Լևոն Հունանյանի գործով վարույթը կրկին կարճվել է. երիտասարդի հայրը արդարություն է պահանջում
Կաշեգործների 70 հասցեում գտնվող «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲ ընկերության տարածքից, որը հանդիսանում է ՀՀ կառավարության կողմից հաստատված մասնագիտացված ոսկերչական, ակնագործական և ժամագործական ազատ տնտեսական գոտի, չափագրումներ իրականացնող «Զևս ստուդիա» ՍՊ ընկերության աշխատակից 21-ամյա Լևոն Հունանյանը 2014 թվականի ապրիլի 13-ին ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ էլ ժամեր անց մահացել է:
Լևոն Հունանյանը եղել է երրորդ մասնաշենքի արևային լուսավորությունն ապահովող օրգանական ապակյա թմբկաձև տանիքի վրա, որի կոտրվելու արդյունքում էլ վայր է ընկել:
Դեպքի առթիվ 2014 թվականի ապրիլի 22-ին հարուցվել է քրեական գործ: Գործի քննության ընթացքի մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսօր մանրամասն տեղեկություններ հաղորդեցին փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանը և տուժողի հայր Դավիթ Հունանյանը:
Քննության արդյունքում պարզ է դարձել, որ և՛ տվյալ մասնաշենքի, և՛ մյուս մասնաշենքի վրա երդիկներ կան, բայց, ի տարբերություն առաջին մասնաշենքի` մյուս մասնաշենքի երդիկի վրա մետաղական կոնստրուկցիաներ կան, որոնք ապահովում են անվտանգությունը:
Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի փոխանցմամբ` նշանակվել է ճարտարագիտատեխնիկական փորձաքննություն, և եզրակացության համաձայն` «Զևս ստուդիա» ՍՊԸ-ի տնօրենի կողմից չի կատարվել անվտանգության տեխնիկայի աշխատանքի պաշտպանություն, և Լևոն Հունանյանը չի հրահանգավորվել այդ տարածք դուրս չգալու համար, աշխատանքի անվտանգության վերաբերյալ հրահանգավորումների գրանցամատյանում բացակայում է նրա ստորագրությունը: «Տվյալ տանիքում խնդիրն այն էր, որ տանիքի հիմնական դուռ գոյություն չուներ: Բոլորն օգտվել են պատուհանից, որը միշտ բաց է եղել»:
Սիմոնյանի խոսքով` նախաքննությունն իրականացվել է ոչ օբյեկտիվ, գործում կան բազմաթիվ չբացահայտված հարցեր, որոնք այս վարույթն իրականացնող անձն էլ համարում էր արդիական: Սակայն, ինչ-ինչ պատճառներով, գործի վարույթը կարճվել է` առանց այս հարցերի պատասխանները ստանալու:
Գործի քննության ընթացքում 2015 թվականին առաջին անգամ վարույթը կարճվել է քննիչի կողմից, և հունիսին բողոքարկվել է Դատախազություն: Գործի վարույթի կարճման վերաբերյալ տուժող կողմին անմիջապես չեն տեղեկացրել:
«Առկա է միտում գործը կարճելու վերաբերյալ, նրանք մեզ անտեղյակության մատնելու շնորհիվ ուզում էին այնպես անել, որ չկարողանանք միջոցներ իրականացնել»,- ասաց Լիպարիտ Սիմոնյանը:
Սրանից հետո դատախազի կողմից վերացվել է կարճման որոշումը, և նոր քննություն է սկսել իրականացվել: Գործի վարույթը երկրորդ անգամ կարճվել է 2016թ., բողոքարկվել է Երևանի դատախազին և մերժում ստանալուց հետո բողոքարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան: Երկրորդ անգամ կարճելու համար պատճառաբանել են, որ համապատասխան անձի գործողություններում հանցանքը բացակայում է, քանի որ այդ ժամանակ շինարարություն չի իրականացվել:
Աշխատանքային պայմանագրում նշված չէ, որ կիրակի նախատեսվում են աշխատանքներ: Բայց Լևոն Հունանյանի գործը քննելիս պարզվել է նաև, որ կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր, ըստ որի` նա պետք է իրականացնի այս գործառույթները: Սակայն դատաձեռագրաբանական փորձաքննությունը ցույց է տվել, որ ստորագությունը կեղծվել է:
«Պայմանագիրը եղել է աշխատանքային. իրենք կեղծել են, հանել են, որ քիչ պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց տուժողի հայրը:
Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը գտնում է, որ երկու կազմակերպությունների համապատասխան աշխատակիցներն էլ ունեն մեղքի իրենց բաժինը:
Տուժողի հայրը շարունակում է պահանջել որդու մահվան հետ կապված հանգամանքների լրիվ, բազմակողմանի, ոչ կեղծ և օբյեկտի քննության իրականացում:
«Մեր նպատակն է, որ կատարվի բազմակողմանի քննություն, և պարզվեն մեղավորները»,- ասաց Լիպարիտ Սիմոնյանը:
Անի Թորոսյան