«Կորով և շնորհ ցնորված աշխարհում» գիրքը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր և բացառիկ հավաստի վավերագրություն

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում, կայացավ կանադացի գրող Վենդի Էլիոթի «Կորով և շնորհ մարդասիրական աշխատանքները Թալասում Թուրքիա, 1908-1923» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Այն Հայոց ցեղասպանության վերաբերյալ նորահայտ փաստաթղթերի հիման վրա գրված փաստա-գեղարվեստական նոր վեպ է, որն անաչառ և ճշմարիտ տեղեկատվություն է պարունակում 100 և ավելի տարիներ առաջ տեղի ունեցած դեպքերի մասին, և որը հասցեագրված է թե՛լայն ընթերցողական շրջաններին, և թե՛ գիտական-մասնագիտական հանրույթին։

Հայոց հարցի շուրջ վաղեմի շրջաններից քննարկումներն ու տարամերժ կարծիքները, նաև Հայոց մեծ եղեռնի, դրան նախորդած և հաջորդած ժամանակաշրջաններում խնդրի արծարծումները ոչ միանշանակ կարծիքներ են ձևավորում լայն հանրության շրջանում, և այն, ինչ որպես «ցեղասպանություն» է ձևակերպվել 20-րդ դարի առաջին կեսին, այսօր դարձյալ կասկածի տակ է առնվում։ Եվ նման իրականության պայմաններում, երբ ժխտողականությունը նոր թափով գլուխ է բարձրացնում, երբ հայ ազգի ինքնության և պետականության հանդեպ հանցագործությունները, ոտնձգությունները, 21-րդ դարում անհնարին թվացող, բայց իրականացվող տեղահանություններն ու հայրենազրկումը, անհամաչափ ուժի կիրառումն ու մեծ տերությունների լուռ համաձայնությամբ իրականացվող՝ մարդկության հանդեպ հանցանքներն ակնհայտորեն հիշեցնում են շուրջ մեկ դար առաջ ստեղծված իրավիճակը, նոր վավերագրերի և հավաստի վկայությունների հայտնությունը չափազանց կարևոր է թե՛ հայագիտության ու ցեղասպանագիտության առումով, և թե՛ հանրային հիշողությունը թարմացնելու տեսակետից։

Պարզ և մատչելի լեզվով շարադրված այս վավերագրական վեպը և՛ գիտական աշխատությունների, և՛ գեղարվեստական գործերի ստեղծման հարուստ նյութ է պարունակում։ Գիրքը կարող է նաև ծառայել իբրև դպրոցական դասընթացների հավելյալ ուսումնասիրության նյութ։

Կարդացեք նաև

Վենդի Էլիոթի «Կորով և շնորհ ցնորված աշխարհում» գրքում շարադրված փաստերի հավաստիությունը չի կարող կասկածի տակ առնվել պատմության ոչ մի զեղծարարի կողմից, նրանում ներկայացված մարդասիրական առաքելությամբ հանդես եկած անձինք և նրանց գործերը կարող են օրինակ հանդիսանալ բազում սերունդների համար, նրանց արածը հերոսագործություն էր դաժան և անմարդկայնության դարաշրջանում։

Այն, որ Կամո Մայիլյանը, թվում է՝ պատահաբար, Կանադայում հայտաբերել է օտարազգի միսիոներների՝ մինչ օրս անհայտ հուշագրություններն ու նամակագրությունը, գնահատում եմ՝ իբրև ի վերուստ նախանշված մեծ առաքելություն՝ դրանք հրապարակելու և աշխարհին ներկայացնելու։ Տիտանական գործ է արել նաև գրքի հեղինակը՝ ծանոթանալով հսկայածավալ նյութին, համակարգելով հարյուրավոր աղբյուրներից քաղված տեղեկատվությունը, համադրելով հայթայթած նյութերը և անաչառ կերպով ու գեղարվեստագետի ճաշակով դրանք շարադրելով և հյուսելով իր պատումը։

Թե ինչպես են 20-րդ դարասկզբին միսիոներական առաքելությամբ Թուրքիայում գործած անձանց՝ մինչ այս անհայտ մնացած, իրենց ազգականներին պահ տրված արխիվային նյութերը վստահվել Կամո Մայիլյանին, և թե ինչպես է ծնվել այս գիրքը գրելու գաղափարը, պատմվում է գրքի առաջաբանում։

Գրքի թարգմանիչ Կամո Մայիլյանը (նշենք՝ ինքն է իր սեփական միջոցներով հրատարակել գրքի հայերեն տարբերակը) հիշում է․

«Վենդի Էլիոթի հետ ծանոթացել եմ 2009 թվականին իմ հայրենիքում` Հայաստանում: Մտքովս էլ չէր կարող անցնել, որ տարիներ անց հիմնական բնակություն հաստատելու նպատակով ընտանիքիս հետ կմեկնենք Կանադա, և, որ Վենդիի հետ մեր ծանոթությունը կվերածվի համագործակցության՝ 20-րդ դարասկզբին կրակի բովում հայտնված միսիոներների փոքրիկ խմբի խիզախության և առասպելական գործերի պատմությունը հանրությանը ներկայացնելու շնորհակալ գործը ձեռնարկելիս:

Կանադայում բնակություն հաստատելն առիթ դարձավ խիստ պատահականորեն հայտնաբերելու մարդասիրական առաքելություն իրականացրած միսիոներների՝ մեկ դարից ավելի անհայտ մնացած և, բարեբախտաբար, պահպանված հուշապատում-վավերագրերը։ Գուցե նախախնամության ձեռքն էր, որ Տորոնտոյի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկից տեղեկացա մինչ այդ մարդկությանը, մասնավորապես՝ հայությանն անհայտ միսիոներների մասին։ Նա տեղի եկեղեցիներից մեկում հանդիպել էր տարեց ամուսինների, որոնք, իմանալով, որ ինքը հայ է, տեղեկացրել էին, որ իրենց մորաքույրը ժամանակին միսիոներ է եղել Օսմանյան կայսրությունում և 3000 որբերի կյանք է փրկել:

Այդ պատմությունն աչքաթող անել չէի կարող և անմիջապես այցելեցի Նենսի և Էրիկ Մուրերին։ Նրանք հոժարակամ պատմեցին միսիոներ Սյուզան Վելթի Օրվիսի պատմությունը և իրենց ընտանեկան արխիվներից լուսանկարներ ցուցադրեցին: Իհարկե, ձեռնամուխ եղա միսիոների անձնվեր գործերի վերաբերյալ ակնարկ շարադրելուն։ Խնդրեցի Վենդիին խմբագրել ակնարկիս անգլերեն տարբերակը: Թեման նրան հետաքրքրեց, ինքն էլ լրացուցիչ հետազոտություն արեց և հոդվածում իր զգալի ներդրումն ունեցավ, ուստի դարձանք աշխատասիրության համահեղինակ։ Հենց այդ հոդվածն էր, որ հետագայում դարձավ այս գրքի գաղափարի և կառույցի «անկյունաքարը»:

Մեր միասնաբար հեղինակած հոդվածը հրապարակվեց Բոստոնում լույս տեսնող անգլալեզու «Armenian Weekly» շաբաթաթերթում։ Կարճ ժամանակ անց խմբագրության հետ կապ հաստատեց միսիոներ Սյուզան Օրվիսի բարեկամուհի Ջուլիա Անն Օրվիսը, որը ցանկություն հայտնեց զրուցելու ինձ հետ: Իհարկե, մեծ ցնծությամբ ընդունեցի այդ լուրը, և մեր առաջին հեռախոսազրույցին հայտնեց, որ իրենց տանն է պահվում միսիոներ Սյուզան Օրվիսի արխիվային փաստաթղթերով լի մի հսկա արկղ։ Շատ զարմացա՝ տեղեկանալով, որ նախորդիվ Ջուլիան քանիցս դիմել է մի քանի գրողների և հետազոտողների, սակայն ոչ ոք ցանկություն չի հայտնել ձեռքն առնելու այդ թանկարժեք բնօրինակ փաստաթղթերը: Երբ ԱՄՆ Վիսկոնսին նահանգ այցիս Ջուլիա Օրվիսի տանն առաջին անգամ տեսա բնօրինակ փաստաթղթերով լեցուն հսկա արկղը, այն զգացումն ունեցա, ասես ոսկու հանք էի հայտնաբերել։

Հրճվանքս անչափ էր շուրջ 450 բնօրինակ նամակներ, լուսանկարներ, այլ փաստաթղթեր՝ ներառյալ մանկատան սաների պատմություններ՝ ո՛վ որտեղի՛ց էր եկել, ինչպե՛ս են հայտնվել որբանոցում: Ես հայ եմ, և ինձ համար դա մի անգին գտածո էր` իմ ազգի պատմության փշրված խճանկարից բացակայող մի կարևոր կտոր: Արկղում խնամքով դասավորված ծրարներից մեկին գրված էր. «Շատ արժեքավոր է: Այն փաստագրություններ է պարունակում 1914-1918 թթ. Առաջին աշխարհամարտի տարիներին Թուրքիայի Թալասի քրիստոնյաների տառապանքների, հավատքի և հավատարմության վերաբերյալ: Պահե՛լ այն: Ս.Վ.Օ. (S.W.O.)»: Այդ ծրարը փակվելուց անցել էր շուրջ հարյուր տարի, և Օրվիսի ազգակիցները կատարել էին իր խնդրանքը: Սակայն այժմ, երբ ես ձեռքս էի առել այդ ծրարը, ժամանակն էր այն բացելու։ Գիտակցում էի, որ կարևոր առաքելություն ունեմ, և դա այդ արխիվներում պարփակված ճշմարտությունը լայն հանրությանը ներկայացնելն էր։

Մի ամբողջ օր ու գիշեր լուսանկարեցի բոլոր արխիվային փաստաթղթերը՝ մտորելով, թե հաջորդիվ ո՛նց պիտի տնօրինեմ դրանց «ճակատագիրը»:

Որոշել էի Վենդիի վստահելի ձեռքը հանձնել։ Անհրաժեշտ էր այդ նյութերի հիման վրա բարձրարժեք շարադրանք կառուցել։ Վենդին գրողական փորձ ուներ, խորը հետազոտող էր, և, որ պակաս կարևոր չէ, ուներ այն հոգեկերտվածքն ու խորազննությունը, որ կարող էր նվիրվել և հասնել ակնկալվող արդյունքին։ Եթե ծնված լիներ 20-րդ դարասկզբին, գուցե թե երկրորդ Սյուզան Օրվիսը լիներ՝ մտորում էի Վիսկոնսինից վերադարձին։ Վենդին միջազգային զարգացման ծրագրի շրջանակներում բազմիցս եղել էր Հայաստանում, իր աշխատանքային վայրերից մեկն էլ եղել էր Գյումրին (նախկին Ալեքսանդրոպոլը), որտեղ ժամանակին Սյուզանն օգնել էր մանկատուն և փախստականների օգնության կենտրոն հիմնելուն և զարգացնելուն: Ե՛վ Սյուզանը, և՛ Վենդին իրենց գործունեության բուռն ընթացքին որոշել էին բարձրագույն կրթություն և մագիստրոսի աստիճանի դիպլոմ ստանալ, Սյուզանը՝ կրոնական ուսմունքների, իսկ Վենդին՝ հեռակա կրթության բնագավառներում:

Սյուզանը դասավանդել է Թալասի նախակրթական և միջնակարգ դպրոցներում, իսկ Վենդին՝ Կանադայի Օնտարիո նահանգի քոլեջում: Ինձ համար երկուսն էլ մարմնավորում էին կամային, անկախ, սրտացավ կանանց կերպարներ, որոնք ջանք ու եռանդ չէին խնայել՝ աշխարհում դրական փոփոխությունների հասնելու համար: Նույնիսկ նրանց ծննդյան օրերն էին համընկնում: Ես իմ որոշումն արդեն կայացրել էի. Վենդին պետք է լիներ այն անձը, որն աշխարհին լավագույնս կներկայացներ մեծ նվիրյալի պատմությունը:

Բայց գիրք գրելու առաջարկս սկզբում կտրուկ մերժվեց։ Դա հսկայական ժամանակ և ջանքեր էր պահանջելու, իսկ ինքը, ինչպես պատճառաբանում էր, բավարար կիրք ու հետաքրքրություն չուներ սույն թեմայի շուրջ։ Իսկ առանց դրանց՝ այս թեմային դիպչել չէր կարելի։ Բայց ձեռքիս ևս մի հզոր «խաղաքարտ» ունեի։ Մինչ այդ Հարվարդի համալսարանի «Հաֆթոն» գրադարանից ձեռք էի բերել Սյուզան Օրվիսի ձեռագիր գրքի պատճենը, որում հեղինակը պատմում է 1917-ի ռուսական հեղափոխության ժամանակահատվածում Սիբիրով կատարած իր սարսափազդու ուղևորության մասին, և, թե ինչպես հետագայում իր և մի խումբ այլ միսիոներների խիզախման շնորհիվ հաջողվել է Գյումրիում մանկատուն բացել: Գրքի պատճենը թողեցի Վենդիի աշխատասեղանին՝ հավաստիացնելով, որ այն ընթերցելուց հետո այլ կարծիքի կհանգի։ Հնարքս ազդեցիկ էր․ Սյուզան Օրվիսի բացառիկ անհատականությունը, իրատեսական աշխարհայացքը, նաև արկածները, որ մանրակրկիտ շարադրել էր՝ համոզված, որ ինչ-որ մեկն ինչ-որ ժամանակ գրքի կվերածի, գրավեցին Վենդիին, և նա լծվեց հետազոտական աշխատանքներին, ապա և՝ գրքի ստեղծմանը։

Դրա համար պահանջվեց չորս տարի։ Արդյունքում՝ ունենք Օրվիսի և Թալասում իր գործընկերների պատմությունը, որ զարգանում է Օսմանյան կայսրության կործանման և դրան հաջորդած սարսափազդու և ողբերգությամբ լի տարիներին։ Գիրքը ոչ միայն ցեղասպանության դաժանությանը հակադարձվող՝ անհատների անհավանական չափերի հասնող մարդասիրության օրինակներ է պարունակում, այլ նաև թանկ վկայագրությունն է ճշմարտության և այն դատի համար, որին հետամուտ է իմ ժողովուրդը»,- պատմեց Կամո Մայիլյանը։

«Այս գիրքը Հայոց ցեղասպանությանը հանգեցրած իրադարձությունների, ինչպես նաև՝ անհավանական, դժոխային պայմանների դեմ պայքարելու՝ օտարազգի միսիոներների հերոսական ջանքերի վերաբերյալ անհավանական, մանրամասն փաստագրություն է,- գրել է կինոգործիչ Ատոմ Էգոյանը։ –Մանրակրկիտ և սպառիչ հետազոտության արդյունքում հեղինակն ի ցույց է դրել այնպիսի տեսարաններ, որ այդ ժամանակաշրջանին քաջատեղյակ ամենագետ ընթերցողներն անգամ բազում նորություններ կբացահայտեն»:

«Այս վավերագրությունը պետք է պարտադիր ընթերցեն այն մարդիկ, ովքեր ձգտում են հասկանալ, թե քաոսի և ցնցումների պայմաններում փոփոխություն կատարելու համար ի՛նչ զոհաբերություններ են պահանջվում»,- կարծիք է հայտնել «Կարմիր խաչի և Կարմիր մահիկի» միջազգային շարժման պատվավոր գլխավոր քարտուղար Ջորջ Վեբերը։

Ի հաստատում այս և նման կարծիքների, Կ․ Մայիլյանը գրքի շնորհանդեսին մի քանի կարճ մեջբերումներ ընթերցեց։

Ահա մեկը․

«․․․Ստեղծվել էր մի կազմակերպություն, որը կոչվում էր «Հատուկ կազմակերպություն»։ Այն իր վրա էր վերցրել կանոնավոր և անկանոն զինված խմբավորումների հավաքագրումն ու դրանց մասնակցության ապահովումը ռազմական և այլ հարակից գործողություններին։ Սա կազմակերպություն էր, որը պաշտոնական բանակի և ոստիկանության կազմից դուրս էր գործում։ Այն բաղկացած էր ավելի քան 30.000 պատեհապաշտ խուժանից, բանտերից հատուկ հրամանագրով ազատ արձակված՝ ծանր հանցագործություն գործած դատապարտյալներից։ Միսիոներ Ֆրեդ Մակ-Քալըմն այդ առնչությամբ գրում էր արխիվային նամակներից մեկում «Ես Կոստանդնուպոլսում տեսա հարյուրավոր տղամարդկանց, որոնք հատուկ համազգեստ էին կրում և մասնակցում էին զորահավաքների, ինչպես ես եմ հասկանում՝ ռազմական ծառայության անցնելու նպատակով։ Ես հարցրեցի, և պատասխանեցին, որ վերջիններս ցմահ ազատազրկված բանտարկյալներ են, սակայն բանտերից ազատ են արձակվել, որոշ չափով ռազմական ուսուցում ստացել, այնուհետև նրանց ուղարկել են՝ հայերի հարցը լուծելու»։

Գրքի վերաբերյալ ևս մի կարծիք՝ Կանադայի Թագավորական ռազմական քոլեջի պատվավոր դասախոս, «Հայոց ցեղասպանություն. կարևոր տեղեկատու ուղեցույց» հանրագիտարանի խմբագիր, գրող Ալան Ուայթհորնից

«Սա Օսմանյան կայսրության Թալասի շրջանում պատերազմական իրադարձությունների և ցեղասպանության վերաբերյալ հետաքրքիր և սկզբնաղբյուրների վրա հիմնված փաստագրություն է, որը փոխկապակցված ներկայացնում է հեղափոխության փոթորկոտ տարիների մասնավոր դեպքերն ու ընդհանուր պատմության փաստերը: Մարդասիրական օգնության առաքելություններն ու իրենց ամերիկացի, կանադացի ներկայացուցիչները հայերի և հույների ահասարսուռ զանգվածային տեղահանումների և կոտորածների հիմնական օտարազգի ականատեսներից էին և հերոսական օգնություն են տրամադրել անհամար փախստականների և որբերի»:

Գիրքն ընթերցվում է մի շնչով։ Ինչպես Կամո Մայիլյանն է նկատում, «Կորով և շնորհ ցնորված աշխարհում» գրքի խորագիրը դիպուկ արտացոլում է այն բարձրագույն արժեքները, որոնցով այս միսիոներներն առաջնորդվել են խառնակ իրադարձությունների խավարչտին ժամանակաշրջանում: Նա գրքի առաջաբանում գրում է․

«Սա մի պատմություն է, որն անպայման պետք է կարդալ` հասկանալու համար, թե ինչի՛ կարող են հանգեցնել կառավարողների փչացածության հանդեպ աչքակապությունը, մարդկային տառապանքների հանդեպ անտարբերությունը, կեղծ լուրերն իրականության տեղ ընդունելը, մարդկանց մի տեսակին «սևացնելու» և մի այլ տեսակով ահաբեկելու քաղաքականությունը։ Եվ վերջապես, այս ամենի արդյունքում կարելի է բացահայտել, թե ի՛նչը հանգեցրեց այդչափ մեծածավալ վայրագությունների և ցեղասպանության: Նույնը տեղի է ունենում մեր օրերում և վաղը ևս տեղի կունենա, եթե մենք պատմությունից դասեր չքաղենք: Այս գիրքը կարևոր քայլ է այդ նպատակին հասնելու ուղղությամբ»։

Գրքի շնորհանդեսին խոսք ասաց նաև Հայաստան ժամանած Ջուլիա Անն Օրվիսը, որը Սյուզան Վելթի Օրվիսի անձնական և Միջին Արևելքի Նպաստամատույցի արխիվները նվիրաբերել է Մատենադարանին։ Նա խոստովանեց, որ շատ երկար ընթացք իր գերդաստանը չի պատկերացրել, թե ինչ արժեքավոր արխիվներ են իրենց պահ տրված։ Նա հույս հայտնեց, որ իր նվիրած արխիվը լուրջ գիտական ուսումնասիրությունների նյութ կդառնա։ Մատենադարանի՝ գիտական գծով փոխտնօրեն Վահե Թորոսյանը, բարձր գնահատելով այդ և նման նվիրատվությունների արժեքն ու նշանակությունը, հավաստեց, որ հետայսու այդ նյութերը մատչելի են թե՛ հանրության, և թե՛ գիտական շրջանակների համար։ Նա Ջ․ Օրվիսին «Երախտագիտության մեդալ» շնորհեց՝ Մատենադարանի հավաքածուն հույժ կարևոր վավերագրերով հարստացնելու համար։

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս