
«Ադրբեջանը թող մեր գյուղում մեկ ադրբեջանցու գերեզմանոց փնտրի, գտնի՝ չի՛ գտնելու, ով մահանում էր, տանում էին, Ադրբեջանում էին հուղարկավորում, ասում էին՝ մեր հողում կհուղարկավորենք, հիմա էլ ասում են՝ «Արցախն ադրբեջանական հող է»»

Արցախի Հանրապետության համայնքի ղեկավարները, մշակույթի նախարարության ներկայացուցիչները, հուշարձանների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպության անդամները չեն հավատում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում սկսված հրդեհը բնածին է։ Նրանք կարծում են՝ Ադրբեջանը դիտմամբ է հրդեհում Արցախի ողջ տարածքը՝ հայկական հետքը ոչնչացնելու համար։
Արցախի Հանարապետության Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի մեծ մասը, նույնիսկ տների հատվածները հայտնվել են հրդեհի ճիրաններում։
Նախիջևանիկի գյուղապետ Սևակ Պետրոսյանը հիշում է, որ նախկինում նման հրդեհներ երբեք գյուղում չեն եղել, եղել են փոքր հրդեհներ ցորենի դաշտերում, երբ մարդիկ իրենց ցորենը հավաքում էին, արտերը հրդեհում էին։
«Դրանք փոքր հրդեհներ էին ու երբեք չէին հասնում գյուղին, բայց հիմա տեսնում ենք, որ գյուղում հրդեհ է, դիտավորյալ են արել։
Ինձ համար կարևորը մեր գերեզմանոցներն են, որ հրդեհը չհասնի այդ տարածքներին։ Գյուղում սրբատեղի ունենք, որը, չեմ կարծում, թե հրդեհից հետո ոչնչանա։ Գյուղում ունենք նաև 2 հուշարձան՝ Արցախի և Հայրենական պատերազմի նահատակներին նվիրված, 2023 թվականից այս կողմ մենք չգիտենք՝ այդ հուշարձանները ոչնչացրե՞լ են, թե՞ թողել են, եթե ոչնչացված էլ չլինեն, ապա հրդեհի հետևանքով կոչնչանան»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Նախիջևանիկի գյուղապետը։
Հրդեհը հասել է նաև Ասկերանի շրջանի Շոշ գյուղ։ Թե ինչ վնասներ է հասցրել, ինչ հատված է ընդգրկել գյուղի տարածքից՝ Շոշի գյուղապետ Էրիկ Աբրահամյանը տեղյակ չէ, բայց վստահ է՝ և՛ այս հրդեհով, և՛ հուշարձաններն ու պատմությունը խեղաթյուրելով՝ Ադրբեջանը փորձում է վերացնել Արցախում հայկական հետքը։
«Հնարավոր է՝ Խորհրդային Միության ժամանակ մեր գյուղում եղել է ամենաշատը 4 ընտանիք, նրանք անասնապահ են եղել՝ կոլխոզի անասուններին իրենք էին պահում։ Չնայած նրանք մի 10-20 տարի ապրել են գյուղում, անասուններին պահել, բայց մեր կոլխոզի նախկին նախագահն ադրբեջանցիներին տարածք չի տվել, որպեսզի տուն կառուցեն, չնայած նրանք ամեն օր բողոքել ու հայերից տուն կառուցելու համար տարածք են պահանջել։
Իրենք անասուն պահելու նպատակով են եկել, ապրել են «օբաներում», մենք այդպես էինք անվանում։
Ադրբեջանը թող մեր գյուղում փնտրի ու մեկ ադրբեջանցու գերեզմանոց գտնի՝ չի՛ գտնելու, ով մահանում էր, տանում էին Ադրբեջանում էին հուղարկավորում, ասում էին՝ մեր հողում կհուղարկավորենք, հիմա էլ ասում են՝ «Արցախն ադրբեջանական հող է»»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Էրիկ Աբրահամյանը։
Ըստ մեր զրուցակցի, Ադրբեջանը որոշել է հրդեհի միջոցով ոչնչացնել այն ամենը, ինչ մնացել է 2020 թվականից հետո։ Շոշում Արցախի և Հայրենական պատերազմների հերոսներին նվիրված 4 հուշարձան կար, հիմա դրանցից որևէ մեկի հետքն անգամ չկա՝ Ադրբեջանը բոլորը քանդել ու ոչնչացրել է։
«Տեսել ենք, որ հուշարձանները չկան, քանի որ ադրբեջանական կողմից տեսանյութեր էին տարածվում մեր գյուղից, հուշարձանները չկային, հավասարեցված են հողին։ Գյուղում 2 եկեղեցի ունեինք, դրանցից մեկն էլ վերանորոգել էր Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, այդ եկեղեցին գործող էր։ Մյուս եկեղեցին շատ հին եկեղեցի էր, վերանորոգման աշխատանքների համար մեծ ֆինանսական միջոցներ էին պահանջվում, դրա համար վերանորոգումն անընդհատ ձգձգվում էր։
Մեր գյուղի գերեզմանոցում տեղ ունեինք, որ 90-ականների պատերազմում զոհված մեր 13 տղաներին մեկ վայրում էինք հուղարկավորել։ Այստեղ մեծ համալիր էինք սարքել՝ ի նշան երախտիքի. հիմա չգիտենք՝ այդ վայրը քանդե՞լ են, թե՞ ոչ, որևէ տեսանյութ ադրբեջանական կողմից չեն տարածել։ Բայց վստահ ենք, որտեղ մի քար ու նկար են տեսնում՝ վրան զինվոր պատկերված, ոչնչացնում են, կռիվ են տալիս քարի հետ։ Վանդալիզմ է»,- հավելեց մեր զրուցակիցը։
Էրիկ Աբրահամյանն ասում է՝ աշխատում է գյուղի բնակիչներին համախմբված պահել, այնպես է արել, որ բնակիչները՝ թեկուզ համացանցով, միմյանց հետ կապը պահեն, իմանան, թե ով որտեղ է բնակվում, ինչ խնդիր ունի։
«Ես նույնիսկ ասել եմ, որ եթե կա մարդ, որը «097» կոդով հեռախոսահամարը փոխել է, թող կապ պահեն իմ կամ գյուղապետարանի մեկ այլ աշխատակցի հետ, որպեսզի իրենց գտնվելու վայրի մասին իմանանք։ Մեղրիից սկսած՝ մինչև Տավուշ, մեր բնակիչները ցրված են։ Ամեն մեկն իր խնդիրն ունի, ինչպես ցանկացած արցախցի ու հայ։ Եղել են բնակիչներ, որոնք Հայաստանից գնացել են արտերկիր, երևի բնակչության 30 տոկոսը։
Եթե այս պահին էլ Արցախ վերադառնալու հնարավորություն լինի, առաջիններից մեկը ես կգնամ, բայց ոչ Ադրբեջանի դրոշի տակ ապրելու։ Մեր գյուղի բնակիչների 90 տոկոսը կվերադառնա։ Վերադառնալուց հետո՝ մենակ մեր զոհերին չենք կարողանա հետ բերել, մեր տներն էլ կսարքենք, այգին էլ կմաշենք, փողոցներն էլ կնորոգենք, զրոյից ամեն ինչ կանենք։ Կրկնում եմ՝ ամեն ինչ նորից կանենք, բայց ոչ Ադրբեջանի դրոշի տակ»,- ընդգծեց Էրիկ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության մշակույթի նախարարությունն ահազանգել էր, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում բռնկված հրդեհների հետևանքով վտանգված է շուրջ 100 պատմամշակութային հուշարձան։
Կրակի տարածման գոտում են հայտնվել Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը, Ամարասի վանական համալիրը, ինչպես նաև Թալիշ համայնքի շրջակայքում և մի շարք այլ բնակավայրերում գտնվող նշանակալի հուշարձաններ։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետությունը հայաթափվեց 2023 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ցեղասպանության սպառնալիքի տակ հայությանը ստիպեց լքել իրենց տները։