Sotheby՚s-ի աճուրդում «Վարդագույն աստղ» ադամանդը վաճառվել է ռեկորդային 71,2 մլն դոլարով
59,60 կարատ քաշով «Վարդագույն աստղ» բացառիկ գունավոր ձվաձեւ ադամանդն ապրիլի 4-ին Հոնկոնգում Sotheby՚s-ի աճուրդում վաճառվել է ռեկորդային 71,2 մլն դոլարով: Այդ մասին վկայում են սակարկությունների տվյալները:
«Լոտի եզրափակիչ գինը, որը ներառում է վաճառքից գնորդի հարկը, կազմել է 553 մլն հոնկոնգյան դոլար կամ 71,2 մլն դոլար»,-հայտարարել էաճուրդի ներկայացուցիչը:
Այսպիսով, նշել է նա, «Վարդագույն աստղը» դարձել է ամենաթանկ թանկարժեք քարն աշխարհում, որը երբեւիցե աճուրդի է հանվել: Սա նաեւ պատմության մեջ ամենաթանկն լոտն է, որը վաճառվել է Ասիայում, հավելել է նա: ՏԱՍՍ-ի թղթակցի վկայությամբ՝ սակարկություններն սկսվել են 440 մլն հոնկոնգյան դոլար (51,6 մլն դոլար) մեկնարկային գնից եւ տեւել են մոտավորապես վեց րոպե: Գնորդի անունը դեռեւս հայտնի չէ:
Նախորդ ռեկորդը պատկանում էր Օպենհեյմերի երկնագույն ադամանդին (14,62 կարատ), որն անցյալ տարի Ժնեւում Christie՚sի աճուրդում գնել են 57,6 մլն դոլարով:
Հազվագյուտ քարը 1999 թվականին հայտնաբերվել է Աֆրիկայի «Դե Բիրս» ընկերության հանքավայրերում, ընդ որում՝ չմաշկված ալմաստի քաշը կազմել է 132,5 կարատ: Steinmetz Diamonds ընկերությունում նրա երեսակումը տեւել Է շուրջ քսան ամիս, իսկ սկզբնապես այն կրում էր Steinmetz Pink անվանումը:
Առաջին անգամ այս թանկարժեք քարը լայն հանրությանն է ներկայացվել ԳրանպրիՄոնակո մրցարշավների բացման արարողությանը: Որպես կուլոն ադամանդը զարդարում էր սուպերմոդել Հելենա Քրիսթենսենի պարանոցը: Այնուհետեւ 2007 թվականին այն վաճառվել է անհայտ մասնավոր հավաքորդի եւ վերանվանվել «Վարդագույն աստղ»:
Ավելի վաղ վարդագույն ադամանդների թվում արժեքի ռեկորդը պատկանում էր 24,78 կարատ քաշով Graff Pink քարին: Այն 2010 թվականին Sotheby՚s-ի աճուրդում վաճառվելէ 46,2 մլն դոլարով, սակայն «Վարդագույն աստղը» կրկնակի ավելի խոշոր է: