31 տարվա խմբագրությանը իշխանությունները հորդորել են հրատապ ձևով լքել տարածքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը «Aravot.am» կայքի խմբագիր Աննա Իսրայելյանից տեղեկացավ, որ Պետգույքի կառավարման կոմիտեն օրերս նամակով տեղեկացրել է, որ խմբագրությունը պետք է լքի Մամուլի շենքի տարածքը: 1994 թվականից «Առավոտի» խմբագրակազմը տեղակայված է եղել հենց այդ շենքում, որը կառուցվել է լրատվամիջոցների համար։ Խնդրի հետ կապված Armlur.am-ը զրուցել է կայքի խմբագիր Աննա Իսրայելյանի հետ:

Տիկին Իսրայելյա՛ն, ի՞նչ հիմնավորում է ներկայացրել իշխանությունը կամ պետական մարմինը «Առավոտ»-ը մամուլի շենքից հանելու համար։ Ձեր պայմանագիրը շենքի հետ դեռ ուժի մե՞ջ էր, թե՞ ժամկետն ավարտվել էր։

– Հիմնավորումն այն է, որ պայմանագրի ժամկետը լրացել է, 7 նոր պայմանագիր չեն ցանկանում կնքել մեզ հետ:
Քանի տարի է՝ հայտնի էր մտադրությունը, որ ցանկանում են խմբագրություններին հանել Մամուլի շենքից, աճուրդ լինի, ով որ հաղթի՝ վերադառնա:

Դուք պատկերացնում եք, չէ՞, ողջ խմբագրությունը՝ իր համակարգիչներով, գույքով, ամեն ինչով, մի անգամ դատարկում է տարածքը, հետո սպասում աճուրդին, ու եթե բախտները բերի՝ վերադառնում ու նորից սկսում կահավորումը եւ այլն: Այս «հանճարեղ» գաղափարն ուղղակի գլխացավանքի բուն է:

Ստեղծման օրվանից «Առավոտը» այս տարածքում է գործել: Օգոստոսի 2-ին «Առավոտը» կդառնա 31 տարեկան, ու ընդգծում եմ՝ 1994 թվականից միշտ գործել ենք այս տարածքում:

Մամուլի շենքը կառուցվել է խմբագրությունների համար՝ դեռ խորհրդային տարիներին: Այնպես չի, որ իրենք են կառուցել, առեւտրային տարածք է եղել, տրամադրել են, հիմա էլ հանում են:

Անցած տարիների բոլոր իշխանությունները խմբագրություններին անհատույց տրամադրել են այդ տարածքները: Ես հիշում եմ՝ բողոքի ինչ ցույց եղավ, անգամ երբ խմբագրություններից մեկին մի հարկից մյուսն էին տեղափոխում:

-Իշխանությունները Ձեզ ժամանակ տրամադրե՞լ են տեղափոխման համար։ Ի՞նչ փաստաթղթեր կամ ծանուցումներ եք ստացել այս որոշման վերաբերյալ։

– Ոչ, ցավոք, մերժվել է մեր խնդրանքը մնալ այս տարածքում այնքան, ինչքան պետք կլինի նոր տարածք գտնելու համար: Խոսքը, բնականաբար, ողջամիտ ժամկետի մասին է: Գրագրությունը Պետգույքի կառավարման կոմիտեի հետ ես չեմ իրականացրել, այլ թերթի տնօրենը:

Բայց որքան հասկանում եմ, այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներին հայտնի դարձավ, որ մեզ դուրս են հանում ու հրապարակումներ եղան՝ գործընթացն ավելի արագացնելու ցանկություն կա:

-Ձեր կարծիքով, արդյոք այս որոշումը կապվա՞ծ է թերթի բովանդակության, քննադատական նյութերի կամ խմբագրական քաղաքականության հետ։

– Մամուլի շենքում առանց այն էլ շատ չեն այժմ գործող ԶԼՄ-ները: Ինչ-որ չեմ լսել, որ այլոց էլ րոպե առաջ դուրս գալու պահանջ ներկայացված լինի: Սա մտորելու տեղիք տալիս է: Բայց անկեղծորեն՝ չէի էլ ցանկացա, որ մեր գործընկերներին էլ անհանգստացնեն:

Սակայն առավել կարեւորն այս հարցն է: Մամուլի աջակցության բոլոր ծրագրերն անցած տարիներին զուտ խոսքեր են եղել: Ոչ մի բան չի իրականացվել, որը հօգուտ մամուլի անկախության կլիներ: Դուք չեք կարող վկայակոչել որեւէ նախաձեռնություն, որը կնպաստեր, որ լրատվամիջոցը սեփական միջոցներով, առանց որեւէ օժանդակության սպասելու՝ կարողանար գործունեություն ծավալել։ Բայց փոխարենը բազմաթիվ են սահմանափակելու, գովազդային և այլ եկամուտները կրճատելուն միտված նախաձեռնությունները: Աստիճանաբար նեղացվել է անկախ աղբյուրներից փող վաստակելու հնարավորությունը: Եվ ահա հիմա տարածքից էլ են հանում:

Ի՞նչ քայլեր եք պատրաստվում անել:

– Մենք ողբերգություն չենք համարում կատարվածը, շատ այլ խմբագրություններ են գործում Մամուլի շենքի տարածքից դուրս, մենք էլ կգտնենք: Հիմա որոնման փուլում ենք, տեսնենք՝ ինչ կստացվի: Ուղղակի կուզեինք, որ ստիպված չլինեինք այսքան հապշտապ իրականացնել այս ժամանակատար գործընթացը:

Տեսանյութեր

Լրահոս