Անինքնավստահության պատճառները

Ժամանակակից աշխարհը, հեղեղված լինելով շաբլոն կերտված կերպարներով, հնարավորություն չի տալիս իր տեսակի մեջ առանձնահատուկ անհատին լինել իր բնությանը հավատարիմ: Մարդն անընդհատ ստիպված է այդ ընդունված կերպարներին նմանվել. ոմանք՝ գիտակցաբար, ոմանք էլ՝ ենթագիտակցաբար, որպեսզի հասարակության մեջ ընդգրկված և ընդունված լինեն:

Նմանակելիս մարդն ինքնաբերաբար սկսում է համեմատվել, իսկ համեմատությունը երկու գիտակցման է մատնանշում, կամ կերպարի նման լավն եմ, կամ նրանից վատը: Այն մարդիկ, ովքեր չեն համապատասխանում կերպարի չափանիշերին, աստիճանաբար սկսում են իրենց մեջ թերություններ փնտրել՝ դառնալով անինքնավստահ:

Անինքնավստահության առաջացմանը կարող են հանգեցնել տարբեր պատճառներ՝ ծնողների գենետիկական կոդը, ոչ ճիշտ դաստիարակությունը, շրջապատող միջավայրի բացասական ազդեցությունը, զանգվածային լրատվամիջոցները: Փորձենք հասկանալ դրանցից յուրաքանչյուրի կարևորությունն ու ազդեցությունը:

1. Ծնողների գենետիկական կոդ: Ինչպես բնավորության մի քանի գծեր, այնպես էլ ինքնավստահության պակասը, կարող է ժառանգվել ծնողներից: Եթե ծնողներից գոնե մեկն ունի անինքնավստահություն, հետևաբար՝ երեխան նույնպես հակված կլինի անինքնավստահության և հասարակության մեջ կլինի պակաս նախաձեռնող ու համարձակ, քան իր հասակակիցները: Սակայն, նույնիսկ այս անելանելի թվացող իրավիճակից կա ելք. գենետիկան կարելի է փոխել՝ զարգացնելով ներքին համարձակությունը և անձնային ամրությունը:

Կարդացեք նաև

2. Սխալ դաստիարակություն: Ամենակարևոր նախապայմաններից է, քանի որ ծնողները, անգիտակցաբար կամ գիտակցաբար, երեխայի արարքը գնահատելիս նախատում են՝ ասելով հետևյալ արտահայտությունները՝ «Դու չես կարող», «Միշտ սխալ ես անում», «Չդիպչես», «Հանկարծ չփորձես»: Նմանատիպ անխթան խոսքերը երեխային տալիս են ծրագրավորում, որ իր մոտ ոչինչ չի ստացվում, և նա անպիտան է, արդյունքը՝ անինքնավստահություն:

3. Միջավայրի ներգործություն: Մարդու մոտ անինքնավստահությունը հիմնավորվում է շրջապատի անարդար վերաբերմունքի, կարծիքների, շփման մեջ ոչ խոսքային, բայց բովանդակային միմիկաների հետևանքով: Հետևաբար՝ յուրաքանչյուր ոք պետք է հիշի, որ նա անհատականություն է, տեղի չտա և չինքնակերտվի շրջապատի կարծիքի ներքո, չհամեմատվի և լինի ինքնատիպ:

4. ԶԼՄ: Բացասական տեղեկատվությունները ենթագիտակցաբար մեզ անընդհատ դեպի անձնային անկում են տանում, մենք սկսում ենք ընկճվել, վատ զգալ, վախենալ, կասկածամիտ դառնալ, և այս ամենի արդյունքում՝ հոգեբանական, հուզական մակարդակը մեզ սկսում է տանել դեպի անինքնավստահ մարդը:

Հոգեբանի դիտարկում.

Անինքնավստահությունն առաջին հերթին արտահայտվում է շփման վախից, քանի որ անհատը չի կարողանում.

  • Արտահայտել իր զգացմունքները
  • Պաշտպանել սեփական հետաքրքրությունները
  • Հասկանալ մարդկանց
  • Հաստատել փոխհարաբերություններ
  • Անսահման քաղաքակիրթ է, վախենում է վիրավորել
  • Ամաչկոտ և անհամարձակ է:

Որպեսզի հաղթահարվի անհաջողությունների հանգեցնող անինքնավստահությունը,

պետք է նկատի ունենալ, որ.

  • Ինչքան շատ շփում, այնքան քիչ անինքնավստահություն
  • Կենտրոնանալ բուն շփման վրա, այլ ոչ թե՝ վախի կամ դրան բերող մտքերի
  • Շփման ժամանակ կենտրոնանալ զրուցակցի, այլ ոչ թե՝ սեփական անձի վրա:

Զրույցի ժամանակ անհրաժեշտ է.

  • Խոսել հստակ և բարձր
  • Նայել ունկնդրի աչքերին
  • Մարմինը թողնել ազատ և ինքնաբուխ
  • Բարձրաձայնել սեփական ցանկությունները, պահանջները և զգացմունքները՝ օգտագործելով ԵՍ դերանունը:
  • Ինչ-որ բան խնդրելիս ներողություն չհայցել:

10 խորհուրդ հոգեբանից.

  • Սիրեք և հարգեք ինքներդ Ձեզ
  • Պարբերաբար զգացեք այն դրական կերպարը, որը ցանկանում եք կերտել
  • Կենցաղային իրավիճակներում փոխեք ձեր վարքը
  • Գովեք Ձեզ ամենափոքր ձեռքբերման ժամանակ
  • Շատ շփվեք
  • Խուսափեք ինքնաքննադատությունից
  • Մի համեմատեք Ձեզ այն անսխալական իդեալի հետ, ում կերտել եք Ձեր պատկերացումներում
  • Մի կենտրոնացեք հնարավոր անհաջողությունների վրա, մեղքի զգացումն ու ինքնապախարակումն արդյունքի չեն հանգեցնի
  • Մի դրեք Ձեր առաջ գերպահանջներ
  • Ամեն օր Ձեր առաջ դրեք խնդիր և լուծեք այն Ձեր հնարավորության սահմաններում:

հոգեբան

Տեսանյութեր

Լրահոս