Ընտրակաշառքների մրցավազք
Մինչ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերը քարոզարշավում փորձում են ընտրողներին ներկայացնել իրենց ծրագրերն ու գաղափարները, միաժամանակ այլ՝ ստվերային գործընթաց է ծավալվում։ Որոշ թեկնածուների շտաբների ներկայացուցիչներն ակտիվորեն ցուցակագրում են քաղաքացիներին՝ խոստանալով իրենց թեկնածուի օգտին քվե տալու դեպքում որոշակի գումար։ Ասում են՝ անգամ ընտրակաշառքների մրցակցություն է գնում, թե որ ուժը կամ թեկնածուն որքան է բարձրացրել չափը։
Ընտրակաշառքների պայքարի մասին խոսել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և այս դեպքում դժվար է չհամաձայնել նրա հետ։ «Ակնհայտ է, որ լինելու է քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում: Հատկապես, որ բազմաթիվ ընտրողներ այնպիսի ծանր սոցիալական վիճակում են հայտնվել, որ, ըստ ամենայնի, պատրաստ չեն մերժել փողը, ու, թերևս, կմասնակցեն ձայների աճուրդին»,- ասել է նա:
«168 Ժամն» ընտրապայքարին մասնակցող քաղաքական բոլոր ուժերի թեկնածուներից հետաքրքրվեց՝ ընդունե՞լ, թե՞ ոչ ընտրակաշառքի առաջարկը, և ինչո՞ւ։ Եվ ահա թե ինչ պատասխաններ ստացանք.
Նաիրա Զոհրաբյան, «Ծառուկյան» դաշինք. «Եթե ասեմ՝ ընտրակաշառք մի վերցրեք, կստացվի, որ ես ինձ, ինչպես ասել է Էդուարդ Շարմազանովը, Հռոմի պապի տեղն եմ դրել և Հռոմի պապից ավելի կաթոլիկ հայտարարություն եմ անում։ Հորդորս է՝ չվերցնել։ Բայց ես հասկանում եմ նաև, որ, եթե մի երկրում 1 մլն-ից ավելի աղքատության շեմը հատած քաղաքացի կա, ես ինչքան էլ հորդորեմ չվերցնել, լինելու են քաղաքացիներ, որ վերցնելու են։ Բայց անգամ նրանք, ովքեր վերցնելու են, ես նրանց բոլորին հորդորում եմ քվեարկել իրենց խղճի մտոք։ Նաև այն մանիպուլյացիաները, որ գրիչ են բաժանում, կամ ասում են՝ 9 քվեաթերթիկ կմտցնեք, Հանրապետականինը կգցեք, 8-ը կհանեք, մենք բոլոր տեղերում քվեաթերթիկների օրինակով հատ-հատ բացատրելու ենք, որ այդ մեխանիզմները` կարուսել, գրիչով նկարել, չի աշխատելու։ Կրկնեմ՝ հորդորս է՝ չվերցնել, բայց ում համար դա երեխայի օրվա հաց է լինելու, այդուհանդերձ, որևէ կերպ հնարավոր չի լինելու վերահսկել, թե ում օգտին եք քվեարկելու»։
Արամ Մանուկյան, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք. «Տարօրինակ հարց է։ Կգտնվի՞ մեկը, որ կասի՝ այո։ Իհա՛րկե ոչ։ Դա խայտառակություն է։ Այսինքն՝ խնդիր է դրված բարի ու չարի, արդարի ու խարդախի։ Այն տարբերակում, որ, եթե ստիպված ես, որ եթե չվերցնես, կարող է ռիսկի գնաս և շատ բան վտանգես, այդ դեպքում կարող է վերցնես, բայց քվեարկես սեփական կամքով։ Բոլոր դեպքերում վատ է, երբ մարդուն ահաբեկում են։ Բայց երբ մարդուն ահաբեկում են, ու ինքը ստիպված է «այո» ասել, որպեսզի ռիսկի չգնա, չվտանգի իր աշխատանքը, ստիպված ասում է՝ այո, թող գնա, քվեախցում անի այն, ինչ անելու է, որովհետև քվեախցում ապահովված է գաղտնիությունը»։
Էդմոն Մարուքյան, «Ելք» դաշինք. «Բնականաբար, չվերցնել, որովհետև դա քրեորեն հետապնդելի արարք է, դա հանցագործություն է՝ և՛ տալը, և՛ ստանալը։ Նաև վերցնելու պարագայում մարդը պետք է հասկանա, որ ընտրակաշառք տվողը նվաստացնում է իր մարդկային արժանապատվությունը: Այսինքն` իրավական գնահատականից դուրս, դա մարդկային արժանապատվությունը նվաստացնող, մարդու հոգին առնող գործընթաց է: Եվ մենք՝ որպես քրիստոնյա ժողովուրդ, պետք է մերժենք այդ երևույթը, դա ամենաստոր արարքն է»:
Ստեփան Մարգարյան, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք. «Ոչ, ես դա համարում եմ մարդուն դրդել վատ արարք կատարելու։ Դա պետք է մերժել, և վերջ։ Գոնե մի անգամ հասարակությունը պետք է ասի՝ հերիք է այդպես անեք»։
Էդուարդ Շարմազանով, Հայաստանի հանրապետական կուսակցություն. «Ո՛չ միայն ընտրակաշառք, առհասարակ, որևէ խախտում չպետք է անել: Մենք, արդեն 2-3 տարի է, քննարկում ենք ամեն բան, որպեսզի Հայաստանում նոր ընտրական կուլտուրա մտցնենք: Ե՛վ սահմանադրական բարեփոխումներից հետո, և՛ Ընտրական օրենսգրքի ողջ նպատակը նա էր, որ ընտրությունները լինեն ազատ, արդար, թափանցիկ, և օրենքի ցանկացած խախտում անընդունելի է՝ ընտրակաշառք կլինի, ճնշում կլինի, թե անունը ինչ կդնեն, իհարկե, անընդունելի է: Ես ընտրության օրինականության կողմնակիցն ու ջատագովն եմ:
Ընտրակաշառք և՛ տվողը, և՛ վերցնողը հանցագործություն կատարող են: Այնպես չէ, որ վերցնողն օրինապահ է, տվողն օրինապահ չէ: Քանի որ ես և իմ քաղաքական ուժն իր վրա վերցրել ենք պատասխանատվություն Ընտրական օրենսգրքի բարեփոխման և հնարավորինս ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար, բնականաբար, կոռուպցիոն ցանկացած երևույթ, հակաօրինական ցանկացած երևույթ, ում կողմից էլ լինի, մենք խստորեն դատապարտում ենք: Մեր նպատակը չէ ամեն գնով 5, 10 կամ 15 % ավել ձայն հավաքել, ավելի լավ է՝ քիչ լինի ձայնը, բայց լինի օրինական, ժողովրդի կամքով և ստվեր չգցի ընտրությունների վրա»:
Անժելա Խաչատրյան, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն. «Ոչ, որովհետև նախ՝ դա քրեորեն պատժելի արարք է և, երկրորդ՝ դա արդեն իսկ ստվերում է ընտրությունների ազատ, թափանցիկ և ժողովրդավարական չափանիշներով անցկացման հնարավորությունը»։
Արսեն Համբարձումյան, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն. «Ոչ, կաշառք վերցնելն ընդունելի չի կարող լինել, դա մարդուն նվաստացնող քայլ է։ Ես կարծում եմ՝ ամեն մի արժանապատիվ քաղաքացի պետք է անդրադառնա, որ չի կարելի նվաստանալ և ամենակարևոր իրավունքը, որ ընտրական իրավունքն է, վաճառել»։
Էդգար Առաքելյան, «Հայկական վերածնունդ» կուսակցություն. «Այսօր մեր ամենամեծ խնդիրը հենց ընտրակաշառքի հարցն է, և դա այն տեղերից մեկն է, որ քաղաքացին պետք է պատվախնդիր լինի, քանի որ, երբ մենք ընտրություններից հետո հանդիպում ենք քաղաքացիների հետ, մշտապես բողոքում են, որ՝ լավ չենք ապրում, երկրի վիճակը վատ է, արտագաղթելու ենք, և այլն։ Բայց որպեսզի չարտագաղթեն, լավ ապրեն, քաղաքացին պետք է իրական ընտրություն կատարի, ոչ թե նյութական, ֆինանսական շահերից ելնելով, այլ կոնկրետ այն քաղաքական ուժին, որին հավատում է, կամ որը, գտնում է, որ կարող է բան փոխել։ Գումար վերցնելն արդեն կոռուպցիա է»։
Վազգեն Սաֆարյան, Կոմունիստական կուսակցություն. «Դա քրեորեն պատժելի արարք է, և իրավապահ մարմինները պետք է աչալուրջ և հետևողական լինեն նման դեպքերը բացահայտելու և խստագույնս պատժելու համար։ Մենք նման բան չենք կարող ասել, թե՝ վերցրեք, բայց ձեր կամքով քվեարկեք, որովհետև մենք չենք կարող մարդկանց դրդել հանցագործության։ Դա մեր սկզբունքներին դեմ է»։