ԱՄՆ-ում Ռուսաստանի դեմ հատուկ քրեական գործ է բացվել
Միացյալ Նահանգների Հետաքննությունների Դաշնային Գործակալությունը քրեական գործ է հարուցել, որը զբաղվելու է Ռուսաստանի իշխանությունների կողմից ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու դրվագներով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը»՝ Կոնգրեսում անցնող լսումներին հայտարարել է որպես վկա հրավիրված գործակալության տնօրեն Ջեյմս Քոմին.
«Հետաքննությունների Դաշնային Գործակալությունը հետաքննում է Ռուսաստանի կառավարության կողմից 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու դեպքերը: Դա իր մեջ է ներառում ցանկացած կապերի հետաքննություն, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի հետ կապված անձանց եւ Ռուսաստանի կառավարության միջեւ կապերի հետաքննություն: Մենք նաեւ հետաքննում ենք, թե արդյոք եղել է Ռուսաստանի գործողությունների եւ Թրամփի շտաբի միջեւ որեւէ համակարգում»:
Ավելի քան հինգ ժամ տեւած լսումների ընթացքում Կոնգրեսի ստորին պալատի Հետախուզության հարցերով հանձնաժողովի ղեկավար, Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբի անդամ Դեւին Նունեսն ընդգծեց, որ Մոսկվայից Միացյալ Նահանգների նկատմամբ իրական տեղեկատվական եւ էլեկտրոնային վտանգ է սպառնում.
«Կրեմլը վարում է միջազգային ապատեղեկատվական արշավ՝ «Ռուսաստանն Այսօր» քարոզչական ցանցի միջոցով տարածելով հակաամերիկյան դավադրական տեսություններ, կարծես վերադարձել է խորհրդային շրջանը: Ռուսաստանն ունի նաեւ երկար տարիների պատմություն այլ երկրների ընտրական համակարգերին միջամտելու եւ կիբերհարձակումներ կազմակերպելու փորձ»:
Ազդեցիկ կոնգրեսական, Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբի փոխնախագահ Ադամ Շիֆն իր կողմից նշեց, որ կոշտ պատասխան չստանալու դեպքում Մոսկվան շարունակելու է այլ երկրների ընտրություններին միջամտելու փորձերը.
«Նժարի վրա է դրված մեր ժողովրդավարությունը եւ ընդհանրապես ազատ աշխարհի ժողովրդավարությունն ընդհանուր առմամբ, քանի որ մենք գաղափարների նոր պատերազմի մեջ ենք ներգրավված: Դա ոչ թե կոմունիզմի եւ կապիտալիզմի պայքար է, դա բռնապետական համակարգը պայքարում է ազատ համակարգի դեմ»:
Լսումների ընթացքում կոնգրեսական Շիֆը հետաքրքրվեց Հետաքննությունների Դաշնային Գործակալության տնօրենից, թե որքանով են իրականությանը համապատասխանում նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թվիթեր ցանցում արված հայտարարությունները թե նախորդ նախագահ Բարաք Օբաման նրան գաղտնալսել է: Ջեյմս Քոմիի պատասխանը միանշանակ էր.
«Ինչ վերաբերում է նախագահի Թվիթներին՝ իրեն գաղտնալսելու վերաբերյալ, ես չունեմ որեւէ տեղեկություն, որը կապացուցեր այդ հայտարարությունները: Արդարադատության նախարարությունն ինձ խնդրել է հաղորդեմ ձեզ, որ նրանք միանում են իմ հայտարարությանը: Արդարադատության նախարարությունը չի տիրապետում որեւէ տեղեկությունների, որոնք կապացուցեին այդ Թվիթերը»:
Ադամ Շիֆը փորձեց նաեւ պարզել, թե արդյոք ի պաշտոնե նախագահ Բարաք Օբաման կարո՞ղ էր Դոնալդ Թրամփին գաղտնալսելու հրաման տալ.
«Միացյալ Նահանգներում ոչ մի անձնավորություն չի կարող հրահանգել գաղտնալսել որեւէ մեկին: Նման դիմումը պետք է երկար ճանապարհ անցնի, հասնի դատավորին, դատավորն էլ այնուհետեւ որոշում է կայացնում»,-նշեց Ջեյմս Քոմին:
«Այնպես որ՝ նախագահ Օբաման միանձնյա չէ՞ր կարող հրահանգել գաղտնալսել որեւէ մեկին»,-հարցը հստակեցրեց Շիֆը:
«Ոչ մի նախագահ չէր կարող դա անել»,-պարզաբանեց Ջեյմս Քոմին: