Բաժիններ՝

Ինչպես ադրբեջանական արտադրության խնձորը հայտնվեց Հայաստանում

Ադրբեջանական արտադրության խնձորի խմբաքանակ հայտնաբերվել է նաև մարզերում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը։ Մասնավորապես, խմբաքանակներ հայտնաբերվել են Գեղարքունիքի, Շիրակի մարզերում։

«Ապրիլի 23-ին ստացված հաղորդագրությունների հիման վրա՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացրեց շրջայց Երևան քաղաքի և մարզերի մի շարք վայրերում՝ իրացման կետերում, որտեղ արձանագրվեցին այս դեպքերը։ Իրականացված աշխատանքների արդյունքում արդեն ապրիլի 25-ի երեկոյան հրապարակվեցին նախնական արդյունքները, որոնց համաձայն՝ այդ ապրանքը չուներ անվտանգությունը հավաստող փաստաթղթեր և համաձայն օրենսդրության՝ ենթակա էր օգտահանման։

Ծառայությունն իրականացրեց այդ գործողությունները և նաև սպառողներին հորդորեց իրազեկել այդ դեպքերի մասին»,- ասաց նա։ Նրա խոսքով՝ հաշվի առնելով, որ նման դեպք է արձանագրվել, ՍԱՊԾ-ն Պետական եկամուտների կոմիտեի հետ ներկայումս գործողություններ է իրականացնում՝ Երևանում և ՀՀ մարզերում վերջնական խմբաքանակը բացահայտելու համար։ «Ըստ նախնական տվյալների, որոնք դեռ ամփոփման ընթացքում են, և, ինչպես նշեցի, շրջայցերը դեռ կատարվում են, հիմնական խմբաքանակը շուկայից արդեն իսկ օգտահանվել է»,- ասաց նա՝ նշելով, որ ապրիլի 1-25-ն ընկած ժամանակահատվածում ծառայության տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ ՀՀ խնձոր ներկրվել է Ուկրաինայից, Վրաստանից, Իտալիայից և մի շարք այլ երկրներից. «Նշված ծագման՝ թե փաստաթղթերով, թե ներկրման երկրի որևիցե ձևակերպում չի եղել մեր բազայում»։

Ըստ նրա՝ այս պահի դրությամբ տեղեկատվություն չունեն, թե ով է ներկրողը։

Դիտարկմանը, որ, փաստորեն, խանութներում կարող ենք գնել ապրանք, որի մասին ՍԱՊԾ-ն, որը պարտավոր է տեղեկություն ունենալ և ստուգել ապրանքի անվտանգությունը, գաղափար չունի, ՍԱՊԾ պետն արձագանքեց՝ ասելով, որ ՀՀ-ում իրացվող սննդամթերքն իրացման ցանցերում, շուկաներում վերահսկվում է ծառայության կողմից՝ ըստ ծառայության կողմից իրականացվող գործառույթների և օրենսդրությամբ վերապահված լիազորությունների.

«Ծառայությունը պատշաճ և բարեխիղճ իրականացնում է իր գործը՝ առկա ռեսուրսներով և ներդրված նոր մեխանիզմներին համապատասխան, ինչը, ըստ էության, բացառում է առկա դրսևորումները և վտանգավոր սննդամթեքի վաճառաքը։ Նման դեպքերը, որոնք ի հայտ եկան՝ պայմանավորված խնձորի վաճառքով… դա շարունակական գործընթաց է, որի նկատմամբ վերահսկողությունը կրում է պարբերական բնույթ մոնիտորինգային ծրագրերի միջոցով, որոնք հնարավորություն են տալիս բացառել այս հետևանքները, իրազեկել սպառողներին և վաճառողներին, որպեսզի նրանք զերծ մնան այս գործողություններից»։

Իշխան Կարապետյանն ասաց, որ ՍԱՊԾ սահմանային հսկողության շրջանակներում նշված խմբաքանակի ներկրման դեպք բազայում առկա չէ. «Դուք գիտեք, որ օրենսդրությամբ կա թույլտվություն՝ ներկրելու մինչև 50 կիլոգրամ գյուղմթերք՝ ըստ խմբերի։ Ներկայումս քանակները, որոնք օգտահանվել են շուկայում, համադրվում են, և կատարվում է վերլուծություն Պետական եկամուտների կոմիտեի հետ, և արդյունքներն ամփոփելուց հետո մենք համատեղ հայտարարություն կկատարենք»։

Անդրադառնալով որակի ստուգմանը՝ ՍԱՊԾ պետն ասաց, որ ֆիտոսանիտարական հսկողության ենթակա ապրանքները ստուգվում են օրենսդրությամբ սահմանված ձևաչափին համապատասխան։ Նրա խոսքով՝ ապրիլի 23-ին հսկողական գործողություններ և շրջայցեր են կատարվել, որոնց շրջանակներում ձեռք են բերել տվյալ խնձորի համապատասխան նմուշներ.

«Ապրիլ ամսին այս ոլորտում ինչպես՝ լոլիկի, խնձորի, այնպես էլ՝ այլ ապրանքատեսակների մասով իրականացվում են մոնիտորինգային ծրագրեր, ինչը նշանակում է, որ տարբեր խմբաքանակներից շուկաներից կատարվում են հսկիչ գնումներ, որոնք ներկայումս գտնվում են լաբորատորիայում, և կատարվում է փորձաքննություն.

«Լաբորատոր փորձաքննությունների, այդ ողջ գործընթացի, մոնիտորինգի արդյունքներն ամփոփելուց հետո կներկայացնենք՝ ըստ առանձին խմբերի։ Կարծում եմ, որ երկուշաբթի-երեքշաբթի օրերին արդյունքները կլինեն»։

Հարցին՝ արդյոք տնտեսվարողներից ճշտե՞լ են, թե ումից է ձեռք բերվել ապրանքը, ՍԱՊԾ պետը պատասխանեց, որ հիմնականում տնտեսվարողները տեղեկատվություն են տալիս, որ գնումը շուկայից են կատարել։

Հարցին՝ արդյոք տեսնո՞ւմ է որևէ մարմնի բացթողում, ՍԱՊԾ պետը պատասխանեց, որևէ գնահատական չի կարող տալ այդ մասով. «Ես նշում եմ, որ ՍԱՊԾ-ն ՊԵԿ-ի հետ այս ուղղությամբ համապատասխան գործողություններ է իրականացնում։ Մենք ներկայումս ամփոփում ենք այն խմբաքանակը, որն օգտահանվել է, և կատարում ենք վերլուծություն և հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ։ Իսկ մեր սպառողներին ես հորդորում եմ հանգիստ լինել, որովհետև ողջ իրավիճակը վերահսկվում է, որևէ անհանգստանալու խնդիր չկա»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս