կիսաեզրափակիչները Կիեւում կանցկացվեն մայիսի 9-ին եւ մայիսի 11-ին, եզրափակիչը՝ մայիսի 13-ին: