Ապրիլի 27-ին կառավարությունը վայր կդնի՞ իր լիազորությունները
Ազգային ժողովը` նորընտիր կազմով, առաջին նիստը կգումարի ապրիլի 27-ին: Սակայն, ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանի աշխատակազմի ղեկավար, սահմանադրագետ Հրայր Թովմասյանը, դա կախված է լինելու նրանից, թե արդյոք Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կբողոքարկի՞ ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում:
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը, հիշեցնենք, ՍԴ դիմելու հարցում սպասում է ԿԸՀ ներկայացրած իր դիմումի պատասխանին:
Հ.Թովմասյանը նշեց, որ նոր խորհրդարանի մշտական հանձնաժողովների քանակը սահմանվելու է ԱԺ առաջին նիստի ժամանակ, սակայն, ըստ Սահմանադրության, դրանք 12-ից ավելի չեն կարող լինել. «Մենք ունեցել ենք և՛ 6 հանձնաժողով, և՛ 12, բայց կարծում եմ, որ օպտիմալ է 8-10 հանձնաժողովը: Վստահորեն կարող եմ ասել, որ դրանց թիվը կկրճատվի: Ամենայն հավանականությամբ կկրճատվեն Եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն ու Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը»:
Հ.Թովմասյանի խոսքով` ԱԺ առաջին նիստի օրը կառավարությունը վայր կդնի իր լիազորությունները, որից հետո 10 օրվա ընթացքում կնշանակվի նոր վարչապետ, 20 օրվա ընթացքում կձևավորվի կառավարություն, ապա ևս 20 օրվա ընթացքում կառավարությունը ԱԺ-ին կներկայացնի իր ծրագիրը: ԱԺ-ն այն կքննարկի արտահերթ ռեժիմով՝ 5-օրյա ժամկետում: