«Հայաստանի առողջապահության ոլորտում բարեփոխումների արդյունքները նկատելի կլինեն». Եգոր Զայցև

Այս օրերին Երևանում ընթանում էր «Ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելումն ու հսկողությունը Հայաստանում» խորագրով կլոր սեղան-քննարկում։ ՀՀ առողջապահության նախարարությունն այն կազմակերպել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ համատեղ։ Քննարկումներին մասնակցում էին ԱՀԿ ՈՎՀ և կյանքի ողջ ընթացքում առողջության ամրապնդման բաժնի տնօրեն Գաուդեն Գալեան, ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևը:
Ներկայացնում ենք մեր հարցազրույցը ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևի հետ։

– Պարոն Զայցև, մի քանի օր առաջ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային ղեկավարի հրավերով Կոպենհագենում էր, իսկ այժմ նույն կառույցի հետ համատեղ կլոր սեղան է կազմակերպվում։ Այս իրադարձությունները որքանո՞վ են փոխկապակցված։

– Այո, օրեր առաջ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի հրավերով Կոպենհագենում էր։ Այնտեղ կայացած բազմաթիվ քննարկումներին մասնակցում էին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի բոլոր ստորաբաժանումների ղեկավարները։
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ներկայացրեց ՀՀ առողջապահության համակարգի զարգացման վերաբերյալ իր տեսլականը` անդրադառնալով առկա մի շարք խնդիրներին: Այս ենթատեքստում ԱՀԿ ներկայացուցիչները մատնանշեցին այն հնարավոր քայլերը, որոնք կիրականացվեն ՀՀ առողջապահության նախարարության հետ:
Մեծապես կարևորվեց ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը, քանի որ այսօր ամբողջ աշխարհում հիվանդացության և մահացության հիմնական բեռը բաժին է ընկնում ոչ վարակիչ հիվանդություններին:

– Որպես ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ` ինչպե՞ս կգնահատեք ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը Հայաստանում։

– Բավականաչափ լավ։ Երևանում գտնվող ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի ոչ վարակիչ հիվանդությունների և կյանքի ողջ ընթացքում առողջության ամրապնդման բաժնի տնօրեն Գաուդեն Գալեան նախարար Ալթունյանի հետ հանդիպման ընթացքում նշեց, որ ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում Հայաստանը զգալի քայլեր է ձեռնարկել։
Այդ էին վկայում նաև երկօրյա քննարկումները։ Իհարկե, դա մշտական գործընթաց է, և եվրոպական երկրների ցուցանիշներին հասնելու համար դեռ շատ անելիքներ կան։ ՈՎՀ ռիսկի գործոնների հակազդման գործում ծխախոտի դեմ պայքարի միջոցառումներն առաջնային կարևորություն ունեն:

– Ուրիշ ի՞նչ հարցեր են քննարկվել Կոպենհագենում, և ի՞նչ է առաջարկել ԱՀԿ-ն Հայաստանին։

– Կոպենհագենում քննարկվող հարցերը բավական ծավալուն և հագեցած էին: Իմունականխարգելման ազգային ծրագրի հաջող իրականացման արդյունքում Հայաստանը լուրջ ձեռքբերումներ ունի վարակիչ կառավարելի հիվանդությունների դեմ պայքարում։ Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքն (ԳԱՎԻ) ավարտում է իր ծրագրերը Հայաստանում։ Որոշ ժամանակ անց երկրում ծրագիրը կավարտի նաև Գլոբալ հիմնադրամը, որն աջակցում է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրերի իրականացմանը: Մենք քննարկեցինք, թե ինչ պետք է անենք այս ոլորտներում արձանագրված ձեռքբերումների և ցուցանիշների կայունությունն ապահովելու ուղղությամբ։ Փաստ է, որ Հայաստանն այլևս տուբերկուլյոզի բարձր տարածվածություն ունեցող երկրների ցանկում չէ։ Միաժամանակ, Հայաստանը ՄԱԿ-ի կողմից արժանացավ մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը փաստող հավաստագրի: Չափազանց կարևոր է պահպանել նշված ձեռքբերումները:

– Ի՞նչ քայլեր է առաջարկում և ի՞նչ հատուկ երաշխավորություններ ունի ԱՀԿ-ն առողջապահական համակարգի արդյունավետ կառավարման ուղղությամբ:

– Հանդիպումների ընթացքում մենք արձանագրեցինք, որ Հայաստանն ու ԱՀԿ-ն պետք է սերտ համագործակցեն՝ անցումային ժամանակահատվածը հնարավորինս հարթ անցկացնելու համար: Նշվեց, որ առողջապահական բարեփոխումները պետք է համահունչ լինեն «Առողջություն 2020» եվրոպական քաղաքականության սկզբունքներին՝ առողջության ամենաբարձր հասանելի մակարդակ և համընդհանուր ընդգրկում ապահովելու համար: Հանդիպումների ընթացքում քննարկումներ են ծավալվել նաև առողջապահության համակարգի առավել արդյունավետ ֆինանսավորման և կառավարման, այլ հարցերի շուրջ: Քննարկվել և նախանշվել են հետագա համագործակցության քայլերը: Այդ բոլոր ուղղություններով մենք կհամագործակցենք։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի ՀՀ առողջապահության նախարարության բարեփոխումներ իրականացնող հանձնաժողովները համագործակցեն ԱՀԿ-ի հետ։ Կարծում եմ, որ արդյունքները նկատելի կլինեն։

Տեսանյութեր

Լրահոս