
Ջենիֆեր Լոպեսը՝ Սնուփ Դոգի փոխարեն․ կառավարությունն այսօր հաստատեց փոփոխությունը

Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունեց նաև 2023 թվականի օգոստոսի 11-ի N 1365-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին Կրթության, Գիտության, Մշակույթի և սպորտի նախարարության նախագիծը, որով, հաստատեց նաև «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծում «Snoop Dogg» բառերը «Ջենիֆեր Լոպես» բառերով փոխարինելու որոշումը։
Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) հայաստանյան մենահամերգը պետք է կայանար 2023 թվականի սեպտեմբերի 23-ին, սակայն այն հետաձգվեց։
ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներից այդ համերգին էր ուղղվել 2 մլրդ 318 մլն 596 հազար 800 դրամ՝ շուրջ 6 միլիոն դոլար։
Այս տարի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տեղեկացրեց՝ հայտնի ռեփեր Սնուպ Դոգը Հայաստանում նախատեսված, բայց այդպես էլ չկայացած համերգի համար ստացած հոնորարը վերադարձրել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը։
Այժմ, կարճ ասած, ստացվում է, որ Ջենիֆեր Լոպեսը Հայաստան է գալիս Սնուփ Դոգի փոխարեն՝ նույն գումարի շրջանակում։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է․ «․․․խնդիրները պայմանավորված են 2023 թվականի սեպտեմբեր ամսին Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված մեր հայրենակիցների բարոյահոգեբանական վիճակով, ինչը խոչընդոտ է հանդիսացել միջոցառման իրականացման համար: ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից Ծրագիրն իրականացնող «Դոպինգ Սփեյս» կազմակերպության հետ հետևողական քննարկումների արդյունքում, վերջինս ներկայացրել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման նոր ժամկետները և նոր Աստղի անունը:
Նախագիծը կիրականացվի 2025 թվականին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ համերգով հանդես կգա Ջենիֆեր Լոպեսը:
Ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարությունը 2023 թվականին «Դոպինգ Սփեյս» կազմակերպությանը հատկացրել է 2,318,596,8 հազ. դրամ (ներառյալ ԱԱՀ):
2025 թվականին իրականացվող միջոցառման համար «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ին հավելյալ ֆինանսավորում չի տրամադրվելու»։
Ջենիֆեր Լոպեսի համերգը Երևանում կկայանա օգոստոսի 3-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Երգչուհին Հայաստան է գալիս իր «UP ALL NIGHT» շրջագայության շրջանակում։