Բաժիններ՝

Լիբանանի նախագահը «Հեզբոլլահ»-ին և մյուս կուսակցություներին կոչ է արել զենքերը հանձնել բանակին

Լիբանանի կառավարությունը պետք է իրականացնի ոչ կառավարական կազմավորումների զինաթափումը ՝ լիբանանյան հողում պատերազմներին և արյունահեղությանը մեկընդմիշտ վերջ դնելու համար: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ջոզեֆ Աունը՝ երկրի զինված ուժերի ստեղծման 80-ամյակի առիթով հանդես գալով ուղերձով: 

«Ճշմարտության ժամը եկել է, և մենք չենք կարող բաց թողնել Լիբանանը կործանումից փրկելու հնարավորությունը, ուստի բոլոր կուսակցությունները, ներառյալ «Հեզբոլլահ», պետք է իրենց մոտ եղած զենքը հանձնեն լիբանանյան բանակին», – ընդգծել է գեներալ Աունը:

Նրա խոսքով՝ այդ քայլը կնպաստի ազգային ինքնիշխանության վերականգնմանը Լիբանանի ամբողջ տարածքի նկանմամբ:

Նա հայտնել է, որ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքի հետ վերջերս կայացած բանակցությունների ընթացքում պահանջել է Իսրայելի կողմից ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում օդում, ցամաքում և ծովում:

«Մենք կձգտենք հասնել իսրայելական զորքերի հետքաշման՝ մինչև միջազգայնորեն ճանաչված սահմաններ, ինչպես նաև գերիների ազատման», – նշել է նա:

 Աունը հույս է հայտնել, որ բարեկամ պետությունները կշարունակեն աջակցություն ցույց տալ Լիբանանի բանակին, որը տարեկան 1 միլիարդ դոլար գումարի օգնության կարիք ունի։

«Մենք այս աշնանը սպասում ենք դոնորների միջազգային խորհրդաժողովի անցկացմանը, որը նվիրված կլինի Լիբանանի հետպատերազմյան վերականգնմանը», – հայտնել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս